ԼՄԲԱՏԱՎԱՆՔ. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքից հարավ-արևմուտք, բարձունքի լանջին: Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցին (6-7-րդ դար) կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով: Ճարտարապետական առանձնահատկություններն են հյուսիս և հարավ ուղղանկյուն թևերը` թաղի փոխարեն ծածկված գմբեթարդներով (եզակի է Հայաստանում), Ավագ խորանը` առանց լուսամուտի (ներկայիս բացվածքը հետագա հավելում է), հյուսիս-արևմուտք սենյակը: Եկեղեցին ունի վերձիգ համաչափություններով ներդաշնակ ծավալային լուծում: 11-րդ դարին ոմն Կարապետ իր միջոցներով Լմբատավանքի համար ջուր է անցկացրել: 1191-ին իշխան Վահրամ Պահլավունու որդի վանահայր Բարսեղը, ըստ գմբեթի արձանագրության, «անօրեններից»` սելջուկներից, հետ է գնել  Լմբատավանք, վանքին նվիրել Ցիցք գյուղը և վերստին ջուր անցկացրել: 12-րդ դարին վերջին Անիի եպիսկոպոս Գրիգորը Լմբատավանքին է նվիրել իր գնած Հայրայց թաղ գյուղը, իսկ 13-րդ դարին սկզբին` սեփական Արդիք գյուղը (ներկայիս Արթիկ քաղաքը): 13-րդ դարին 1-ին տասնամյակում Լմբատավանքին են նվիրել Սառնաղբյուր գյուղը: 13-րդ դարին վանքն իր կալվածքներով անցել է Զաքարյան իշխանների տիրապետության տակ, որպես նվիրատվություն ստացել երկու այգի և գյուղ: Ուշ միջնադարում Լմբատավանք լքվել է և ամայացել: 1954-ին պեղումներ են կատարվել Լմբատավանքի շուրջը. գտնվել են խաչքարերի պատվանդաններ, 9-10-րդ դարերուն գերեզմաններ, քանդակազարդ բեկորներ, կղմինդրներ (նախապես եկեղեցին կղմինդրածածկ է եղել): 1955-ին վերանորոգվել են Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատերը, վերականգնվել տանիքի և գմբեթի տուֆե ծածկասալերը: Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու որմնանկարները (7-րդ դար) վաղ քրիստոնեական հայկական մոնումենտալ գեղանկարչության ինքնատիպ և մեծարժեք նմուշներից են: Զբաղեցնում են եկեղեցու Ավագ խորանի գմբեթարդը և դրան հարող արևելք պատը: Գմբեթարդում երևում է հրելեզուների խորքի վրա պատկերված Քրիստոսի մարգարտազարդ գահի զարդարուն պատվանդանը` դրված ծիածանակամարի վրա: Վերջինս երիզված է սպիտակ, կանաչ և կարմիր գոտիներով և մի մեծ լուսապսակի պես առանձնացնում է ամբողջ հասակով կանգնած գահակալ Քրիստոսի պատկերը, որի միայն ներքևի մասն է պահպանվել: Ծիածանակամարից դուրս, կենտրոնական պատկերի աջ և ձախ կողմերում, պատկերված են երկու քառակերպ` մարդու, եզան, առյուծի և արծվի գլխով, երկու վեցթևանի սերովբե և երկու զույգ հրեանիվներ: Ենթադրվում է, որ գմբեթարդից ներքև` խորանում պատկերված են եղել տասներկու առաքյալները և Տիրամայրը: Խորանին հարող պատերին պատկերված են դեպի կենտրոն շարժվող երկու հեծյալներ` սուրբ Սարգիսն ու սուրբ Գևորգը` ձեռքերին խաչափայտ: Ուշագրավ է, որ ձիերի սմբակների տակ չկան չար ուժերի մարմնավորումները: Հատկապես լավ են պահպանված քառակերպերի պատկերները: Նրանց չորս ճերմակ թևերը ծածկված են բաց աչքերով, իսկ մարդկային դեմքերն օժտված են խոր արտահայտչականությամբ: Որմնանկարն ստեղծվել է գլխավորապես Եզեկիել մարգարեի տեսիլքի գրական հիմքի վրա (Եզեկ. 1.4–28) և ոչ թե հայտնի պատկերագրական հորինվածքի ընդօրինակությամբ` դրանով իսկ ներկայանալով որպես «Աստվածահայտնության» տեսարանի պատկերագրական կառուցվածքի հայկական տարբերակ: Որմնանկարը մեծադիր չէ, կատարված է գծային գրաֆիկական եղանակով, սակայն ունի վառ գունահնչեղություն: Լմբատավանքի որմնանկարները հասուն գեղարվեստական միջավայրի ծնունդ են և սերտ աղերսներ ունեն 7-րդ դարի հայկական այլ որմնանկարների (Թալինի Կաթողիկե եկեղեցի, Կոշի Սուրբ Ստեփանոս վանք և այլն), ինչպես նաև հայկական մանրանկարչության հայտնի ամենահին օրինակների հետ («Էջմիածնի Ավետարան»):




Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am