ԼՈՒԾՄՈՒՆՔ. մեկնողական գրականության ժանր: Լուծմունքում կարճառոտ մեկնությամբ պարզաբանվում են միայն երկի առավել դժվարընկալելի բառերն ու հասկացությունները: Որոշ առումով  Լուծմունք կատարում է այդ երկի բառարանի դեր: Հայ մատենագրութան մեջ այդ կերպ մեկնաբանվել են ոչ միայն առավել կարևոր թարգմանական, այլև ինքնուրույն երկերը, որոնք մասնավոր սերտողության առարկա են եղել միջնադարի հայկական բարձրագույն դպրոցներում և վարդապետարաններում: Այդ եղանակով պարզաբանվել են Աստվածաշնչի որոշ գրքեր, անտիկ մտածողների իմաստասիրական վաստակը, եկեղեցու նշանավոր հայրերի աստվածաբանական ժառանգությունը, ինչպես նաև որոշ հայ մատենագիրների երկերը: Հայտնի և կիրարկելի են եղել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան»` Հովհաննես Սարկավագի և Առաքել Սյունեցու Լուծմունքները, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»` Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսի, Գրիգոր Խլաթեցու, Հակոբ Նալյան պատրիարքի և այլոց  Լուծմունքները: Հակոբ Ա Կլայեցու գրչին են պատկանում նաև Գրիգոր Նազիանզացու մի շարք ճառերի, Կյուրեղ Ալեքսանդրացու «Պարապմանց գրոց»  Լուծմունքները: Եկեղեցու հայրերի երկերի  Լուծմունքներ են հեղինակել նաև Գրիգոր Սկևռացին, Գևորգ Երզնկացին և ուրիշներ: Հայտնի են գրչության արվեստի լեզվական-քերականական տեսության մշակողներ Արիստակես գրչի (12-րդ դար) և Գևորգ Սկևռացու (13-14-րդ դար) աշխատությունների` Գրիգոր Տաթևացու երեք  Լուծմունքները:



Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am