ԹՈՎՄԱ ՄԵԾՈՓԵՑԻ. ծնվել է 1378-ին, Արճեշ քաղաքի Աղի գյուղում, մահացել է 15.5.1446-ին Մասյացոտն գավառի գյուղում, թաղվել է Մեծոփավանքում: Պատմիչ, մանկավարժ, եկեղեցական, մշակութային և հասարակական գործիչ: Մեծոփեցի է կոչվել երկար տարիներ Քաջբերունիքի Մեծոփ գյուղում ապրելու համար: Ուսումնառությունն սկսել է 1386-ից, Մեծոփավանքում` Հովհաննես Մեծոփեցու մոտ, 1393-ից ուսանել է Խառաբաստավանքի վարդապետարանում` աշակերտելով Սարգիս Ապրակունեցի, ապա` Վարդան Հոգոցվանեցի րաբունապետներին:
1406-ից սովորել է Տաթևի համալսարանում` Գրիգոր Տաթևացու մոտ: 1410-ին Թովմա Մեծոփեցի Մեծոփում ստանձնել է տեղի վանահայրությունն ու վարդապետարանի րաբունապետությունը` պաշտոնավարելով ավելի քան 30 տարի: Թովմա Մեծոփեցու մանկավարժական գործունեության ընթացքում Մեծոփա դպրոց են հրավիրվել ճանաչված մասնագետներ, ստեղծվել են դասագրքեր, կատարվել տարբեր երկերի մեկնություններ: Դպրոցի մատենադարանում ընդօրինակել, ծաղկել ու կազմել են հայական բազմաթիվ ձեռագիր մատյաններ: Մեծոփը դարձել է գրչության կարևոր կենտրոն, որտեղ Թովմա Մեծոփեցի ուսուցանել է գրչության արվեստ, պատրաստել գրագիրներ, գրիչներ, գրչության արվեստի ուսուցիչներ: Թովմա Մեծոփեցի գրել է պատմական մի շարք գործեր: Ամենահայտնին «Պատմութիւն Լանկ Թամուրայ եւ յաջորդաց իւրոց» (1860, քննադատական բնագիրը աշխատասիրական Լ. Խաչիկյանի, 1999) երկն է, որն ընդգրկում է 1386–1440-ի իրադարձությունները: Այն 15-րդ դարի պատմական հազվագյուտ երկերից է և կարևոր աղբյուր Լենկթեմուրի, ինչպես նաև կարակոյունլու և ակկոյունլու քոչվոր ցեղերի մղած պատերազմների շրջանի Հայաստանի ու Միջին Արևելքի պատմության ուսումնասիրման համար: Թովմա Մեծոփեցու պատմական երկերից է նաև «Յիշատակարանը» (1892), որը շարունակում և լրացնում է Պատմությունը և վերաբերում Հայոց կաթողիկոսական աթոռը Կիլիկիայի մայրաքաղաք Սսից Վաղարշապատ տեղափոխելուն: Պատմական արժեք ունեն նաև Թովմա Մեծոփեցու թղթերը, խմբագրած ձեռագրերի բոլոր հիշատակարանները: Նա սրբագրել, խմբագրել ու մշակել է կրոնադավանաբանական, ծիսական, երաժշտական, գեղարվեստական և մեկնողական բազմաթիվ երկեր: 1441-ին Հովհաննես Հերմոնեցու և այլոց հետ կազմակերպել է Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովը` մեծապես նպաստելով Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու գործին: Այնուհետև մինչև 1443-ը մնացել է Էջմիածնում և օգնել նորընտիր կաթողիկոսին:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am