ԹՈՐՈՍ ՏԱՐՈՆԱՑԻ, ՄՇԵՑԻ. ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, 14-րդ դարի առաջին կեսի գրիչ, մանրանկարիչ, տաղասաց: Ծնվել է Տարոնի Մուշ քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Գլաձորի համալսարանում՝ րաբունապետ Եսայի Նչեցու մոտ: Ստեղծագործել է Սյունիքի տարբեր գրչատներում: Մեզ են հասել 1307–46-ին Թորոս Տարոնացու նկարազարդած 24 ձեռագրեր, որոնցից 11-ը պահվում են Մատենադարանում: Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը «Եսայի Նչեցու Ավետարանն» է (1307, Սուրբ Ղազար վանքի մատենադարան, ձեռագիր դ 1917): Թորոս Տարոնացու լավագույն ստեղծագործությունների թվին են պատկանում նկարազարդ երկու Աստվածաշունչ (ձեռագիր դ 206, 353), երկու Ավետարան (ձեռագիր դ 6289, 8936, չորսն էլ` Մատենադարանում) և մեկ Ճաշոց (Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարան, ձեռագիր դ 96): Հատկապես ճոխ է զարդարված 1318-ի Աստվածաշունչը (Մատենադարան, ձեռագիր դ 206), որը մասնագետները համարել են Գլաձորի գրչության դպրոցի գլուխգործոց: Ձեռագրում Ավետարանը զարդարված է կանոնիկ նկարներով, իսկ Հին կտակարանն ու Գործք առաքելոցը զուգորդված են փոքրիկ պատկերներով, որոնք արտահայտում են տվյալ տեքստի ամենաէական դրվագը կամ հիմնական գաղափարը: Այս եղանակը կապված էր լատաին Աստվածաշնչերի նկարազարդման համակարգի հետ: Օգտվելով լատին օրինակներից և կրելով կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը` Թորոս Տարոնացի յուրովի է վերարտադրել տեսածը, գրեթե անփոփոխ թողնելով իր ոճը: Հատկապես տպավորիչ են մեծ, նշաձև աչքերով, շեշտված աղեղնաձև հոնքերով կերպարները: Թորոս Տարոնացու նկարազարդած ձեռագրերն առանձնանում են զարդաձևերի առատությամբ ու բազմազանությամբ: Տեղական ավանդույթների ու ժողվրդական արվեստի հետ սերտ կապերի մասին է վկայում յուրաքանչյուր մանրուք զարդանախշելու նկարչի ձգտումը: Բուսական և երկրաչափական զարդերին զուգընթաց առկա են նաև իրական ու հրաշապատում էակների պատկերներ: Դրանցում արտացոլվել են տոտեմական, բնության ուժերի պաշտամունքի, հին հավատալիքների ու հնամենի այլ պատկերացումներ, որոնք քրիստոնեական արվեստում վերաիմաստավորվել են, ստացել նոր խորհրդանշական իմաստ: Թորոս Տարոնացու արվեստում մեծ տեղ է գրավում Աստվածամոր կերպարը: Հատկապես հաջողված են «Տիրամայրը մանկան հետ» պատկերի բազմազան տարբերակները: Ուշագրավեն նաև նրա ինքնանկարները, Եսայի Նչեցու դիմանկարը և այլն: Վառ ու հագեցած գունաշարը, ոսկու չափավոր օգտագործումը հնչեղություն ու տոնականություն են հաղորդել նկարչի մանրանկարներին: Թորոս Տարոնացին եղել է նաև միագույն գծանկարի մեծ վարպետ:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am