ԹԱՇՃՅԱՆ ՆԻԿՈՂԱՅՈՍ. ծնվել է 1841-ինԿ. Պոլիս, մահացել է 9.9.1885-ին, Կ. Պոլիս: Երաժշտագետ, կոմպոզիտոր, մանկավարժ: Սովորել է Խասգյուղի Ներսեսյան վարժարանում, աշակերտել Գ. Երանյանին, ուսումնասիրել հայկական և եվրոպական երաժշտության տեսությունը: Հեղինակել է հայրենասիրական երգեր, որոնցից մի քանիսը երգչախմբի համար բազմաձայնել են Կոմիտասը և Մակար Եկմալյանը: 1879-ից եղել է Կ. Պոլսի Մայր եկեղեցու երաժշտապետը: Պոլսահայ մամուլում հանդես է եկել տեսական հոդվածներով: Թաշճյանի մեծագույն ծառայությունը հայկական հոգևոր երգերի վերաձայն ագրությունն է: Խազերի բանալին կորելուց հետո 19-րդ դարի շարականները և մյուս երգերը վերաձայնագրելու բազմաթիվ ձեռնարկումներից միայն Ե. Տնտեսյանի և Թաշճյանի փորձերը հասցրին արդյունքի (երկուսն էլ՝ Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ): Թաշճյան այդ երգերը գրի է առել 1873-ին, Սուրբ Էջմիածնում, Մակար Եկմալյանի և Պ. Ճեպեճյանի օգնությամբ. հրատարակվել են «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգեւոր երգոց... Հայաստանեայց» (1875) և «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ» (1877) ծավալուն հատորներով: Ներկայումս ապացուցված է, որ Թաշճյանի գրի առած բազմաթիվ եղանակներում խազային նոտագրությունից շատ բան պահպանվել է առանց զգալի փոփոխության: Թաշճյանի հատորները ներկայացնում են 5-15-րդ դարերի հայ մասնագիտացված մոնոդիկ երաժշտության պատկառելի բաժինը՝ ժանրերի ու ձևերի բազմազանությամբ, և ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք: Առանձնակի նշանակություն ունի նաև նրա «Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոցը» (1874), որտեղ հեղինակը, Հ. Լիմոնճյանի նոտագրությամբ համակարգը բացատրելուց բացի, ամփոփում է հայ երաժըշտության հին տեսության հիմնական դրույթները, մասնավորապես բացահայտում լադային համակարգի հատկանիշները:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am