ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ. Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ: Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ` կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում): Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտ ագնացության օրեր: Կա տեսակետ, որ Թուխ Մանուկ սրբավայրերը կապված են հեթանոսական Հայաստանում հերոս նախնիների` «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները: Հայ իրականության մեջ երիտասարդական միությունները կամ «կտրիճաւորաց եղբայրութիւնները» փոփոխվելով` հարատևել են և պահպանվել նաև միջնադարում: Քրիստոնեությունը աշխատել է Թուխ Մանուկի պաշտամունքը վերաիմաստավորել, օրինակ, 13-րդ դարի Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի «Երիտասարդական եղբայրութեանը» քրիստոնեական կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել: Թուխ Մանուկի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից Մանկանց, Քառասուն Մանկանց և ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am