ԹՈՎՄԱ ԱՐԾՐՈՒՆԻ. ծննդյան և մահվան թվականներն անհայտ են: 9-10-րդ դարերի պատմագիր, վարդապետ: 870-ական թվականներին սկսել և 10-րդ դարի սկզբին ավարտել է «Արծրունեաց տան պատմութիւն» երկը, որտեղ շարադրել է Արծրունիների նախարարական տոհմի պատմությունը` այն հարակցելով Հաայաստանում ծավալված քաղաքական, կրոնական, մշակութային տեղաշարժերի հետ: Շարադրանքն սկսվում է վաղնջական ժամանակներից և հասցվում մինչև 10-րդ դարի սկիզբը: Երկասիրությունը բաժանված է դպրությունների և գլուխների: Առաջին դպրությունն ընդգրկում է մինչև 5-րդ դար տեղի ունեցած եղելությունները: Հեղինակն անդրադարձել է նաև Հայաստանում 301-ին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հանգամանքներին, Հայ եկեղեցու պատմությանը, մասնավորապես եկեղեցու և Մարդպետների նախարարության նահապետի (Հայր Մարդպետի) միջև ընթացող սուր մրցապայքարին, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի գործունեությանը, հեթանոսության դեմ Հայ եկեղեցու անզիջում պայքարին, Մերուժան Արծրունու և նրա հետևորդների հակաեկեղեցական ձեռնարկումներին, Սահակ Ա Պարթևի գործունեությանը (գլուխ Ժ–ԺԱ): Աշխատության Բ դպրությունն ընդգրկում է Հայոց Արշակունիների թագավորության անկմանը (428) հաջորդած իրադարձությունները` հասցվելով մինչև 850-ը: Հեղինակը վեր է հանել 450–451-ի ժողովրդաազատագրական պատերազմի հանգամանքները, եկեղեցու, հոգևորականության դերը այդ շարժման ընթացքում (գլուխ Ա), Սասանյանների գերիշխանության պայմաններում մարզպանական Հայաստանի, Հայ եկեղեցու կացությանն առնչվող հարցերը (գլուխ Բ–Գ), իսլամի ծագման, Հայաստանում Արաբական խալիֆայության տիրապետության հետ կապվածանցքերը (գլուխ Դ): Պատմագիտական կարևոր արժեք ունեն նույն դպրության Ե–Է գլուխները, որտեղ պատմիչը, իբրև դեպքերի ականատես, ընդգրկել է 9-րդ դարի կեսին Հայաստանում խալիֆայության զորապետների կատարած խժդժությունների, հայ ժողովրդի ազատագրական պայքարի լուսաբանման համար կարևոր տեղեկություններ: Ազատագրական պայքարի հենքի վրա տրված է նաև Հայ եկեղեցու պատմությունը (գլուխ Զ–Է): Թովմա Արծրունու երկասիրության առավել արժեքավոր բաժինը Գ դպրությունն է, որտեղ պատմիչը շարադրել է 851-ի Աբբասյան խալիֆայության զորապետ Բուղայի արշավանքը Հայաստան, նրա չարագործությունները, հայ նախարարների գերեվարությունը, երկրի դառնաղետ վիճակը, բռնի կրոնափոխությունը, բռնակալների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարը և այլն: Պատմագիրը պատկառելի տեղ է հատկացրել նաև քրիստոնեական հավատի համար նահատակվածներին (գլուխ Բ, Դ, Թ, ԺԱ, Զ), այդ թվում նաև այն հայ եկեղեցականներին, ովքեր մահը գերադասել են ուրացությունից: Պատմությունը արժեքավոր տեղեկություններ է պարունակում նաև Վրաստանի, Աղվանքի և հարևան այլ երկրների մասին: Թովմա Արծրունու հաղորդած տվյալները հաստատվում են հայ և արաբ մատենագիրների վկայություններով: Թովմա Արծրունու երկը թերի է. վերջին [ԻԹ (29-րդ)] անավարտ գլխից հետո նրան կցվել է Անանուն պատմագրի աշխատության առաջին գլուխը` որպես նույնի շարունակություն: Ապա հաջորդում են Անանունի «Պատմության» մյուս գլուխները` իբրև Թովմա Արծրունու երկասիրության Դ դպրության մասեր, որոնց կցված է հավելյալ մի գլուխ` հիշատակարանով: Այդ պատճառով Թովմա Արծրունու և Անանունի երկերը ավանդաբար համարվել են միայն Թովմա Արծրունու հեղինակած գործ: Թովմա Արծրունու Պատմությունը մեծարժեք պատմական սկզբնաղբյուր է և աչքի է ընկնում փաստերի առատությամբ և արժանահավատությամբ: Պատմությունը առաջին անգամ տպագրվել է 1852-ին, Կ. Պոլսում, ապա թարգմանվել և հրատարակվել է ֆրանսերեն:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am