ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆՔ. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արևիս գյուղի մոտ, լեռան լանջին: Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Թանահատի վանք համարել է իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Թանահատի վանք առաջնորդվել է ճգնավորական մենաստանի կանոնակարգով. միաբանները վանքի տարածքից դուրս չեն եկել, սնվել են հաց ու ջրով, միայն կիրակի օրերին՝ բանջարեղենով ու ընդեղենով: Ղևոնդ Ալիշանը Թանահատի վանքի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու կառուցման թվականը համարում է 491-ը: Այն ունի միանավ, պայտաձև հատակագծով և ատամնաշարով զարդարված, շեշտված պայտաձև եզրակամարով խորան (փլվել է 1979-ին), որից մուտք է բացվում դեպի հարավից կից ավանդատունը: Հարավից եղել է սյունասրահ. պահպանվել են բազմանիստ սյուների բեկորները, խարիսխները և խոյակները: 6-7-րդ դարի նախնական փայտե ծածկը փոխարինվել է թաղով, որի համար երկայնական պատերին որմն ամույթեր են կցել: Վանքի արևմտյան կողմում փոքր գերեզմանոցն է, որտեղ գտնվում է վանահայր Մխիթարի գետնափոր դամբարանը (ավանդաբար համարվում է բուժիչ հատկությամբ օժտված): 17-րդ դարի սկզբին Թանահատի վանքում են եղել Սյունյաց Մեծ անապատի հիմնադիրներ Սարգիս եպիսկոպոսը և տեր Կիրակոսը: Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու, Թանահատի վանք ավերվել է 1658-ի ապրիլի երկրաշարժից: 1975-ին Թանահատի վանքի փլատակների մաքրման և պեղման ժամանակ հայտնաբերվել է բազալտի երկնիստ կոթող՝ ուրարտական Արգիշտի Բ թագավորի (ՔԱ  714–685) սեպագիր արձանագրությամբ (նիստերից մեկում հետագայում խաչ է քանդակվել), որը հայտնում է Ծուլուկի երկրի (Սյունիքի Ծղուկ գավառ) նվաճման մասին: Ենթադրվում է, որ Թանահատի վանքի տեղում դեռևս ՔԱ 1-ին հազարամյակից սրբավայր է եղել:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am