Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Թեոդորոս Բ Կիլիկեցի

ԹԵՈԴՈՐՈՍ Բ ԿԻԼԻԿԵՑԻ. ծննդյան թվականն անհայտ է, մահացել է 1392-ին Սսում: Ամենայն հայոց կաթողիկոս 1382-ից: Հաջորդել է Պողոս Ա Սսեցուն: Եղել է Կիլիկիայի ազդեցիկ եպիսկոպոսներից, վայելել Կոստանդին Կիլիկեցի իշխանի հովանավորությունը և նրա ու Սսի ամիրայի օժանդակությամբ կաթողիկոսական գահ բարձրացել: 1382-ի վերջին մեկնել է Կահիրե` Եգիպտոսի սուլթանից հաստատում ստանալու: Նրա գահակալության օրոք է Լենկթեմուրը երկու անգամ արշավել Հայաստան և ասպատակել երկրի հարավային շրջանները: Փորձելով բարվոքել Սսի կաթողիկոսարանի վիճակը` ընդդիմացել է տեղի օտար իշխանություններին ու կաթոլիկ նկրտումներին, այդ պատճառով, Թովմա Մեծոփեցու վկայությամբ, 16 հայ իշխանների հետ միասին սպանվել է Սսի նոր ամիրա Օմարի հրամանով: Պահպանվել է 1384-ին լեհահայերին հղած Թեոդորոս Բ Կիլիկեցու օրհնության կոնդակը: Կաթողիկոսական գահին Թեոդորոս Բ Կիլիկեցուն հաջորդել է Կարապետ Ա Կեղեցին:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am