ԽՐԱՏ. միջնադարյան մատենագրության ժանր: Ի տարբերություն ճառի ու քարոզի, նախատեսվել է լայն լսարանի, հասարակության տարբեր խավերի համար: Բովանդակում է փաստական հարուստ նյութ միջնադարի մշակութային, տնտեսական կյանքի վերաբերյալ, իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայ եկեղեցու աստվածաբանական ժառանգության մեջ, ներկայացնում հոգևոր գրականության այն բնագավառը, որն առավելագույն ներդաշնակությամբ արտացոլում է բարոյական աստվածաբանության տեսական և գործնական սկզբունքները: Այս է պատճառը այն տևական հետաքրքրության, որ ցուցաբերել են Հայ եկեղեցու հայրերը խրատի նկատմամբ: Դա արտահայտվել է տակավին հայ դպրության արշալույսին, երբ Աստվածաշնչի հայացումը սկսվել է խրատական բովանդակություն ունեցող Առակաց գրքի թարգմանությամբ: Ավելի ուշ հայացվել են եկեղեցու հայրերի, Խիկար Իմաստունի խրատները, «Բանք իմաստնոց» ժողովածուները:

«Պիտոյից գրքի» թելադրանքով հայ միջնադարում խրատական գրականությունը բաժանվել է «յորդորական, հրաժարական, բացասական, պարզ, շարալծեալ, առավելահրաշ» տեսակների: Հովհաննես Երզնկացին (Պլուզ) դրանք միավորել է երեք հիմնական խմբերի մեջ՝ հորդորական (դրական), հրաժարական (բացասական), միջակային (այստեղ բարոյաբանությունը բացորոշ չէ): Խրատ ունի կանոնական, ընդհանրական, հորդորական, հոգեշահ, վանական-կրոնավորական, դավանական, ծիսական, գիտագործնական և այլ ուղղվածություն ու բովանդակություն: Կանոնական խրատում տիրապետող է պաշտոնական հրահանգը, իր ավարտական երանգ ունեցող խորհուրդը: Նպատակն է, ելնելով տեղական պայմաններից, ժողովրդին մատչելի լեզվով ներկայացնել եկեղեցու սահմանած կանոնական որոշումները (տես «Կանոնագիրք Հայոց»), պահպանել հասարակության ներդաշնակ համակեցությունըՆուաստ վարդապետ Յոհաննիսի Երզնկայեցւոյ խրատ հասարակաց քրիստոնէից, քահանայից եւ ժողովըրդոց...», «Խրատ կանոնական համառաւտ»):

Խրատականոնական բովանդակություն ունեն նաև Հովհաննես Երզնկացու (Պլուզ) «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը և «Կրկին կանոնք եւ խրատք տղայահասակ մանկանց աշխարհականաց» երկը, որոնց նպատակն է տնտեսական, բարոյական, հոգևոր փոխօգնության կանոնական պարտավորություններ հաստատել արհեստավորական, երիտասարդական կազմակերպությունների անդամների շրջանում:

Հորդորական, հոգեշահ խրատներն էապես կապված են միմյանց հետ: ԴրանքԵրանելւոյն Բարսղի Կեսարու հայրապետի ասացեալ վասն պահոց» (Մատենադարան, ձեռ. դ 4749, թերթեր 233ա–235բ), «Խրատք երանելւոյն Բարսղի վասն ապաշխարութեան» (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. դ 209, թերթեր 211 բ–223 ա), «Նեղոսի խրատ, որ ի բաց մերժեն յապականացուացն (Մատենադարան, ձեռ. դ 694, թերթ 47 բ), «Խոսրովու վարդապետի խրատական պատգամք յոյժ օգտակար եւ հոգեշահ»(տես «Հոգևոր կեանքի մասին», 1997), Հովհաննես Սարկավագի «Խրատ մանկանց», «Բանք խրատու» («Գանձասար», 2, 1992), Գրիգոր վարդապետի «Խոսք ճշմարիտ հավատքի և առաքինասեր վարքի մասին» (1992), «Գէորգեա Սկեւռացւոյ բան խրատու յաղագս խոստովանութեան» (Մատենադարան, ձեռ.դ 40, թերթեր 118ա–121բ), «Յովհաննիսի Գառնեցւոյ բան շահաւէտ եւ աւգտակար ամենայն մարդկան» (Մատենադարան, ձեռ. դ 941, թերթ 37ա), Հովհաննես Երզնկացու «Թուղթ առ իշխանս Եկեղեաց գաւառի», Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի «Խրատական թուղթը» և այլն] հորդորներ ու բարոյաբանական թելադրանքներ են աղոթքի, պահքի, Աստվածաշնչի տևական ընթերցանության, աստվածային պատվիրանների կատարման, խոնարհության, հոգևոր սթափության և քրիստոնեական այլ առաքինությունների վերաբերյալ:

Վանական-կրոնավորական խրատները [Եղիշեի «Բան խրատու յաղագս միանձանց», Հովհաննես Գառնեցու «Խրատ Կրաւնավորաց» («Սիոն», 1953) և այլն] բովանդակում են ներվանական կենցաղավարությունը կարգավորող ճգնակեցական հորդորներ ու ցուցումներ: Հովհաննես Գառնեցու հիշյալ երկում վանականներին թելադրվում է իրենց կենցաղը կազմակերպել համաձայն Հիսուս Քրիստոսի տնօրինական գործի. միջօրեի ծնրադրումն ու աղոթքը կատարել ի հիշատակ Տիրոջ խաչելության, հետմիջօրեի աղոթքը նվիրել Խաչի վրա Տիրոջ ՝ լեղի ու քացախ ընդունելուն, երեկոյան ժամի աղոթքը՝ Տիրոջ գերեզման իջնելուն և այլնՍիոն», 1953, էջ 318–321):

Դավանական խրատներում շարադրված են Հայ եկեղեցու ուղղափառ վարդապետության հիմնական սկզբունքները և քրիստոնեական հավատի ընդհանրական հիմունքները: Այս տեսակետից առավել ներկայանալի են Վարդան Այգեկցու այն խրատները, որոնցում խոսվում է Սուրբ Երրորդության մասին, հոգիների, նրանց ապրելակերպի, հանգստի մասին, ապա և դժոխքի, նրա չար ու դառը տանջանքների, Նեռի ծննդյան, գալիք դաժան ժամանակների ու նրա սատակման, կռապաշտության և կախարդության մասին և այլն:

Ծիսական խրխտներում բացատրվում է արարողության և նրա բնագրի աստվածաբանական, հոգևոր բովանդակությունը: Այդ ոլորտին են պատկանում Գևորգ Երզնկացու «Խրատ մկրտութեան», «Խրատ պսակի», Թովմա Մեծոփեցու «Խրատ ժամատեղեաց  կամ «Խրատ գիշերային պաշտաման» երկերը (Մատենադարան, ձեռ. դդ 2335, 7023): Գիտագործնական խրատները, ի տարբերություն նախորդների, որոնցում գերակշռում է բարոյական պատգամը, վերաբերում են գրչության արվեստի լեզվաքերակական տեսությանը: Այս բնույթի խրատները բովանդակում են ուղղագրական, կետադրական, վայելչագրական ցուցումներ ու հրահանգներ: Այդպիսիք են Գևորգ Սկևռացու, Գրիգոր Տաթևացու «Խրատ գրչութեան» ձեռնարկները (Մատենադարան, ձեռ. դ 267, թերթեր 418ա–455ա):

 

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002, էջ 446 – 447:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am