ԽՈՏԱԿԵՐԱՑ ՎԱՆՔ. Քարկոփի վանք, ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի մոտ, բարձրադիր վայրում: Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, 9-րդ դարի վերջին Սյունյաց Աշոտ իշխանը Հովհաննես եպիսկոպոսի հորդորով հիմնովին վերակառուցել է Խոտակերաց վանքի եկեղեցին (որը հայտնի էր իր հռչակավոր Խոտակերաց Սուրբ Նշանով), վերահաստատել վանքը, այնտեղ հավաքել շրջակայքի բուսակեր (խոտակեր) ճգնավորներին և Խոտակերաց վանքին որպես կալվածք նվիրել Արաստամուղ գ.: 11-րդ դարի սկզբին Աշոտ իշխանը մահացել է, սաստիկ երկրաշարժից քանդվել է Խոտակերաց վանքի եկեղեցին, և Աշոտի այրին՝ Շուշան իշխանուհին, ամուսնու հիշատակին 910-ին վերստին կառուցել է վանքի եկեղեցին՝ արմիցկից թաղածածկ գավթով: Աստվածածնին նվիրված եկեղեցու օծմանը ներկա է եղել կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին:

Կոպտատաշ բազալտով կառուցված եկեղեցին (այժմ՝ կիսավեր) ունի ներսից խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն գմբեթավոր հորինվածք, որը Սյունիքի ճարտարապետների ավանդն է հայկական եկեղեցիների այս տիպի ստեղծման գործում:

13-րդ դարի կեսին Խոտակերաց վանքը նորոգել է Սյունյաց Իշխանաց իշխան Սմբատը: 1300-ին իշխան Էաչի Պռոշյանը Խոտակերաց Սուրբ Նշանի համար պատրաստել է տվել արծաթե բարձրարվեստ և նրբաճաշակ դրվագումով պահարան: Երեսին, վերևում, քանդակված են քառակերպներով շրջապատված, գահին նստած Քրիստոսը և նրա երկու կողմերում՝ հրեշտակներ: Դռնակների վրա, աջից պատկերված է Գրիգոր Լուսավորիչը, ձախից՝ Հովհաննես Մկրտիչը, իսկ կողքերին՝ Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչը: Ներսում քանդակված են՝ ձախից Պողոս և աջից՝ Պետրոս առաքյալները, կենտրոնում՝ Էաչի Պռոշյանի կիսանդրին: Դռնակների ներսի երեսին պատկերված են՝ աջից Գաբրիել, ձախից՝ Միքայել հրեշտակապետները: Թանկարժեք քարերով զարդարված խաչի ոսկեզօծ դաշտը ծածկված է արմավենիների նրբագեղ քանդակներով: Խոտակերաց Սուրբ Նշանի պահարանը հայկական միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցներից է (այժմ գտնվում է Էջմիածնում):

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am