ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ. ծնվել է 13-րդ  դարի 20-ական թվականներին, մահվան թվականն անհայտ է: 13-րդ դարի երկրորդրդ կեսի մանրանկարիչ և գրիչ: Կիլիկյան մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ: Ապրել և աշխատել է Հռոմկլայում (Կիլիկիա), եղել Հռոմկլայի դպրոցի առաջատար նկարիչը: Աշակերտել է Հռոմկլայի նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Պահպանվել են Թորոս Ռոսլինի ստորագիր թվագրված 7 ձեռագիր մատյաններ. 1256-ի «Զեյթունի Ավետարանը» (Մատենադարան, ձեռագիր դ 10450), 1268-ի «Մալաթիայի Ավետարանը» (Մատենադարան, ձեռագիր դ 10675), 1260-ի, 1262-ի, 1265-ի Ավետարանները և 1266-ի «Մաշտոցը» (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարան, համապատասխանաբար` ձեռագիր դդ 251, 2660, 1956, 2027), 1262-ի «Սեբաստիայի Ավետարանը» (Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ, ձեռագիր դ 539): Թորոս Ռոսլինին են վերագրվում ևս երեք ձեռագրերի` 1250-ական թվականների սկզբի Ավետարանի, Հեթում Ա-ի 1266-ի Ավետարանի մասերի (Մատենադարան, ձեռագիր դդ 8321 և 5458) և 1260-ական թվականների «Վասակ իշխանի Ավետարան»-ի (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռագիր դ 32.18) մանրանկարները: Նրան հովանավորել և ձեռագրեր են պատվիրել Հայոց Հեթում Ա և Լևոն Գ թագավորները, Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը, Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները: Թորոս Ռոսլինի  արվեստի արմատները սերում են 12-րդ դարի վերջի ու 13-րդ դարի սկզբի կիլիկյան մանրանկարչությունից, որն իր հերթին շարունակում է 11-րդ դարի հայկական գրքային գեղանկարչության, այսպես կոչված` «ազնվականական» ուղղությունը: Նրա անվան հետ է կապված հայկական գրչարվեստում մինչ այդ աննախադեպ (և ընդհանրապես` հազվադեպ) պատկերազարդման շարքերի ընդարձակումը: Թորոս Ռոսլինի մանրանկարները պատկերում են ոչ միայն քրիստոնեական 12 հիմնական պատկերագրության թեմաները (ինչպես սովորաբար ընդունված էր հայկական ձեռագրերում), այլև` հաճախ, քայլ առ քայլ հետևելով ավետարանական Ողջ պատմությանը, ներառվում են տեքստի սյունակներում և լուսանցքներում: Ավետարանական շարքի հիմնական տեսարաններում Թորոս Ռոսլինին ընդհանուր առմամբ հետևել է հայկական արվեստում ընդունված պատկերագրության նորմերին, երբեմն, բյուզանդական օրինակների ազդեցությամբ, փոխել է միայն պատկերագրման տեսակը, կամ, հազվադեպ, ընդունել բյուզանդական հորինվածքները: Նա ծանոթ է եղել նաև տարբեր երկրների ու ժողովուրդների, մասնավորապես հարևան խաչակրաց պետությունների ձեռագիր մատյաններին: Դրա վկայությունն են պատկերագրական այնպիսի առանձին օրինակներ, ինչպես Զեյթունի և Սեբաստիայի Ավետարանների դեկորատիվ թերթերում` Աստծո Գառը խաչով, կամ «Մալաթիայի Ավետարան»-ի «Խաչելությունում»` եկեղեցին և սինագոգը խորհրդանշող պարեգոտներ կրող կերպարները` թագերով և դրոշներով: Բայց դրանք նշանակալի դեր չեն խաղացել Թորոս Ռոսլինի  ո՛չ պատկերագրություններում, ո՛չ էլ մանրանկարների ոճում: Հիմնականում հենվելով հայկական և բյուզանդական պատկերագրության վրա` նկարիչը միաժամանակ իր պատկերազարդումներում ներառել է բազմաթիվ նորույթներ` ստեղծագործաբար մոտենալով իր առջև դրված խնդիրներին: Թորոս Ռոսլին ոչ թե պարզապես նկարազարդել է ավետարանական պատմության այս կամ այն դրվագը` համաձայն պատկերագրության ավանդույթի, ոչ միայն խորամուխ է եղել Ավետարանի համապատասխան հատվածների մեջ, այլև մի շարք դեպքերում զուգահեռներ է անցկացրել հին կտակարանային տեքստերի հետ, ի հայտ բերել դրանց հիանալի իմացություն, ստեղծել գեղանկարչական մեկնության ինքնատիպ օրինակներ: Այսպես, նա հին կտակարանային մարգարեներին տեղադրել է ավետարանական առանձին տեսարաններում և խորանների ճակատամասերում, որտեղ նրանք բռնած պահում են իրենց մարգարեական գրությունների ոլորաթերթերը` հիշեցնելով, որ Քրիստոսի կյանքի իրադարձությունները մարգարեացված են Հին կտակարանում: Թորոս Ռոսլինի  մանրանկարների պատկերագրության ամենահատկանշական ու գրավիչ գիծը ավետարանական պատմություններին նոր հայացքով նայելու ձգտումն է: Նա Քրիստոսին ներկայացրել է որպես կենդանի մարդ` շրջապատված չար ու բարի մարդկանցով: Դարերով սրբագործված կանոններում մտցրել է ժամանակի իրողություններն արտացոլող բազմաթիվ տարրեր: Նույնիսկ քրիստոսաբանական շարքի առավել կանոնակարգված գլխավոր տեսարաններին Թորոս Ռոսլինին տվել է կենդանություն` բնական կեցվածքներով ու դեմքերի արտահայտություններով, հաղորդել տարբեր հուզական և հոգեկան վիճակներ: Չարչարանքների շարքի տեսարաններում նկարիչը մեծ վարպետությամբ է հաղորդել կատարվածի դրամատիզմը, գործող անձանց խոր, սակայն զուսպ զգացմունքները: Նա բնական երանգավորում է հաղորդել այնպիսի խորհրդապաշտական և խորհրդանշային տեսարանի, ինչպիսին է Պայծառակերպությունը, որտեղ համոզիչ կեցվածքով պատկերված են ոչ միայն արտասովոր տեսիլքից զարմացած առաքյալները, այլև Քրիստոսի հետ հանգիստ, մտերմիկ զրուցող Եղիան և Մովսեսը: Ազատ մտածողությամբ առանձնանում են պատմողական ընդարձակ շարքի տեսարանները, որոնցից շատերը հազվադեպ են պատկերել նկարիչները, իսկ մի քանիսն էլ նախադեպը չունեն ո՛չ հայկական, ո՛չ բյուզանդական ձեռագրերում: Հետևելով ավետարանական տեքստին` Թորոս Ռոսլին երբեմն այն լրացրել է պարականոն աղբյուրներից քաղված մանրամասնություններով: Այսպես. «Մոգերի վերադարձում» զորքի ուղեկցությամբ հեծյալ մոգերի սրընթաց արշավի պատկերը (հնարավոր է, հղացվել է Հիսուսի մանկությունը պարականոն ավետարանից) անկասկած ստեղծվել է նկարչի բազմիցս տեսած` Կիլիկիայի հայոց արքայի և իշխանների գլխավորած հեծելախմբերի տպավորության տակ: Զինվորները կրում են նկարչի ժամանակի սաղավարտներ, զենք ու զրահ, ծածանվող դրոշներ: Երկրորդական գործող անձանց (կանանց) զգեստներն ու գլխարկները Թորոս Ռոսլինի ժամանակի կիլիկյան զգեստներ են` ֆրանսական նորաձևությամբ: Որոշ տեսարաններ գրեթե կենցաղային են. Հուդայի և պահակախմբի համար փող կշռող քահանայապետներն ու ավագանին նման են առևտրականների, իսկ «Հացի ու ձկների հրաշքը» հիշեցնում է զբոսախնջույք բաց երկնքի տակ: «Վասակ իշխանի Ավետարան»-ի «Հաղորդությունում» առաքյալների հետևում պատկերված փակ վարագույրը հայկական եկեղեցիներում ընդունված արարողակարգից է (եկեղեցում վարագույրը հոգևորականին բաժանում է հաղորդություն ստացող ծխականից): «Մոգերի երկրպագությունը» (1260-ի Ավետարան) նույնպես նկարչի ապրած ժամանակաշրջանից է, որտեղ մոգերի սովորական խմբին ավելացված է ևս հինգ անձ` խալաթներով, տափակ գլխարկներով, մոնղոլական դիմագծերով և մակագրությամբ` թաթարներ: Այս պատկերը, անկասկած, անդրադարձն է մոնղոլներին քրիստոնեական հավատի բերելու այն հույսերի, որ իրական էին թվում Կիլիկիայում, հատկապես Հեթում Ա թագավորի 1254-ին Կարակորում կատարած ուղևորությունից հետո: Թորոս Ռոսլինի արվեստի համար հատկանշական է այն, որ նա նույնությամբ չի կրկնել միևնույն հորինվածքը: Թորոս Ռոսլինի մանրանկարներում առանձնակի տեղ են գրավում արքայազն Լևոնի (ապագա Լևոն Գ) երկու դիմանկարները: Առաջինում` 1250-ական թվականներին վաղ ձեռագրում (Մատենադարան, ձեռագիր դ 8321) պատանի թագաժառանգը կանգնած է կամարի տակ, գլխավերևում` զույգ հրեշտակներ, երկրորդում` պսակադրության առիթով պատվիրված 1262-ի Ավետարանում (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր դ 2660), նա պատկերված է երիտասարդ կնոջ` Կեռանի հետ: Ավետարանագիրքը` Լևոնի, վառվող մոմը Կեռանի ձեռքում հիշեցնում են հարսանեկան արարողություն: Նրանք կանգնած են երկթռիչք կամարի տակ, վերևում նրանց օրհնող Քրիստոսն է` երկու հրեշտակների հետ: Այս երկու դիմանկարները գրեթե փաստագրական տեղեկություն են տալիս Կիլիկիայի արքայական տան տոնական հանդերձանքի մասին: Լևոնի դեմքը երկու պատկերներում էլ վնասված է: Սակայն Կեռանի նուրբ դիմագծերը, կանացի գրավիչ կերպարը վկայում են անհատականացված կերպար ստեղծելու նկարչի ձգտման մասին: Պատկերված անձանց օժտելով կենսունակությամբ ու դինամիկայով, ձգտելով տարբերել նրանց նկարագիրն ու հոգեվիճակը` Թորոս Ռոսլին մասամբ հաղթահարել է մարդու պատկերման` միջնադարյան կերպարարվեստի համար ավանդական պայմանականությունը: Թորոս Ռոսլինի գեղանկարչությունն առանձնանում է գեղարվեստական կառուցվածքի կատարելությամբ, հորինվածքային լուծումների հստակությամբ, տարածականության պատկերման պարզությամբ (հեռանկարչության տարբեր հնարների օգտագործմամբ), գունային երանգների ներդաշնակությամբ (որտեղ վառ, տեղային գույնը կապակցվում է բարդ, խառը տոներին), զարդապատկերների հարստությամբ ու նրբաձևությամբ, գծի գեղեցկությամբ, համամասնությունների համաչափությամբ, մարդկային կեցվածքների բնականությամբ: Հիմնական գունային հարաբերություններն են` կապույտը ոսկու հետ` լրացված սառը մանուշակագույնով, թավշե կանաչով, կավաքարի հարուստ նրբերանգներով, ինչպես նաև սպիտակ կամ սև ուղղագծերով և կարմիրի նրբաճաշակ ամրացումներով: Գունագեղ մակերեսի մշակումը բազմազան է. վառ, փայլուն երանգներով ողողված հատվածներին հաջորդում է բարակ, թեթև ու թափանցիկ մակերեսային շերտ, որի տակից լուսարկում է մագաղաթի սպիտակ տոնը: Հատկապես հարուստ են դեմքերի նրբերանգավորումները: Թորոս Ռոսլինի գեղագիտական հավատամքն իր բարձրագույն արտահայտությունն է ստացել Քրիստոսի կերպարում, որտեղ ընդհանուր ոչինչ չկա բյուզանդական վերացական մեծափառությունից, խստությունից ու անդրանցականությունից: Շատ կողմերով Քրիստոսի պատկերումը տարբերվում է նաև ավելի վաղ շրջանի հայկական կերպավորումներից: Այստեղ նա օժտված է ներքին գեղեցկությամբ, ինչը ստեղծվում է ոչ այնքան ճշգրիտ դիմագծերով, որքան ոգեղենի արտացոլման գեղեցկությամբ մեծությունը զուգակցվում է հեզության, ազնվականությունը` ներքին ուժի և առնական զսպվածության հետ: Թորոս Ռոսլինի արվեստի կերպարային բովանդակությունն ունի լուսավոր հանդիսություն, որտեղ խաղաղ և զուսպ ուրախությունն ուղեկցվում է թեթև թախիծով: Գեղարվեստական մտածողության ազատությունը և պատկերագրական լեզվի կատարելությունը Թորոս Ռոսլինի գեղանկարչությունը դասում են միջնադարյան քրիստոնդական արվեստի ամենաառաջավոր և բարձրագույն նվաճումների շարքը: Լինելով միջնադարյան կերպարվեստի բարձունքներից` նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել հայկական գրքային գեղանկարչության հետագա զարգացման վրա:

 

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am