ԹԱՆԱԴԵ ՎԱՆՔ, Թանատիվանք. ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից (7 կմ) հարավ-արևելքում: Հիմնադրվել է վաղ միջնադարում՝ որպես ճգնավորական մենաստան: Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, 735-ին Թանադե վանքում ամփոփել են Ստեփանոս Սյունեցու դին և գերեզմանի վրա փոքրիկ մատուռ կառուցել: 1273–79-ին մատուռի տեղում, Պռոշ իշխանի և նրա ընտանիքի հովանավորությամբ, շրջակայքի բնակիչների ուժերով մուգ կապտավուն բազալտի սրբատաշ քարերով կառուցվել է ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով (արևելյան կողմինները՝ երկհարկ), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածքով Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Գմբեթի հովանոցաձև վեղարով բազմանիստ թմբուկը զարդարված է բարձրաքանդակներով. հարավ լուսամուտից վերև Պռոշյանների զինանշանն է՝ թևատարած արծիվ, մագիլներում՝ խոյ, վեղարի տակ՝ եզան գլուխ, ցուլի վրա հարձակվող առյուծ, թռչուն, հարավ պատին՝ արևի ժամացույցի վրա քանդակված են գավաթից ջուր խմող երկու սիրամարգ, նրանցից ձախ՝ թռչունը ձագի հետ և այլն: Սուրբ Ստեփանոս եկեղեցուն հյուսիսից կից է 13-րդ դարի սրբատաշ բազալտից միանավ Սուրբ Նշան կամ Վարագա Սուրբ Նշան կոչվող եկեղեցին (հավանաբար, որոշ ժամանակ այստեղ է պահվել Վարագավանքի հռչակավոր սուրբ Նշանը): Նրա արևմտյան մուտքի ճակատակալ քարին քանդակված է Պռոշյան իշխանական տոհմից երիտասարդ հեծյալ, որը նիզակը խրել է առյուծի երախը, իսկ նրանցից վերև տարբեր թռչուններ են պատկերված: Թանադե վանքի քանդակները միջնադարյան հայկական աշխարհիկ պատկերաքանդակների արժեքավոր նմուշներ են: Թանադե վանքը 14-րդ դարին ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ հողամասեր, այգիներ, դրամ: 1335-ին Հայրուտը վանքում «աղոթանոց» է կառուցել: Թանադե վանքի շուրջը կան 13–16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր: 1971-ին Թանադե վանքի տարածքը պեղվել է, և բացվել են վանքի գավթի, հարավային կողմում՝ խոշոր միանավ եկեղեցու և նրա գավթի ու աշխարհիկ շինությունների հիմքեր (ենթադրվում է, որ այս շենքերում է գործել Գլաձորի համալսարանը): 1984-ին նորոգվել են Սուրբ Ստեփանոս և Սուրբ Նշան եկեղեցիները, և Թանադե վանքի տարածքը բարեկարգվել է:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am