ԹԵԼԵԹԻ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ. Վրաստանի Հանրապետության Գարդաբանի շրջանի Թելեթ գյուղի մոտ: Ըստ պահպանված արձանագրությունների, տեղում հայկական եկեղեցի գոյություն է ունեցել դեռևս 1002-ին: Վանքը հոգևոր նշանակալի կենտրոնի է վերածվել 17-րդ դարին, իսկ 19-րդ դարին սկսվել է Թելեթի Սուրբ Գևորգ վանքի նոր վերելքի շրջանը, հատկապես 1826-ից, երբ Թիֆլիսի հոգևոր թեմի առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին վանահայր է կարգել Գևորգ Մեհրաբյանցին: Վերջինիս ջանքերով կառուցվել են եկեղեցին (1826), մի շարք սենյակներ (1830), զանգակատունը (1832): 1834-ին եկեղեցու արևելյան պատին ագուցվել են մարմարե 3 սալիկներ՝ ի հիշատակ բարերարներ Գևորգ և Եղիսաբեթ Քեդխուդյանցների: Եկեղեցին նորոգվել է 1850-ական թվականներին՝ գյուղի հայ բնակչության միջոցներով: Վանքին նվիրատվություններ են արել Հովհաննես Միրիմյանցը, Հ. Պապալյանցը և ուրիշներ: Նույն ժամանակահատվածում հիմնվել է նաև ծխական դպրոցը, որի համար 1870-ին կառուցվել է առանձին շենք: 1864–66-ին Թելեթի Սուրբ Գևորգ վանքի վանահոր պաշտոնը վարել է Գրիգոր եպսիսկոպոս Աղափիրյանցը: 1887-ին վանահայր դարձած Հմայակ Տեր-Սարգսյանցը 1889-ից ձեռնարկել է վանքի բարեկարգման աշխատանքներ, 1894-ին՝ վերաբացել ծխական դպրոցը: 1901-ին նորոգվել են եկեղեցու ծածկերը, իսկ 1902-ին, Գ. Գյուզալյանցի և Գ. Հակոբյանցի միջոցներով, նաև՝ եկեղեցին, որի համար բարերարներն արժանացել են Մկրտիչ Ա Վանեցու օրհնության կոնդակին: 1908-ից վերսկսել է գործել հայոց ծխական երկսեռ դպրոցը (մինչև 1913-ը, կրկին վերաբացվել է 1916-ին): Թելեթի Սուրբ Գևորգ վանքը վիրահայոց շրջանում ամենահեղինակավոր ուխտատեղիներից էր: Ամեն տարի, Համբարձման հինգշաբթի օրն այստեղ են հավաքվել բազմահազար ուխտավորներ Կախեթից և Քարթլիից, օթևանել 1904-ին և 1912–1913-ին կառուցված ընդարձակ հյուրասենյակներում: Վանքը մեծ համբավ է ունեցել նաև վրացիների մոտ: Շրջակա բնակավայրերի հայերի համար հոգևոր կենտրոնի իր դերը պահպանել է նաև խորհրդային տարիներին: 1989–91-ին, վանքը նորոգելու պատրվակով վրաց հոգևոր իշխանությունների ձեռնարկած շինարարական աշխատանքների ընթացքում, ոչնչացվել են եկեղեցու մկրտարանի արձանագիր ավազանը և շինությունների պատերին պահպանված շուրջ 2 տասնյակ հայական վիմագրերը, հունածես եկեղեցիներին հատուկ ձևով հիմնովին վերափոխվել է բեմը և այլն: Թելեթի Սուրբ Գևորգ վանք 1992-ին վերաօծվել և գործում է որպես վրացական եկեղեցի:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am