ԾՈՐԾՈՐԻ ՎԱՆՔ. Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում (այժմ՝ Իրանի Մակու քաղաքից հյուսիս-արևմուտք, Զանգմար գետի ձախ ափին): 13-րդ դարին վերջին հիմնադրել է Զաքարիա եպիսկոպոսը: Հիշատակվում է 1314-ից: Ծործորի վանք, լինելով Արտազի հայկական իշխանության մշակութային կենտրոն, վերելք է ապրել 14-րդ դարին առաջին կեսին, երբ այստեղ է հաստատվել Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի): Բացվել են բարձրագույն դպրոց, գրչության կենտրոն, գրվել և թարգմանվել են աստվածաբանական երկեր ու մեկնություններ, ընդօրինակվել ձեռագրեր: Հովհաննես Երզնկացին այս վանքում է գրել «Մեկնութիւն մարգարեութեանն Դանիէլի», «Մեկնութիւն Մատթէի Ավետարանին», «Համառօտ տեսութիւն քերական» երկերը, քարոզներ, չափածո ստեղծագործություններ և այլն: 1316-ին Զաքարիա եպիսկոպոսը և Հովհաննես Երզնկացին մասնակցել են Ադանայի եկեղեցական ժողովին:

Ծործորի վանք 14-րդ դարին դարձել է միարարական շարժման (տես Ունիթորություն) կենտրոն: Վանքին կից բացված դպրոցում գիտամանկավարժական աշխատանք է կատարել Ֆրա Պոնցիուս վարդապետը: Ծործորի բարձրագույն դպրոցում հայերեն են թարգմանվել եվրոպական սխոլաստիկայի անվանի ներկայացուցիչներ Նիկողայոս Լյուրացու, Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի երկերը:

 Ծործորի վանք գործել է մինչև 17-րդ դարին վերջը: 1995-ին  Ծործորի վանքի Սուրբ Աստվածածին խաչաձև գմբեթավոր եկեղեցին (1298–1314, կառուցված է սրբատաշ քարով), Մակուում արհեստական լիճ ստեղծելու կապակցությամբ, իրանահայ ճարտարապետ Վ. Առաքելյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, տեղափոխվել է բարձրադիր վայր, Բարոն գ. մոտ:

 

 

Աղբյուրը՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am