Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խոսրովիկ Թարգմանիչ

ԽՈՍՐՈՎԻԿ ԹԱՐԳՄԱՆԻՉ. Խոսրովիկ Հռետոր, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են: 8-րդ դարի առաջին կեսի մատենագիր, դավանաբան: Հովհաննես Գ Օձնեցի կաթողիկոսի գլխավորությամբ մասնակցել է Մանազկերտի եկեղեցական ժողովին (726): Խոսրովիկ Թարգմանիչի մատենագրական հիմնական ժառանգությունն են կազմում թվով 5 թղթեր, որոնք իրենց բովանդակությամբ մեկ ամբողջություն են՝ նվիրված դավանաբանական և ծիսական նույն խնդիրներին, և սերտորեն առնչվում են Մանազկերտի ժողովի հետ: Դավանաբանական վեճ մղելով Հայ եկեղեցու գաղափարական հակառակորդների դեմ՝ հեղինակը քննադատել և մերժել է քաղկեդոնականությունը և ասորական եկեղեցու երկու ծայրահեղ՝ սևերյան և հուլիանոսական հերձվածները (տես Անապականություն), հանդես եկել որպես Հայ եկեղեցու դավանության ու ծեսերի ջատագով:

Առաջին թուղթն ուղղված է քաղկեդոնականության դեմ: Աստվածաբանական համակողմանի վերլուծումով հեղինակը վեր է հանել քաղկեդոնական դավանության էությունը և հաստատել Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը: Խոսրովիկ Թարգմանիչ հերքել է նաև իր օրերի մի նորաթուխ տեսություն, համաձայն որի, բնության միավորումը իրականացվում է առանց դեմքի և անձնավորության:

Երկրորդ և երրորդ թղթերը, որոնք բովանդակությամբ համերաշխվում են Հովհաննես Գ Օձնեցու «Ընդդէմ երեւութականաց» ճառին, Հուլիանոս Հալիկառնասցու հետևորդների վարդապետության աստվածաբանական հերքումն են: Խոսրովիկ Թարգմանիչ ժխտել է հուլիանոսականների ուսմունքը, որի համաձայն, Աստծո Բանը մարմնացել է ոչ թե մարդու մեղանչական, մահկանացու, այլ՝ Ադամի նախամեղանչական, անապական բնությունից: Պաշտպանել և հիմնավորել է քրիստոսաբանական այն մեկնակետը, որ մարդեղացումը կատարվել է ոչ թե Բանի և մարմնի սոսկական նույնացմամբըստ բնության մի բնություն», որ է՝ Բանի և մարմնի համագոյություն), այլ՝ «ըստ անճառ միավորության»: Ի հակակշիռ հուլիանական «ըստ բնության անչարչարելի և անմահ» տեսակետի, ինչպես նաև այն պնդման, թե տնօրինությամբ Քրիստոսի մարմինն անհաղորդ է մարդկային կրքերին, նա վավերացրել է Հայ եկեղեցու վարդապետական այն սկզբունքը, համաձայն որի, Տերունական մարմինը բնությամբ չարչարելի է, մահկանացու և լիովին հաղորդակից մեղքից զերծ մարդկային կրքերին, իսկ միավորված Բանով՝ Աստվածությամբ, անմեղ, անչարչարելի և անմահ է:

Չորրորդ թուղթն ուղղված է Անտիոքի Աթանաս պատրիարքին (724–740), որով  Խոսրովիկ Թարգմանիչը իրազեկ է պահում պատրիարքի ուղարկած եպիսկոպոսներից մեկի՝ Թեոդորոսի գաղափարներում Սևերոս Անտիոքացու վարդապետության առկայության մասին: Խոսրովիկ Թարգմանիչը բացահայտել է Թեոդորոսի դավանած գաղափարների հակասականությունը (Թեոդորոսն ընդունում է սուրբ Կույսի մեջ Աստծո Բանի միավորումը մարմնին, ուստի և մեկ միավորյալ բնություն ունենալը, միաժամանակ պնդում Քրիստոսի բնության երկփեղկվածությունը, այսինքն՝ մինչ Հարությունը ապականված, Հարությունից հետո՝ փառավորյալ և անապական):

Հինգերորդ թղթում Խոսրովիկ Թարգմանիչը անդրադարձել է Սևերոս Անտիոքացու և Հուլիանոս Հալիկառնասցու հերձվածների առաջացմանը, բնորոշել դրանց տեսական առանձնահատկությունները:

Այստեղ հեղինակը բերել է Հայ եկեղեցու պատմության համար կարևոր մի մանրամասն, ըստ որի, ասորական եկեղեցու այդ երկու հակամարտ կողմերը ձգտել են միավորվել սուրբ Գրիգոր Լուսավորչի անվամբ, այսինքն՝ միանալ Հայ եկեղեցուն: Հայ և Ասորի եկեղեցիների հարաբերության մասին խոսող այս փաստը յուրովի լրացվում է Պողոս Տարոնեցու հաղորդած այն տեղեկությամբ, որ «ասորիների մի մասը Լուսավորչի անունով Գրիգորիկ է կոչվում»: Խոսրովիկ Թարգմանիչից պահպանվել է նաև մի փոքրածավալ երկ, որը պատասխան է Անտիոքի հայրապետներից մեկի հարցումներին՝ կապված Ծննդյան տոնի կատարման հետ:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am