ԽՈՐԵՆ Ա ՄՈՒՐԱԴԲԵԿՅԱՆ. ավազանի անունը՝ Ալեքսանդր Հովհաննեսի Մուրադբեկյան, Տփղիսեցի: Ծնվել է 1873-ի դեկտեմբերի 8-ին, Թիֆլիս, մահացել է 1938-ի ապրիլի 6-ին, Էջմիածին, ամփոփվել է նախ Սուրբ Գայանե եկեղեցու գավթում, ապա՝ 1996-ի սեպտեմբերին աճյունը տեղափոխվել է Էջմիածնի Մայր տաճարի բակը: Ամենայն հայոց կաթողիկոս 1932-ից: Հաջորդել է Գևորգ Ե Սուրենյանցին: 1892-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա ուսումը շարունակել Շվեյցարիայի համալսարաններում: 1897-ին Ներսիսյան դպրոցում նշանակվել է երգի ուսուցիչ: 1901-ին ձեռնադրվել է սարկավագ, նույն թվի դեկտեմբերին՝ աբեղա և նշանակվել Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) եկեղեցիների բարեկարգիչ: 1902-ին ձեռնադրվել է վարդապետ:
1903-ի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ (տե՛ս Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903), ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Օրյոլ քաղաք: 1905-ին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ:
1907-ի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ: 1909-ի դեկտեմբեր ձեռնադրվել է եպիսկոպոս: Առաջին համաշխարային պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը: 1917-ին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը: 1919-ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև:
1920-ին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը: Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հյուսիսային Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արքեպիսկոպոս Տեր-Հովհաննիսյանի: 1920-ի դեկտեմբերի 11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ:
1923-ի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող: Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ: Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–1932-ին ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1932-ի նոյեմբերի 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Խորեն Ա Մուրադբեկյան պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդական իշխանությունների՝ հայ հոգևորականներին բռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ: Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով: Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Հայ եկեղեցու շուրջ համախմբելու համար: Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայկական թարգմանության 1500-ամյակին նվիրված հանդիսություններ: Խորեն Ա Մուրադբեկյանին պետանվտանգության ծպտյալ գործակալները խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում:
Կաթողիկոսական աթոռին Խորեն Ա Մուրադբեկյանին հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը:
Ստեփան Ստեփանյանց
Աղբյուրը՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002, էջ 444 – 445:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am