ԼԵՎՈՆԻ ՏՈՒՄԱՐ (TOMOS LEONIS). Հռոմի Լևոն 1-ին պապի (440–461) դավանական թուղթը` ուղղված Կ. Պոլսի պատրիարք Ֆլաբիանոսին (447–449): Գրվել է 449-ի հունիսի 13-ին` ընդդեմ Եվտիքեսի վարդապետության (տես Եվտիքականություն): Լևոնի տումարի վրա է հիմնված 451-ի Քաղկեդոնի ժողովի` Քրիստոսի երկու բնությունների վերաբերյալ դավանական բանաձևը: Լևոնի տումար դավանում է երկու բնություն մարմնավորումից (մարդեղությունից) հետո. «Երկու բնությունները միավորված են մեկ անձի մեջ»,– սա է Լևոնի տումարի դավանական գլխավոր ձևակերպումը: Մեկ դեմք, մեկ անձ, երկու բնություն. Քրիստոսի երկու բնությունները տարբեր են իրարից, և այդ բաժանումը սկզբունքային է Լևոնի տումարի համար, որը Քրիստոսի մեջ ամեն ինչ փորձում է տեսնել բաշխված ըստ մարդեղության և աստվածության: Ըստ  Լևոնի տումարի, չարչարվել է Քրիստոսի մարդկային բնությունը, փառավորվել` աստվածայինը: Խաչվողը և մեռնողը մարդկային բնությունն է, հարություն առնողը` աստվածայինը: Անարգվողը, տառապանքներ ևզրկանքներ կրողն այլ է, հարություն առնողը, երկրպագվողը, հրաշագործողը` այլ: Քրիստոսի երկու բնությունների տարբեր և բաժան «գործառույթները», այսինքն` երբ յուրաքանչյուր բնություն ունի իր հատկությունը, որն արտահայտությունն է Անտիոքի աստվածաբանական դպրոցի քրիստոսաբանական երկվության, Լևոնի տումար ընդունում է որպես հավատքի խոստովանության հիմք: Ուղղված լինելով եվտիքականության դեմ` այն ամեն կերպ փորձել է տարանջատել աստվածությունը մարդեղությունից, որպեսզի վերջինս չկորչի աստվածայինի մեջ և չխառնվի նրա հետ` եվտիքեսյան շփոթից խուսափելու համար: Քրիստոսին բաժանելով ըստ աստվածության և մարդեղության`  Լևոնի տումար միաժամանակ փորձել է խույս տալ ծայրահեղություններից և պահպանել աստվածության ու մարդկության ամբողջականությունը Քրիստոսի մեջ: Լևոնի տումարի աստվածաբանական ընկալումներն ու քիստոսաբանական ըմբռնումները հստակվել և ամբողջ ականացել են Քաղկեդոնի ժողովի ընդունած դավանական որոշումներում: Արևելյան, այդ թվում և Հայ եկեղեցու քրիստոսաբանությունը, մերժում է ցանկացած բաժանություն կամ երկվություն Քրիստոսի մեջ: Չկա բաժանում երկու բնությունների միջև, քանի որ և՛ չարչարանքների, և՛ փառքի կրողը Աստվածամարդն է` աստվածամարդկային մեկ անբաժան բնությամբ: «Եւ ոչ է ասել զմի Քրիստոս երկուութիւն»,– այսպես է ձևակերպել Հայ եկեղեցին իր ըմբռնումը քրիստոսաբանական այս հարցի վերաբերյալ: Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսի օրոք ընդունելով  Լևոնի տումար և Քաղկեդոնի ժողովը լռելյայն մերժող Զենոն կայսրի «Հենոտիկոնը»` Հայ եկեղեցին իր անհամաձայնությունն է հայտնել  Լևոնի տումարի քրիստոսաբանական բանաձևումների հանդեպ: 506-ի Դվինի Ա ժողովում (տես Դվինի եկեղեցական ժողովներ) Հայ եկեղեցին կրկին իր մերժողական դիրքորոշումն է արտահայտել, իսկ 554-ի Դվինի Բ ժողովն առաջին անգամ պաշտոնապես դատապարտել և նզովել է Լևոնի տումարի դավանական բանաձևը և Քաղկեդոնի ժողովը: Հայ դավանաբանական գրվածքներում Լևոնի տումար առաջին անգամ բացահայտորեն նզովվել է 7-րդ դարի սկզբին` Վրթանես Քերթող կաթողիկոսական տեղապահի, Աբրահամ Ա Աղբաթանեցի և Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսների թղթերում:




Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am