Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Թորամանյան Թորոս Հարությունի

ԹՈՐԱՄԱՆՅԱՆ ԹՈՐՈՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ. ծնվել է 18.3.1864-ին Շապին Գարահիսարում, մահացել է 1.3.1934-իմ Երևանում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիրը: ՀԽՍՀ գիտական վաստակական գործիչ (1933): Բարձրագույն կրթություն ստացել է Կ. Պոլսի Գեղարվեստից վարժարանի ճարտարապետական բաժնում (1888–93): Աշխատել է որպես ճարտարապետ Կ.Պոլսում, Բուլղարիայում, Ռումինիայում, նախագծել է և կառուցել ամառանոցային, պալատական շենքեր, մենատներ: 1902-ին մեկնել է Փարիզ` ճարտարապետական գիտելիքները խորացնելու: Եղել է Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում` Հին աշխարհի ճարտարապետությանը մոտիկից ծանոթանալու նպատակով: 1903-ին տեղափոխվել է Հայաստան, 1904-ի գարնանը ստանձնել Զվարթնոց տաճարի հետազոտությունը, ղեկավարել պեղումները: Ամռանը մեկնել է Անի, որտեղ վերսկսվել էին Ն. Մառի հնագիտական ուսումնասիրությունները, մինչև 1912-ը աշխատել է այնտեղ` որպես գիտարշավախմբի ճարտարապետ: Թորամանյան Թորոսն ուսումնասիրել և չափագրել է Անիի եկեղեցական և աշխարհիկ կառույցները, կազմել վերակազմության նախագծեր: Գիտության համար վերակենդանացրել է Անիի ավերակները: 1905-ին հրատարակվել է Թորամանյան Թորոսի` Զվարթնոցի տաճարին նվիրված հոդվածը` հայկական առաջին ճարտարապետական գիտական ուսումնասիրությունը, որտեղ մեկնաբանվել է հայկական միջնադարյան ամենաբարդ հուշարձանի եռաստիճան հորինվածքի վերակազմությունը: Հրատարակվել են Թորամանյան Թորոսի  մենագրական ուսումնասիրությունները Էջմիածնի Մայր տաճարի, Տեկորի Սուրբ Երրորդություն վանքի, Անիի Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու, Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցու, Հոռոմոսի վանքի, Անիի ճարտարապետության մասին: Թորամանյան Թորոսի չափագրել և հետազոտել է հատկապես Շիրակի ու Արագածոտն գավառների եկեղեցիներն ու վանքերը (Տեկորի, Բագարանի, Ալամանի, Շիրակավանի, Անիի Հովվի եկեղեցիները, Խծկոնքի վանքը և այլն), որոնք այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում և ավերված են: Թորամանյան Թորոսի չափագրությունները և լուսանկարները հայ մշակույթի այդ արժեքավոր հուշարձանների մասին եղած միակ փաստագրական նյութերն են:

1918-ին Վիեննայի Արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր Յոհան Ստրժիգովսկին հրատարակել է «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» գերմանական երկհատոր աշխատությունը Թորամանյան Թորոսի  գիտական ուսումնասիրությունների (անտիպ և հրատարակված) հիման վրա` այդ մասին նշելով առաջաբանում: Այդ համագործակցության շնորհիվ հայկական ճարտարապետը` որպես ինքնուրույն ճարտարապետական դպրոց, միջազգային ճանաչում է ստացել: Թորամանյան Թորոսի, շրջելով Հայաստանում, ավելի քան 30 տարի չափագրել, ուսումնասիրել և նկարագրել է հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, միջնադարյան աշխարհիկ շինություններ և իր իսկ հավաքած ու մշակած նյութերի հիման վրա առաջին անգամ տվել է հայ ճարտարապետության պարբերացումը, ծագման ակունքները, փոխազդեցությունները և զարգացման գրեթե բոլոր փուլերի հատկանիշները: 1969-ին ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը սահմանել է Թորամանյան Թորոսի  անվան մրցանակ, որը շնորհվում է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված լավագույն աշխատությունների հեղինակներին (ստացել են Ն. Տոկարսկին, Ա. Սահինյանը, Վ. Հարությունյանը, Հ. Խալփախչյանը, Պ. Կունեոն, Ա. Ալպագո-Նովելլոն):

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am