Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Լվովի սուրբ Աստվածածին եկեղեցի

ԼՎՈՎԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ. Լվովի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի, Լվովի հայկական Կաթողիկե, հին քաղաքի հյուսիս-արևելյան մասում, Հայկական (Վերին և Ներքին) ու Կրակովյան փողոցներով եզերված Հայկական թաղամասում: Կառուցվել է 1363–1370-ին, սրբատաշ քարով, Հակոբ Կաֆայեցու և Ստեփան Աբրահամյանցի միջոցներով, հայ վարպետների ձեռքով` քարգործ Դորինգի ղեկավարությամբ: Ունի քառամույթ գմբեթավոր հորինվածք, արևլելք ճակատում կիսաշրջանաձև ծավալներով արտաքուստ շեշտված խորանով և ավանդատներով, որոնք զարդարված են հայկական միջնադարյան ճարտարապետությանը բնորոշ կամարաշարով: 1390–1437-ին եկեղեցու ներսը նկարազարդվել է: 1427-ին հյուսիս-արևելք գմբեթակիր մույթի և խորանի պատի միջև խաչքար է զետեղվել: 1437-ին հարավ ճակատին կցվել է քառակամար սրահ, որի հատակը ծածկված է տապանաքարերով: 1509-ին Աստվածատուր Կոպուլենը վերակառուցել է գմբեթը` 12-նիստանի թմբուկով և բազմանիստ վեղարով:

1527-ին  Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցի հրդեհվել է. ոչնչացել են որմնանկարները և փայտաշեն զանգակատունը: 1530-ական թվականներուն եկեղեցին վերստին նկարազարդվել է, 1571-ին Անդրեաս Կաֆայեցու միջոցներով քարից նոր զանգակատուն է կառուցվել: 16-րդ դարում Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելք կողմում կառուցվել է եպիսկոպոսի երկհարկանի տունը` մատուռով, գրադարանով, ընդունելությունների շքեղ հարդարված դահլիճով: 1519-ից այստեղ են գործել քաղաքի հայ բնակչության հոգևոր և քաղաքացիական հարցերը վարող դատարանները, որոնք առաջնորդվել են Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հիման վրա կազմված «Լվովյան դատաստանագրքով» (Լվովի հայ համայնքը դատական ինքնավարությունը պահպանել է մինչև 1784-ը): 16-րդ դարի վերջին եկեղեցու հյուսիս կողմում կառուցվել է Բենեդիկտյան հայ կուսանաց վանքը, որտեղ կրթվել են Լվովի երիտասարդ հայուհիները (վանքն ավերվել է 1784-ի հրդեհից, վերակառուցվելով` դարձել է եռահարկ` 400 հոգու համար նախատեսված ննջարաններով, մատուռով, դասասենյակներով և այլն): 1615-ին  Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցի ու կողքի շենքում Հայաստանի Բաղեշ քաղաքից տեղափոխված Հովհաննես Քարմատանենցը տպարան է բացել (հայկական երրորդ տպարանը` Հակոբ Մեղապարտի և Աբգար Թոխաթեցու տպարաններից հետո), որտեղ հրատարակվել են հայերեն և ղփչաղերեն գրքեր (շենքն այրվել է 18-րդ դարի, հրդեհից): 1630-ին, եկեղեցու աղոթարանն ընդարձակելու նպատակով, ճարտարապետ Կելարը քանդել է միջին նավի արևմտյան պատը և կցել փայտե քանդակազարդ առաստաղով խոշոր դահլիճ, իսկ հյուսիս ճակատին կից կառուցել նշխարատուն, որի թաղակապ նկուղային հարկը տապանատուն է ծառայել: 1669-ին Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցիու բակում Լվովի հայկական դպրոցի աշակերտների ուժերով տրվել են թատերական ներկայացումներ: 1716-ին Խաչիկ (Քրիստափոր) Ավգուստովիչը հիմնովին վերանորոգել է եկեղեցին և նրա արևելյան կողմում հայական և լեհահայ արձանագրություններով սյուն կանգնեցրել, վրան` սուրբ Քրիստափորի արձանը:

1733-ին  Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսը նորոգվել է և հարդարվել բարոկկոյի ոճով: Հրդեհից ավերված զանգակատունը 18-րդ դարին վերջին վերակառուցվել է, առաջին հարկում տեղադրվել Ներքին Հայկական փողոցից դեպի եկեղեցին տանող թաղակապ դարպաս: 1908-ին աղյուսաշեն, թաղածածկ անցում է բացվել Կրակովյան փողոցից դեպի եկեղեցի: 1926-ին Յան Ռոզենը եկեղեցու ներսը նկարազարդել է մոդեռն ոճով, իսկ Յուզեֆ Մեգոֆերը գմբեթը զարդարել է խճանկարով: Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների մեծ մասը 18-րդ դարին ոչնչացել է հրդեհից, պահպանվել են միայն հարավ լուսամուտի խորշի նկարները, որոնք ունեն հայերեն մակագրություններ: Լուսամուտի վերևում` մեդալիոնում Ամենակալ Քրիստոսի դիմապատկերն է, ձախ պատին` Հակոբ առաքյալը, աջին` Հովհաննես ավետարանիչը սուրբ Պրոխորոսի հետ: Առաքյալի ոտքերի մոտ պատկերված է ծնկաչոք և աղոթող մի աշխարհական, ենթադրաբար` որմնանկարների հեղինակն է կամ բարերարը: Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների անհայտ հայ հեղինակը իր ժամանակի առաջնակարգ դիմանկարիչներից է: Առաքյալների ճոխ, գունագեղ հագուստների ծալքերի շեշտված գծային ոճավորումը, արտահայտիչ և տիպիկ հայկական դիմագծերը, հրավառ գույնի մազերը, շարժումները և կեցվածքը սերտորեն առնչվում են հայկական մանրանկարչության ավանդույթներին, իսկ պատկերների ծավալայնությունը, զարդանախշերը, գույների երփնապնակը բնորոշ են բյուզանդականից Վերածննդի կերպարվեստին անցման շրջանի եվրոպական նկարչությանը: 17-րդ դարին վերջին Լեհաստանի նշանավոր նկարիչներից հայազգի Պավել Բոգուշը և իր հայ աշակերտները  Լվովի Սուրբ Աստվածածին եկեղեցու բեմը զարդարել են սրբապատկերներով, որոնցից լավ պահպանվածը և արժեքավորը «Աստվածածինը մանկան հետ» նկարն է: Սրբապատկերի հիմնապաստառի զարդանախշերը հիշեցնում են լեհահայերի ձեռագործները: Աստվածածնի և մանուկ Հիսուսի դիմագծերը շեշտված հայկական են, խիստ անհատականացված: Սրբապատկերի այս իրապաշտական առանձնահատկությունները նորույթ էին 17-րդ դարին հայկական կերպարվեստում:





Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am