ԿԻՊՐՈՍԻ ԹԵՄ. Կիլիկիո կաթողիկոսության հնագույն թեմերից է: Առաջնորդանիստը՝ Նիկոզիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Նիկոզիայում դեռևս 5-րդ դարին հայերը կառուցել են Սուրբ Գևորգ եկեղեցին, 560-ին՝ Սուրբ Մակար վանքը, որը միջնադարում եղել է հայ մշակութային կենտրոն: 12-րդ դարին Նիկոզիայում և Ֆամագուստայում գործել է առաջնորդական երկու թեմ (եպիսկոպոսություն): Նիկոզիայում կառուցվել են 1116-ին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին (վերանորոգվել է 1884-ին), 1892-ին՝ ազգային գերեզմանատանը (պոլսեցի Պողոս Օտաճյանի կտակով) Սուրբ Պողոս մատուռը: Օսմանական տիրապետության շրջանում (1571–1878) կիպրահայ գաղութն անկում է ապրել, պահպանվել է միայն հոգևոր վարչությունը: Կղզու հնագույն կառույցներից են Ֆամագուստայում Կանչվորի վանք կամ Սուրբ Աստվածածին եկեղեցին (կառուցվել է 1317-ին, ներկայումս թուրքերի բռնագրաված տարածքում է), Սուրբ Մարիամ, Սուրբ Սարգիս, Սուրբ Վարվառաոլորն էլ՝ 13-րդ դարին վերջ) եկեղեցիները, որոնք չեն պահպանվել: Կառավարության և Եվրոպայի մի շարք եկեղեցիների նյութական օժանդակությամբ Նիկոզիայի Ակրոպոլիս թաղամասում 1981-ին կառուցվել են Սուրբ Աստվածածին (առաջնորդանիստ) եկեղեցին և առաջնորդարանը: Առաջին հայկական դպրոցները գործել են եկեղեցիներին կից: Հնագույնը 1870-ին Նիկոզիայում Վարդան վարդապետ Մամիկոնյանի հիմնած դպրոցն է: 1886-ին հիմնվել են Վարդանանց (արական) և Շուշանյան (իգական) տարրական դպրոցները: Վահան քահանա Քյուրքչյանի նախաձեռնությամբ 1897-ին բացվել է հայկական կրթական որբանոց (գործել է յոթ տարի), դասավանդվել են հայ ժողովրդի պատմություն, թվաբանություն, օտար լեզուներ, ինչպես նաև արհեստներ: 1972-ից գործում է Նարեկ ազգային վարժարանը: Լառնակայում, ի հիշատակ Կիլիկիայի հայ նահատակների, 1912-ին կառուցվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին (գործող), 1940-ին՝ Սուրբ Գրիգոր մատուռը: Առաջին հայկական դպրոցը բացվել է 1909-ին: 1972-ից գործում է Նարեկ ազգային վարժարանը: Լիմասոլում 1940-ին կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին (գործող): Առաջնորդարանի օժանդակությամբ 1951-ին բացվել է առաջին հայկական դպրոցը: 1972-ից գործում է Նարեկ ազգային վարժարանը: Կիպրոսի թեմը կառավարվում է իր կանոնադրությամբ, որը վավերացրել է Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Բ Սարգիսյանը: Գերագույն մարմինը թեմական ժողովն է, որի անդամներն ընտրվում են չորս տարով: Համայնքը ղեկավարում են թեմի առաջնորդը, ազգային վարչական մարմինները: Թեմի առաջնորդն է Վարուժան եպիսկոպոս Հերգելյանը (1996-ից):

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am