ԵԴԵՄերանության, բերկրության վայր, հրաշագեղ երկիր, որը, ըստ Աստվածաշնչի, գտնվում էր Արևելքում: Նրա կենտրոնում էր Աստված տնկել դրախտը, իսկ Եդեմից դուրս էր գալիս մի գետ՝ դրախտային պարտեզը ջրելու համար (դա, ըստ Աստվածաշնչի մեկնիչների, խորհրդանշում է երկնային գետը, իսկ նրա ԵԴԵՄԻԱ ջրերը՝ երկնային կյանքի տարածումը): Այնուհետև գետը բաժանվում էր չորս ճյուղերի՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եփրատ (Ծննդ. 2.8–15): Սրանից ելնելով՝ մի շարք մեկնիչներ կորուսյալ Եդեմը կամ դրախտը զետեղում են Հայաստանում, մյուսները՝ այլ տեղեր: Սակայն, ըստ Աստվածաշնչի, հիշյալ Եդեմը, Ադամի և Եվայի արտաքսմամբ, կորսված է և Աստծո սուրբ կամքի համաձայն՝ արգելված ու փակված հին մարդու՝ Ադամի և նրա սերնդի համար. «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. 3.24): Դեպի դրախտ, դեպի կենաց ծառ տանող ճանապարհը բացվում է Հիսուս Քրիստոսով, իր՝ տերունական խոսքի համաձայն, թե՝ «...Ես իսկ եմ հարություն և կյանք...» (Հովհ. 11.25):

Աստծո Որդու քավչարար արյամբ սրբված հավատացյալներին, խոստացվում է մի նոր Եդեմ՝ կենաց պարտեզ՝ առավել փառավոր և հավիտենական՝ Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ. «Երանելի են նրանք, որ պահում են նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով» (Հայտնություն 22.14):

 

 

Տես նաև՝ Դրախտ

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am