ԹԵՂԵՆՅԱՑ ՎԱՆՔ. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բուժական գյուղից հյուսիս, անտառապատ լեռան լանջին: Հիմնվել է վաղ միջնադարում: Առաջին անգամ հիշատակվում է 8-րդ դարի սկզբին, Վահան Գողթնացու՝ վանքում կարճատև ապաստանելու կապակցությամբ: 11–14-րդ դարին Թեղենյաց վանք եղել է կրթության և գրչության կենտրոն: Թեղենյաց վանքում և Մաքենյաց վանքում պահպանվել էր Հայ եկեղեցու ժամասացության կանոնակարգը, որը 1166-ին Ներսես Շնորհալին հիմք է ընդունել հայկական վանքերի և եկեղեցիների համար միասնական ժամակարգ մշակելու համար: Թեղենյաց վանքի Կաթողիկե եկեղեցին (կառուցվել է 12-րդ դարին) զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են «հայկական խորշերով»: Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են: Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրայի սիրամարգի պատկերաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած, և այս բոլորը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ: 1207-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, կենտրոնում բրգաձև երդիկով շքեղ գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել: 1205-ին Լոռի քաղաքում իշխան Զաքարե Բ Մեծի հրավիրած դավանկան հարցերի շուրջ ժողովին մասնակցել է նաև Թեղենյաց վանքի առաջնորդ Տուրքիկ վարդապետը: 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին նշել է, որ Տուրքիկ վարդապետի վանահայրության օրոք Թեղենյաց վանքի միաբանությունն ապրել է համայնակեցության սկզբունքով՝ «զամենայն ինչ հասարակաց լինել և առանձին ոչ ինչ ստանալ»: 13-րդ դարին Թեղենյաց վանքում որոշ ժամանակ գործել են Վարդան Արևելցին (հիմնել է Թեղենյաց մենաստանի դպրոցը) և Վանական Վարդապետը: Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելք կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառախորան մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան: Վանական համալիրի հյուսիս-արևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան շինությունը (13-րդ դար), արևմտյան կողմում՝ վանքի գերեզմանատունը: 1827-ին Թեղենյաց վանք երկրաշարժից հիմնովին ավերվել է: 1980-ական թվականներին պեղվել է վանքի տարածքը (ղեկավարությամբ՝ Գ. Սարգսյանի)՝ բացվել են Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, հիմնական համալիրից (30 մեթր) արևելք՝ փոքր խաչաձև, եռախորան գմբեթավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին (6–7-րդ դար):

 

Տես նկարները՝ տեսադարանի պատկերասրահում:

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am