ԹՎԵՐԳ, ճարտասանական եղանակավոր խոսքից մինչև ասերգի սահմաններն ընդգրկող երգեցողության ձև (ոգումն, առասացություն, ասերգություն, թվերգություն և այլն): Աշխարհիկ երգարվեստում Թվերգի կիրառման հիմնական ոլորտը վիպականն է (բառ ասել, վեպ ասել), որտեղ առկա է նաև թվերգի և թվելյաց երգերի միջև եղած կապը: Հոգևոր երգարվեստի ոլորտում թվերգի նշանակությունը առավել կոնկրետացված է և առնչվում է սաղմոսերգությանը: Նեղ առումով թվերգությունը սաղմոսերգության երկու (Կոմիտաս) տեսակներից մեկն է: Եկեղեցում թվերգությամբ են հնչում քարոզը, Ավետարանից և Հին կտակարանի մարգարեների գրքերից քաղված հատվածները: Ի տարբերություն սաղմոսասացության (սաղմոսերգության մյուս տեսակն է), թվերգն ունի երաժշտական և տաղաչափական կանոնավոր նկարագիր:
Թվերգի ձայնելևէջային, կշռութային, կառուցվածքային բնութագրերը պայմանավորված են լեզվի (գրաբարի) առոգանական, մասնավորապես` շեշտական և կառուցվածքային հատկանիշներով: Թվերգին բնորոշ է որոշակի ձայնամիջոցով սահմանափակված ձայնակարգային հիմք և մեղեդիական տիպական դարձվածքների առկայություն, որոնցով նա սերտ կապի մեջ է վիպական արվեստի հետ: Թերևս նաև դա է նկատի ունեցել Կոմիտասը, երբ գրել է, թե հնում սաղմոսերգությունը, հավանաբար, կատարվել է ժողովրդական եղանակներով: Թվերգն երգվում է լեզվի առոգանության և տրոհության նշանների համաձայն, որոնք, երաժշտական նշանակությամբ հանդերձ, հայտնի են նաև որպես «Առոգանական խազերի համակարգ: Ըստ իրենց կիրառական նշանակության, Կոմիտասն այդ նշանները բաժանել է երեք խմբի` տևողության, առոգանության, տրոհության: Կիրառվելով 8-րդ դարից` առոգանական խազերի համակարգը զարգացման մի քանի շրջան է ունեցել և 12-13-րդ դարերին են հասել իր բարձունքին: Թվերգի` մեզ հասած հնագույն խազագրված օրինակները պատկանում են 9-10-րդ դարեր` Մլքե թագուհու (851), Աշոտ սպարապետի (909), Էջմիածնի (989), Նարեկյան (1069) և այլ Ավետարաններ:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am