Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խորհուրդներ եկեղեցական

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ. հավատքով ընկալված աստվածային անտեսանելի շնորհների ստացման տեսանելի նշաններ՝ արտահայտված արտաքին ծեսի, աստվածապաշտական արարողությունների միջոցով: Խորհուրդներով, ինչպես և մյուս ծեսերով ու արարողություններով, եկեղեցին իրագործում է իր փրկագործական առաքելությունը. անհատը դառնում է եկեղեցու իսկական և միակից անդամ և հաղորդակցվում Հիսուս Քրիստոսի հետ:

Աստվածաբանական ձևակերպմամբ՝ խորհուրդները եկեղեցական այն արարողություններն են, որոնց միջոցով հավատացյալն ընդունում է Սուրբ Հոգու շնորհները, տեսանելի գործողությունների, խոսքերի և անձերի (խորհուրդների մատակարարում) միջոցով հարաբերության մեջ մտնում գաղտնի ու անտեսանելի երևույթների, հոգևոր ուժերի և կարողությունների հետ:

Առաջին անգամ խորհուրդ բառի իմաստը ներկայիս ըմբռնմամբ ձևակերպել է 4-5-րդ դարին աստվածաբան Օգոստինոս Երանելին՝ որպես «տեսանելի նշան անտեսանելի շնորհքի»:

Նոր կտակարանում խորհուրդ բառը հիշվում է իր նախնական իմաստով և նշանակում է ծածկված, վարագուրված, գաղտնիք: Պողոս առաքյալը խորհուրդ բառը գործածել է անցյալում անծանոթ մնացած ու հետո Ավետարանով հայտնված ճշմարտությունը ցույց տալու (Կողոս. 1.26–27), երբեմն էլ՝ երևույթի թաքուն իմաստը մատնանշելու համար. «Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ» (Եփես. 5.32): Պողոս առաքյալն այս իմաստով է հաճախ գործածել խորհուրդ բառը, երբ ասել է՝ «Ավետարանի խորհուրդը», «Քրիստոսի խաչի խորհուրդը», «Քրիստոսի խորհուրդը», «մարդեղության խորհուրդը» և այլն: Աստվածաշնչում գործածված խորհուրդ բառը երբեք չի համապատասխանել իր այսօրվա նշանակությանը:

Եկեղեցու սուրբ հայրերի տնօրինությամբ խորհուրդը քրիստոնեական մասնավոր նշանակություն է ստացել՝ ցույց տալով քրիստոնեական արարողությունների արտաքին ձևի մեջ թաքնված միտքը և խորհրդավոր ներգործությունը, որոնց միջոցով հավատացյալ քրիստոնյան ընդունում է աստվածային շնորհներ:

Հայ եկեղեցին [ինչպես և Կաթոլիկ և Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիները] ունի յոթ խորհուրդ. Մկրտություն, Դրոշմ, Ապաշխարություն, Հաղորդություն, Պսակ և Ամուսնություն, Ձեռնադրություն, Կարգ հիվանդաց

և վերջին օծում: Անգլիկան եկեղեցին ևս ընդունում է այս յոթ խորհուրդները, բայց տարբերվում է իր մեկնաբանություններով: Բողոքական եկեղեցիների մեծ մասը միայն երկու խորհուրդ է ընդունում (Մկրտությունը և Հաղորդությունը), մյուսները՝ երեք (նաև Ձեռնադրությունը):

Յուրաքանչյուր խորհուրդ ունի իր առանձին, էական նշանակությունը և ներքին բովանդակությունը: Մկրտությունը հավատքի խորհուրդն է, Դրոշմը՝ հույսի, Հաղորդությունը՝ սիրո և խաղաղության, Ապաշխարությունը՝ արդարության և մաքրության, Ձեռնադրությունը՝ հոգևոր կոչումի, շնորհի ու իմաստության ստացման, Պսակը՝ ողջախոհության և մաքուր կյանքի, Վերջին օծումը՝ հավիտենական կյանքի ժառանգության և հոգու փրկության: Անմիջականորեն Հիսուս Քրիստոսի հաստատած խորհուրդները երկուսն են՝ Մկրտությունը և Հաղորդությունը, իսկ մնացած հինգը, ունենալով սուրբգրային հիմք, միջին դարերից եկող ավանդության և եկեղեցու զարգացման արդյունք են: Դրանց վերջնական ձևավորումը վերագրվում է 12-րդ դարին եկեղեցական հայրերին: Այդ դարից սկսած Հայ եկեղեցին ևս որդեգրել է յոթ խորհուրդները:

Եկեղեցական խորհուրդների ծիսակատարությունները արտաքին, տեսանելի աստվածապաշտական արարողություններ են, որոնք հավատացյալին բերում են Սուրբ Հոգու հոգևոր, մտավոր ու բարոյական անտեսանելի շնորհները կամ հայտնված անըմբռնելի ճշմարտությունը:

Այսպես, Մկրտության ժամանակ մկրտվողի վերստին ծնունդով Աստծո որդեգիր դառնալը, Ապաշխարության ընթացքում ապաշխարողին մեղքերից արձակելը, Ձեռնադրությամբ կատարած շնորհաբաշխումը, սուրբ Պատարագի ընթացքում հացի և գինու փոխակերպումը Քրիստոսի մարմնի և արյան անտեսանելի են, սակայն ընկալվում են հավատքով և հավատքի միջոցով դառնում իմանալի ու զգալի:

Խորհուրդների մատակարարության համար անհրաժեշտ են երեք տարրեր.

1. զգալի նշան. այսպես են կոչվում խորհուրդների կատարման ընթացքում գործածվող նյութերը, օր., ջուրը՝ Մկրտության, սուրբ Մյուռոնը՝ Դրոշմի, հացը և գինին՝ Հաղորդության ժամանակ:

2. Աղոթք, որը սրբագործում է խորհուրդի զգալի նշանը:

Խորհրդակատարության ընթացքում երգվում են շարականներ, ընթերցվում աղոթքներ և Սուրբ Գրքից հատվածներ:

3. Օրինավոր պաշտոնյա. միայն ձեռնադրված հոգևորականն իրավունք ունի խորհուրդներ մատակարարելու:

Յոթ խորհուրդներից երեքը՝ Մկրտությունը, Դրոշմը և Ձեռնադրությունը, անկրկնելի են: Մնացած չորսը կրկնելի են՝ ըստ կանոնի և ըստ եկեղեցական ավանդության: Չորս խորհուրդները՝ Մկրտությունը, Դրոշմը, Հաղորդությունը և Ապաշխարությունը, պարտադիր են: Մնացած խորհուրդները թողնված են յուրաքանչյուր անհատի ազատ կամքին:

 

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002, էջ 446 – 447:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am