ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆ, ՏՈՒՆ ԹՈՐԳՈՄԱ. Հայոց երկրի անվանումը` ըստ Աստվածաշնչի և ըստ աստվածաշնչյան հնագույն մեկնությունների: Թորգոմ անունն առաջին անգամ հիշատակվել է Ծննդոց գրքում` Նոյի որդու` Հաբեթի ազգաբանության մեջ. «Հաբեթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը: Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը և Թորգոման» (10.2–3): Թորգոմա տուն արտահայտությունը երկու անգամ հանդիպում է Եզեկիելի մարգարեության մեջ. առաջին դեպքում` իբրև Տյուրոսին ձի ու ջորի վաճառող երկրի անուն («Թորգոմատնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները», 27.14), երկրորդ դեպքում` կապված Գոգի ու Մագոգի արշավանքի հետ, երբ, ի թիվս այլևայլ ազգերի ու ժողովուրդների, օրերի վախճանին, Թորգոմա տուն էլ է արշավելու վերաբնակեցյալ երկրի` Աստծո ժողովրդի վրա, որտեղ և պատժվելու է (38): Մովսես Խորենացու կազմած ազգացանկում Թորգոմը սերում է Հաբեթից (Հաբեթ-Գամեր-Թիրաս-Թորգոմ), իսկ Թորգոմից սերում է հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորը («Հայոց պատմություն», 1997, գիրք Ա, գլուխ Ե): Հետազոտողներն ավանդաբար Թորգոմա տուն նույնացնում են Հայաստանի հետ: Ըստ այլ հետազոտողների` Թորգոմա տուն խեթական արձանագրությունների Թեգարամա կամ Թագարամա երկրանունն է և ասորական արձանագրությունների Թիլ-Գարիմմու երկրանունը: Ուշագրավ է, որ Մովսես Խորենացին Հաբեթի տոհմի ճյուղագրությունը հանգեցնում է Արամին և Արա Գեղեցիկին` հենվելով իրեն հայտնի պատմական աղբյուրների վրա:

 

 

 

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am