ԼԵՀԱՀԱՅՈՑ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ. ձևավորվել է 11-13-րդ դարերում, Գալիցյան, Վոլինյան, Պոդոլյան հողերում, որոնք 14-րդ դարում անցել են Լեհաստանի տիրապետության տակ: Մինչև 14-րդ դար Հալիչի, Խոլմի, Կամենից Պոդոլսկի, Վոլինյան Վլոդիմեժի, Լուցկի, Լվովի գաղութահայության կրոնական կենտրոնը Լուցկն էր: 1340-ական թվականներուն Լեհաստանի թագավոր Կազիմեժ Մեծը գրավել է Գալիցիան ու Վոլինիայի մի մասը: Լուցկը Սուրբ Ստեփանոս եկեղեցու հայ առաքելական ոչ պաշտոնական արքեպիսկոպոսարանով մնացել է Լիտվայի իշխան Լուբարտի ձեռքում: Լիտվական իշխանության քաղաքական ազդեցությունից Հայ եկեղեցին զերծ պահելու նպատակով Կազիմեժ Մեծը 1367-ին հատուկ դեկրետով հայ արքեպիսկոպոսարանը պաշտոնականացրել է և Լուցկից տեղափոխել արքունի քաղաք Լվով, որտեղ տեղի հայությունը դեռևս 1183-ից ուներ փայտաշեն, իսկ 1251-ից` աղյուսաշեն եկեղեցի: 1356-ին Կազիմեժ Մեծը Լվովի և Կամենիցի հայ համայնքներին լայն արտոնությունների հետ միասին տվել է նաև անսահմանափակ թվով եկեղեցիներ ու վանքեր կառուցելու իրավունք: 1363-ին ավարտվել է Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման քարաշեն տաճարի կառուցումը, որը 1367-ից դարձել է աթոռանիստ և ճանաչվել Լեհաստանի, Մոլդովայի, Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսության կենտրոն: Ըստ եկեղեցու վիմագիր հիշատակարանի, տաճարը կառուցվել է հայ մեծահարուստներ Շահինշահի որդի Հակոբ Կաֆայեցու և Աբրահամի որդի Փանոս Հալաչեցու բարերարությամբ: 16-րդ դարին Լվովում և նրա արվարձաններում գործել են 9 հայկական եկեղեցիներ ու վանքեր, որոնցիցառանձնանում են Սուրբ Աստվածածնի Վերափոխման Մայր տաճարը, Սուրբ Աննայի և Սուրբ Հակոբի եկեղեցիներն իրենց համընդհանուր վանքով, Սուրբ Խաչի եկեղեցին` իր վանքով: Կամենից Պոդոլսկում 11-14-րդ դարին կառուցվել է 12 եկեղեցի: 1250-ին դեռևս գործող (հետագայում ավերվել է) եկեղեցուց հետո ամենահինը 1394-ին Խութլուբեյի որդի Սինանի ծախքով կառուցված Սուրբ Նիկողայոսի եկեղեցին էր, որը մեկ դար հետո վերանվանվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման: 1498-ին կառուցվել է առավել մեծ ու շքեղ նույնանուն (ավերվել է 1939-ին, կանգուն է զանգակատունը), 1522-ին` Սուրբ Աստվածածնի Ավետման կեղեցին: Վերջինիս բակում Գրիգոր արքեպիսկոպոս Վարագեցին 1600-ին կառուցել է կուսանոցի շենք: 17-րդ դարու վերջին` թուրքերի արշավանքների ժամանակ ավերվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Ստեփանոս Նախավկա, Սուրբ Խաչ եկեղեցիները: Լուցկ, Լվով, Կամենից Պոդոլսկ քաղաքներում կառուցված 20–22 եկեղեցիներից բացի երկու տասնյակից ավելի եկեղեցիներ են գործել նաև 16-18-րդ դարին հիմնադրված Լյուբլինի, Զամոշչի, Կուբաչիվցիի, Յարոսլավլի, Տիսմենիցայի, Յազլովեցի, Զլոչովի, Ժվանեցի, Սենյատինի, Ստանիսլավովի, Լիսեցի, Բժեժանիի, Մոգիլյով Պոդոլսկի, Ռաշկովի և լեհահայ այլ գաղթավայրերում: 1367-ին, ըստ Հայոց կաթողիկոս Մեսրոպ Ա Արտազեցու կոնդակի և Կազիմեժ Մեծի դեկրետի, Լեհաստանի և Վալախիայի (Հյուսիսային Ռումինիա) Հայ առաքելական եկեղեցու անդրանիկ առաջնորդ է հաստատվել ժողովրդի կողմից ընտրված Գրիգորը: Լեհահայ արքեպիսկոպոսները կես տարի նստել են աթոռանիստ Լվովում, կես տարի` Կամենից Պոդոլսկում, որն ուներ եպիսկոպոսական տուն: 15-18-րդ դարին լեհահայ արքեպիսկոպոսության մեջ ընդգրկված էին Լեհաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Վոլոշչիզնայի հայ կրոնական համայնքների 22 թեմերը և մինչև կաթոլիկության ընդունումը (1699) ենթարկվել են Սուրբ Էջմիածնին: Լեհահայ առաքելական եկեղեցին մինչև 16-րդ դարին վերջը խաղաղ հարաբերությունների մեջ է եղել լեհ կաթոլիկ եկեղեցու և Հռոմի հետ: 1540 ական թվականներուն Լեհաստանում ռեֆորմիստական շարժման դեմ դուրս եկած Հակառեֆորմացիան հալածանքներ է սկսել հերետիկոսների ու հերձվածողների, ինչպես նաև լեհահայ առաքելականների դեմ: Լեհահայությանը կաթոլիկացնելու բուն պայքարը սկսվել է 1627-ից, երբ Էջմիածնից Լվով ժամանած, ունիթորությունը գաղտնի ընդունած Մելքիսեդեկ աթոռակից կաթողիկոսը հոգևոր դասից ու ժողովրդից գաղտնի, կաշառքով ու կաթոլիկություն ընդունելու պայմանով Նիկոլ Թորոսովիչին Լվովի Սուրբ Խաչ եկեղեցում եպիսկոպոս է օծել ու նստեցրել արքեպիսկոպոսական թափուր աթոռին, նրան առաջնորդ չճանաչելու դեպքում ժողովրդին սպառնացել պատիժներով, բարձր հոգևորականությանը` բանադրանքով: Լեհահայությունը հայ-հռոմեական եկեղեցիների միության դեմ սկսել է արյունահեղ, վերելքներ ու վայրէջքներ ունեցող պայքար, որը տևել է վեց տասնամյակ: 1629-ին Զիգմունդ 3-ը Նիկոլ Թորոսովիչին հաստատել է լեհահայ, մոլդովահայ, ռումինահայ եկեղեցիների արքեպիսկոպոս, իսկ 1630-ին վերջինս բացահայտ ընդունել է կաթոլիկությունը: Լեհահայությունը բազմիցս բողոքագրեր է ուղարկել Հռոմ և Էջմիածին: Արտոնություններից զրկվելու անվերջ սպառնալիքներից երկնչելով` լեհահայությունը առերես 1652-ին (2-րդ անգամ` 1665-ին) ընդունել է կաթոլիկությունը, սակայն ևս երեք տասնամյակ տևող պայքարից հետո` 1699-ին, լեհ թագավոր Ֆրեդերիկ Ավգուստ 2-ի և Հռոմի համաձայնությամբ, Վարդան արքեպիսկոպոս Հունանյանը լեհահայ առաքելական եկեղեցում անցկացրել է ծիսաարարողական մեծ ու օրինականացված ռեֆորմ: Լեհահայության իրական կաթոլիկացումն ու ուծացումը, սակայն, սկսվել է գաղութի տրոհման շրջանից` 1772-ից, երբ տեղի է ունեցել քաղաքականապես ու տնտեսապես թուլացած Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումը (1793-ին` 2-րդ, 1795-ին` 3-րդ վերաբաժանումը) Ավստրիայի, Պրուսիայի և Ռուսաստանի միջև, ինչը և պայմանավորել է Լվովի հայ արքեպիսկոպոսության 18 թեմերի վարչական մասնատումը: 1772-ից Լվովը դարձել է Ավստրիայի նոր անվանում կրող նահանգի` Գալիցիայի ու Լոդոմերիայի Թագավորության կենտրոնը, իսկ Կամենից Պոդոլսկը, մնալով Լեհական Թագավորության մեջ, Լուցկ, Ռաշկով, Բալտա, Մոգիլյով Պոդոլսկ գաղթավայրերի հետ կրոնական հարցերում սկզբնապես ենթարկվել է Լվովի արքեպիսկոպոսությանը, իսկ 1793-ից, Լիտվայի ու Բելոռուսի հետ անցնելով Ռուսաստանի տիրապետության տակ, մինչև 1810-ը ենթարկվել է Մոգիլյով Պոդոլսկի հռոմեա-կաթոլիկական եկեղեցուն, այնուհետև` նույն քաղաքի Հայ եկեղեցու եպիսկոպոսարանին, 1816-ից` ժամանակավորապես, իսկ 1847-ից պաշտոնապես` լատինական եկեղեցու եպիսկոպոսարանին: 1784-ին Գալիցիայում` Զլոչովում, Զամոշչում, Յազլովեցում, Բժեժանիում և Լվովում ավստրական իշխանությունները փակել են հայկական վեց վանքեր ու եկեղեցիներ` դրանք դարձնելով զինվորական պահեստներ ու բանտի մատուռներ: 1786-ին փակվել է 1666-ից գործող Հայ հոգևոր (կաթոլիկ) բարձրագույն դպրանոցը: Լվովի հայ կաթոլիկ արքեպիսկոպոսությունը, որը 1816-ին ուներ 9 թեմ, 14 քահանա, 1918-ից` 8 թեմ, 21 քահանա, գոյատևել է մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբը (1939): Լեհահայ կաթոլիկ եկեղեցու վերջին արքեպիսկոպոսը Լեհաստանի Սահմանադրական Սեյմի անդամ, աստվածաբան Յուզեֆ Տեոֆիլ Թեոդորովիչն էր (1911–38), որը լեհահայությանը համախմբելու նպատակով 1930-ին Լվովում հիմնադրել է «Հայ արքեպիսկոպոսական ընկերություն»: Վերջինիս պաշտոնական պարբերական է դարձել 1927-ից հրատարակվող «Սուրբ Գրիգորի սուրհանդակ» (լեհահայ) ամսագիրը, ընդհատումներով հրատարակվել է նաև «Գրիգորիանա» (լեհահայ) երկշաբաթաթերթը: Երբ 1939-ին Լեհաստանի արեվելքի հատվածը Լվով կենտրոնով անցել է ԽՍՀՄ-ին (Ուկրաինային), լեհահայության հիմնական զանգվածը տեղաշարժվել է արևմուտք (Կրակով, Վարշավա, Գդանսկ, Վրոցլավ, Պոզնան, Կատովիցե, Լոձ, Օլավ, Լյուբլին, Գլիվիցե): 1950-ական թվականին Գդանսկում (Հյուսիսային Լեհաստան) ստեղծվել է լեհահայ կաթոլիկ հավատացյալների հյուսիս թեմը: 1958-ին լեհահայության ջանքերով նրանց են տրվել Գդանսկի Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս առաքյալների եկեղեցին (1976-ին հետ է վերցվել), եկեղեցուն կից Սուրբ Մարիայի մատուռը: 1975-ին Կրակովի Սուրբ Իդձեի եկեղեցուն կից (Վավելի մոտ) մատուռը տրվել է կրակովահայերին: Գլիվիցին (Սիլեզիա, Հարավային Լեհաստանում), որպես երկրորդ` հարավային թեմի նստավայր, իր Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցով դարձել է նաև լեհահայությանը համախմբող կենտրոն: 1960-ական թվականներուն լեհահայերն ունեին չորս կաթոլիկ քահանաներ, 1980-ից` մեկը: Լեհահայ բոլոր գաղթավայրերում եկեղեցիներին կից գործել են տարրական ու միջնակարգ ազգային դպրոցներ (ոչ կաթոլիկներին արգելվել է կրթական բարձրագույն կենտրոններ հիմնադրել): 1665-ին Հռոմի նախաձեռնությամբ Լվովում հիմնադրվել է Հայ հոգևոր (կաթոլիկ) բարձրագույն դպրանոց, որտեղ գործել է երեքլեզվյան (հայկական, լատինական, լեհահայկական) դպրաթատրոն: 1690-ական թվականներուն դպրաթատրոն է ունեցել նաև Յազլովեցում նոր բացված հայ կաթոլիկ դպրոցը: 21-րդ դարի սկզբից մինչև 1939-ը Լվովի հայկական կուսանոցին կից գործել է օրիորդաց դպրոց: 1992-ից Լեհաստանի 15–20 հազար հայ կաթոլիկների (ընդգրկված հյուսիս և հարավ թեմերում) հոգևոր առաջնորդն է Գլիվիցիի թեմակալ, պրելատ, մագիստրոս Յուզեֆ Կովալչիկը (Հարունյան հայկական տոհմից):
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am