ԹԵՄ. վիճակ , եպիսկոպոսություն , առաջնորդություն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր: 4–5-րդ դարերում Հայ եկեղեցու հոգևոր վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին: Թեմերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնեական համայնքների (ծխերի) հիման վրա: 4-րդ դարի սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին Թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու: Թեմ անվանումն առաջացել է 7-րդ դարին, Բյուզանդական կայսրության արևելք նահանգների վարչական միավորների՝ Թեմերի անունից: Հայ եկեղեցու վարչական միավորների բոլոր տարատեսակները կոչվել են Թեմեր (չնայած ունեցել են տարբեր տարածք և ազդեցություն): Գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոնդակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները՝ տեղերում տնօրինելով հոգևոր, կրթական, մշակութային, անգամ հասարակական, իրավաքաղաքական խնդիրներ: 10-րդ դարին Հայոց կաթողիկոսությանը ենթակա Թեմեր գործել են նաև Հայաստանից դուրս: Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսը (973–992) եպիսկոպոսական Թեմեր է հաստատել նաև Անտիոք, Տարսոն, Տրայանուպոլիս քաղաքներում: Հայ եկեղեցու վարչական սահմաններն արդեն որոշվել են ոչ թե քաղաքական, այլ դավանական բաժանումով: Անկախ բնակության վայրից, Հայ եկեղեցուն են ենթարկվել բոլոր հակաքաղկեդոնական հայերը: Թեմերը եղել են ավատական կենտրոններ և Սոց քաղաքական մեծ ուժ ներկայացրել: Թեմ կրել է այն երկրամասի կամ բնակավայրի անունը, որտեղ գտնվել է թեմակալ առաջնորդի աթոռանիստը: Բացի Սյունյաց Թեմից, որը ճանաչվել է որպես մետրոպոլիտություն, Հայոց բոլոր Թեմերը եպիսկոպոսություններ են եղել: Ուշ միջնադարում պատմաքաղաքական հանգամանքների բերումով որոշ Թեմեր վերացել են, մյուսների տրոհմամբ կամ միավորմամբ ստեղծվել են նորերը: Մեծ Թեմերը տրոհվել են, աստիճանաբար նոր տարածք և ազդեցություն ձեռք բերել և վերածվել ինքնուրույն եկեղեցավարչական միավորների: Ըստ այդմ՝ Հայ եկեղեցում առաջացել են Թեմերի նոր տարատեսակներ՝ եպիսկոպոսական, տեսչական և վանական, եպիսկոպոսական թեմական տեսչություններ, եպիսկոպոսական վիճակ, վիճակ և տեսչական վիճակ, առաջնորդություն, պատվիրակ առաջնորդություն, առաջնորդական փոխանորդություն, տեսչություն, վիճակային և վանական տեսչություն, փոխանորդություն, վիճակավոր հովվություն և հովվություն: 19-րդ դարի կեսին արդեն սրանց մեծ մասը ստացել է «առաջնորդություն» ընդհանուր անվանումը, որը նախկինում հատուկ էր միայն վանահայրերին՝ վանքերի առաջնորդներին: 19-րդ դարի երկրորդ կեսից Թեմերի այս տարատեսակներից առավել խոշորներում (թեմ, տեսչություն, վիճակ) ստեղծվել են հոգևոր և աշխարհիկ անդամներից կազմված թեմական և հոգևոր խորհուրդներ՝ առաջնորդի գլխավորությամբ: Թեմերի կազմավորումն ընթացել է 1860-ի Ազգային սահմանադրության սկզբունքներով: Թեմի կառավարումը կենտրոնացած է առաջնորդի ձեռքում, որին ընտրում է թեմական ներկայացուցչական ժողովը կամ նշանակում Գերագույն հոգևոր իշխանությունը: Թեմի տարածքում առաջնորդն իրավասու է (եթե եպիսկոպոս է) քահանայական ձեռնադրություններ կատարել, տնօրինել եկեղեցու դատական հարցերը, վճռել ամուսնության և ամուսնալուծության խնդիրները, մշակութային կրթական գործունեություն ծավալել, թեմական ժողով հրավիրել և այլն: Թեմի կառավարումն իրականացնելու նպատակով առաջնորդը կարող էր օգնական կամ փոխանորդ նշանակել, որոնք հաճախ գավառներում, գյուղերում կատարել են նաև թեմական վերահսկիչի դեր (անցյալում կոչվել են քորեպիսկոպոսներ): Հայ եկեղեցու թեմական առաջնորդներ կարող են լինել ոչ միայն եպիսկոպոսները, այլև ծայրագույն վարդապետներն ու վարդապետները, որոնք լիակատար իրավասությամբ կրում են առաջնորդի պաշտոնը: Տարբեր ժամանակաշրջաններում փոխվել են Հայ եկեղեցու թեմերի քանակը, անվանումը, առաջնորդանիստ կենտրոնը: Թեմերն ունեցել են կառավարման անկախ կամ կիսանկախ վիճակ: Ներկայումս Հայաստանյայց առաքելական եկեղեցին Թեմեր ունի ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև սփյուռքահայ համայնքներում: Թեմեր ունի նաև Հայ եկեղեցու Կիլիկիո աթոռը: 1996-ի թեմական բաժանմամբ Հայ եկեղեցում ստեղծվել է վարչատարածքային նոր դրություն: Ներկայումս (2001) Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են. Արարատյան հայրապետական, Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունյաց, Արագածոտնի, Գուգարքի, Կոտայքի Թեմերը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Արցախի Թեմ: Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործում են Վրաստանի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի, Հարավային Ռուսաստանի, Ուկրաինայի, Ատրպատականի, Թեհրանի, Սպահանի, Եգիպտոսի (ընդգրկում է Եթովպիայի և Սուդանի հոգևոր հովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը), ԱՄՆ-ի Արևելյան, ԱՄՆ-ի Արևմտյան, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի, Կանադայի, Իրաքի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի, Անգլիայի, Հունաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի Թեմերը, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը (ընդգրկում է Փարիզի, Մարսելի, Լիոնի շրջանները, Հոլանդիայի, Բելգիայի, Իտալիայի հոգևոր հովվությունները, Ալբանիայի համայնքը), Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը (ընդգրկում է Ավստրիայի և Շվեդիայի հոգևոր հովվությունները, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի համայնքները), Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակությունը (ընդգրկում է Կալկաթայի հոգևոր հովվությունը, Ծայրագույն Արևելքի հայ համայնքները):

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am