ԽԾԿՈՆՔԻ ՎԱՆՔ. Խծկունք, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Կարս քաղաքից հարավ-արևելք, Խծկոնից (կամ Տեկորի) գետակի ապառաժոտ ձորափին (այժմ՝ Թուրքիայի տարածքում): Հիմնադրվել է 10-րդ դարին:

Կազմված էր հինգ եկեղեցիներից, որոնցից Սուրբ Կարապետը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Աստվածածինը և Սուրբ Ստեփանոսը կառուցված էին միմյանց մոտ, իսկ Սուրբ Լուսավորիչը գտնվել է դրանցից 100 մետր արևելք: Խծկոնքի վանքի համալիրը ճարտարապետական և բնաշխարհի ներդաշնակման կատարյալ օրինակներից է:

Վանքի ամենահին՝ Սուրբ Կարապետ եկեղեցին (10-րդ դար) ունեցել է քառախորան, չորս ավանդատներով կենտրոնագմբեթ հորինվածք: Նրա արևմուտքի վերնաշեմին 1001-ին փորագրված են եղել սաղմոսից խոսքեր. «Այս դուռն Տեառն է և արդարք մտանեն ընդ սա»: Սուրբ Սարգիս եկեղեցին, ըստ Սամուել Անեցի պատմիչի (12-րդ դար) հիշատակության, 1027-ին կառուցել է իշխան Վեստ Սարգիսը: Ներքուստ՝ քառախորան, չորս ավանդատներով, արտաքուստ 20-նիստանի կենտրոնագմբեթ կառույց է՝ 12-նիստանի թմբուկով և հովանոցաձև վեղարով: Արտաքին ճակատները զարդարված են կամարաշարով: Եկեղեցին իր խոշոր չափերով, ուղղաձիգ հորինվածքով, արտաքին հարուստ հարդարանքով Խծկոնքի վանքի համալիրի գերիշխող կառույցն էր: Եկեղեցու հյուսիս կողմում եղել է խաչքար-կոթող՝ 1031-ի և 1216-ի արձանագրություններով (հիշատակվել է Զաքարե սպասալարի որդի Շահնշահի

կողմից վանքը նորոգելու փաստը): Համալիրի մնացած երեք եկեղեցիները՝ Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Աստվածածինը և Սուրբ Լուսավորիչը (11-րդ դար), ունեցել են նույն հորինվածքը՝ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև գմբեթավոր դահլիճներ:

1153-ին վանքը նորոգվել է: Սուրբ Ստեփանոս եկեղեցին շրջապատված է եղել Կեչրորի ճակատամարտում (1208) նահատակվածների գերեզմաններով: 1222-ին նրանց նվիրված խաչքար կոթող է կանգնեցվել վանքի բակում: Սուրբ Աստվածածին եկեղեցին արևմուտքից ունեցել է թաղածածկ գավիթ: Սուրբ Լուսավորիչ եկեղեցին եղել է պարսպապատ: 1211-ին իշխան Զաքարե Բ Մեծը, վանքը սելջուկներից ազատագրելուց հետո, Խծկոնքի վանքին նվիրել է գյուղ, Բագարանում՝ այգի: 1220–30-ական թվականներին վանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ (տներ, Անիում՝ ձիթհանք, այգիներ և այլն):

1860-ին Կարսի թեմի առաջնորդ Տիմոթեոս եպիսկոպոս Սափրիչյանը նորոգել է Սուրբ Սարգիս եկեղեցու՝ քրդերի քանդած պատը: 1878-ին, ռուսական բանակի զորավար Հ. Լազարյանի աջակցությամբ Հարություն վարդապետ Մանուկյանը նորոգել է վանքը:

1892–93-ին համալիրի արևմտյան կողմում միաբանների և ուխտավորների համար պատշգամբով շենք է կառուցվել: Վանքը եղել է նշանավոր ուխտատեղի՝ հռչակված նաև հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով: 1918-ին Խծկոնքի վանքը լքվել և ամայացել է: 1962-ին թուրքական իշխանությունները պայթեցրել են վանքի եկեղեցիները: Համալիրից մնացել է միայն Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am