Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Խոսրովիդուխտ կույս

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ. սուրբ Խոսրովիդուխտ կույս, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են: 3-րդ դարի վերջի և 4-րդ դարի սկզբի սրբուհի, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Ա Մեծի դուստրը և Տրդատ Գ Մեծի քույրը:

Խոսրով Ա Մեծի սպանությունից (259) հետո հայ նախարար Օտա Ամատունին ստանձնել է Խոսրովիդուխտի խնամակալությունը՝ մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը: Վաղարշապատում, արքունիքում Խոսրովիդուխտն ապրել է կուսական կյանքով: Տեսնելով Գրիգոր Ա Լուսավորչի չարչարանքներն ու լսելով նրա քարոզները՝ աստվածային ներգործությամբ ընդունել է քրիստոնեությունը: Այնուհետև, Գրիգոր Լուսավորչին Խոր վիրապ նետելուց և Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո, երբ անապաշխար Տրդատ արքան պատուհասվել է՝ խոզակերպ դառնալով, արքայաքույր Խոսրովիդուխտին, ըստ ավանդության, երկնառաք տեսիլքով (այլ տարբերակում՝ հինգ անգամ կրկնված երազով) հայտնվել է, որ արքային կարող է բժշկել միայն Խոր վիրապ նետված Գրիգորը: Ի զարմանս ամենքի, օձերով և կարիճներով լեցուն Խոր վիրապից ողջ են դուրս բերել Գրիգորին, որն էլ բժշկել է թագավորին և դիվահար մյուս հիվանդներին: Հռիփսիմյանց կույսերի մարմինները վկայարաններում ամփոփվել են Գրիգոր Ա Լուսավորչի ձեռքով. ապաշխարած արքան անձամբ է փորել կույսերի գերեզմանները, իսկ Աշխեն թագուհին ու Խոսրովիդուխտը թանկագին գոգնոցներով դուրս են կրել հողը:

Խոսրովիդուխտը, իր արքա եղբոր և Աշխեն թագուհու հետ, Եփրատի ակունքների մոտ, դիմավորել է Կեսարիայից որպես Հայոց քահանայապետ վերադարձող Գրիգոր Ա Լուսավորչին, որն էլ նրանց Եփրատի ակունքներում մկրտել է 301-ին կամ 302-ին: Այս արարողությունը պատկերավոր նկարագրել է Ագաթանգեղոսը. «...երանելի Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց, առավոտյան այգը լուսանալուն պես, Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու» («Հայոց պատմություն», 1983, էջ 465):

Խոսրովիդուխտը կյանքի վերջին տարիները, ակներևաբար, անցկացրել է Գառնիի ամրոցում: Հայ եկեղեցին սուրբ Խոսրովիդուխտի հիշատակը նշում է Տրդատ Գ թագավորի և Աշխեն թագուհու հիշատակի հետ միասին՝ Հոգեգալուստին հաջորդող 5-րդ կիրակին կանխող շաբաթ օրը:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am