«ԼՈՒՅՍ». ազգային, կրոնաբարոյական և ընտանեկան կիսամսյա, ապա` շաբաթական հանդես, իսկ 1882-ից`եռօրյա թերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1874–85-ին: Խմբագիրներ` Հ. Դիմաքսյան, Մ. Գափամաճյան, Բ. Պոզաճյան: Նպատակն էր հոգևորականների լուսավորությունն ու դաստիարակությունը, նրանց կրոնաբարոյական և ազգասիրական զգացմունքների խթանումը: Տպագրել է Հայ առաքելական եկեղեցուն, նրա սրբերի ու նվիրյալների վարքին, ավանդական ծեսերին, բարոյական ու հոգևոր դաստիարակությանը վերաբերող նյութեր` «Կրոնական», «Պատմական», «Ազգային» և այլ խորագրերի ներքո: Ուսյալ հայ կղերի առաջնահերթ խնդիրն է համարել «Ժողովուրդն ի հոգեւոր պաշտամունս կրթելու, նորա բարոյական օգուտներն խորհելու, զանի մեր սուրբ կրոնի և եկեղեցւոյ վարդապետութեան դեմ եղած օտար ու մոլար վարդապետութիւններէ զգուշացնելու, ի հոգեւոր եւ մարմնաւոր բարիս յառաջացնելու» գործը: Ժամանակին արձագանք են գտել  «Լույս»ի` Բեթղեհեմի տաճարում Հայ եկեղեցու իրավունքների պաշտպանությանը, Անդրկովկասում հայ վարժարանների ազգային վերահսկողությանն ուղղված ելույթները: Հանդեսն անդրադարձել է նաև հայ կղերի դեմ օսմանական կառավարության ձեռնարկած հալածանքներին, պաշպանել Հայ եկեղեցու իրավունքները Թուրքիայում: Ուշագրավ են  «Լույս»ի բանավիճային հոդվածներն ամերիկյան միսիոներների հրատարակած «Ավետաբերի» դեմ: Բողոքականությունը համարելով աղանդավորություն` պաշտպանել է Հայ եկեղեցու ծեսերը, սուրբ նըշխարների, սուրբ պատկերների պաշտամունքը, եկեղեցու խորհուրդները, ուխտագնացությունը և այլն: Համեմատաբար քիչ է անդրադարձել Կաթոլիկ եկեղեցու քարոզչությանը: «Լույս» ազգի և եկեղեցու թուլության պատճառ է համարել հայ ընտանիքների օտարվելը ազգային ավանդույթներից, հավատի թուլացումը: Կարևորել է կղերական դպրոցների դերը:



«ԼՈՒՅՍ». կրոնական, գրական, բանասիրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1905–07-ին, Կ. Պոլսում: Խմբագիր-տնօրեն` Բ. Կյուլեսերյան: Տպագրել է կրոնաաստվածաբանական նյութեր, տեսություններ` կրոնաբարոյական թեմաներով, քարոզներ, ավետարանական սյուժեների մեկնաբանություններ, Հայ եկեղեցուն նվիրված հոդվածներ և այլն: Պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցու ուղղափառությունը, հետևելով Մ. արքեպիսկոպոս Օրմանյանի առաջարկած` «դավանական նրբությանց մեջ չմտնելու, այլ ավելի` բարոյական ուղղության վրա քալելու» սկզբունքին: Եկեղեցու ազդեցությունը զորացնելու մտահոգությամբ  «Լույս»  ուշադրության կենտրոնում է պահել քարոզչության գործը, ընդարձակ հոդվածներ նվիրել քարոզչության արվեստին, քարոզիչներին օգնելու համար տպագրել օժանդակ նյութեր, Նոր կտակարանից` օրինակներ ու քաղվածքներ: Շաբաթաթերթին հիմնականում աշխատակցել են Արմաշի դպրեվանքի վարդապետները (Բ. Կյուլեսերյան, Ղևոնդ, Կորյուն, Մեսրոպ և այլք), նրա էջերում առաջ քաշել եկեղեցու բարեկարգման խնդիրներ: «Լույս» խուսափել է դավանական հակադրություններից և վեճերից: Արժեքավոր հոդվածներ է տպագրել Հայ առաքելական, կաթոլիկ, բողոքական եկեղեցիների փոխհարաբերությունների, նրանց անցյալ և ներկա առնչությունների վերաբերյալ: Այս հարցում «Լույս»ի մեկնակետը եղել է փոխադարձ հանդուրժողության սկզբունքը:  «Լույս» չի ընդունել Ընդհանրական եկեղեցու գաղափարը, պաշտպանել է ազգային եկեղեցիների անկախության տեսակետը: Կողմնակից է եղել քույր եկեղեցիների բարոյական, բայց ոչ վարչական կապերին: Ընդարձակ հոդվածներ է նվիրել Հայ եկեղեցու պատմությանը` ներկայացնելով եկեղեցու հիմնադիրներին, սուրբ հայրերի, սրբերի և նշանավոր եկեղեցականների վարքն ու գործը: Հայագիտական արժեք ունեն «Լույս»ի տպագրած ձեռագիր Ավետարանների նկարագրությունները: Գնահատելի են Կորյուն վարդապետի հրատարակած` Բալուի Սուրբ Աստվածածին եկեղեցու Ավետարանների ձեռագրացուցակները, Տ. Պալյանի` Կեսարիայի վիճակի վանքերի ու եկեղեցիների Ավետարանների մատենագիտական ցուցակները: «Լույս»  տպագրել է նաև հայ հոգևոր երաժշտությանը, շարականներին նվիրված նյութեր:




Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am