ԵԴԵՍԻԱ, Ուռհա, Ուրֆա (ասորերեն՝ Օրհայ, արաբերեն՝ Ռուհա).  քաղաք Միջագետքի հյուսիս-արևմուտքում: 132 ՔԱ 216 ՔԵ՝ Եդեսիայի թագավորության (Օսրոյենե, հայկական աղբյուրներում՝ Միջագետք Ասորվոց) կենտրոնը: Հյուսիսից սահմանակից էր Հայոց Միջագետքի Արվաստան, Ծավդեք (Զավդեք) և Ամիդ գավառներին: Հիմնական բնակիչներն էին ասորիները և հայերը: Եդեսիայի թագավորության գահակալները, որոնք ազգությամբ կա՛մ ասորի էին, կա՛մ հայ, կրել են Աբգար անունը: Հայոց Տիգրան Բ Մեծ և Սանատրուկ թագավորների օրոք Եդեսիայի ողջ երկրի հետ մտել է Հայաստանի կազմի մեջ: 216-ին Հռոմի Կարակալա կայսրը Եդեսիան դարձրել է հռոմեական գաղութ: 363-ի հռոմեա-պարսկական հաշտության պայմանագրով Եդեսիան անցել է Սասանյան Իրանին:

Դեռևս 1-2 դարերին Եդեսիայում սկսել են ձևավորվել առաջին քրիստոնեական համայնքները, որոնք էական դեր են խաղացել Արևելքում քրիստոնեության տարածման գործում: Ըստ ասորական և հայկական եկեղեցական, ավանդության, Հիսուսի երկու առաքյալների՝ Թադեոսի և Բարդուղիմեոսի՝ Անտիոքից Հայաստան գալու ճանապարհն անցնում էր Եդեսիայով: Այստեղ էլ նրանք հիմնել են Արևելքի առաջին եկեղեցին: Քրիստոնեական ավանդազրույցներում Եդեսիայի առաջին վարդապետ է հիշատակվում Ադդան, որին, իր քարոզչական գործունեությունը Եդեսիայում ավարտելուց և Ծոփք մեկնելուց առաջ, ձեռնադրել էր Թադեոս առաքյալը: Համաձայն եկեղեցական ավանդության, դա կատարվել է Աբգար 5-րդ Ուկամայի (Սև) օրոք (4–50), որը նամակագրություն ուներ Հիսուսի հետ և նրանից ստացել էր մի կտոր կտավի վրա հրաշքով դրոշմված փրկչական պատկերը: Նույն ասքի համաձայն, ավելի ուշ՝ Հիսուսի համբարձումից հետո, նրա պատգամով Եդեսիա եկած Թադեոսը բուժել է բորոտությամբ տառապող Աբգար թագավորին, որը դրանից հետո հրամանով քրիստոնեությունը Եդեսիայում հռչակել է պաշտոնական կրոն: Այս ավանդապատումներն այլաբանորեն ակնարկում են, որ քրիստոնեական վարդապետությունը մուտք է գործել Եդեսիա դեռևս Քրիստոսի օրոք և առաքյալների գործունեությամբ ավելի տարածվել ու արմատավորվել բնակչության շրջանում: Պատմական փաստերը ցույց են տալիս, որ քրիստոնեությունը Եդեսիայում պաշտոնական կրոն է ճանաչվել քիչ ավելի ուշ, Աբգար Թ-ի (179–214) գահակալության տարիներին:

Շնորհիվ իր դիրքի, Ասորիքում, Միջագետքում և ողջ Արևելքում ունեցած իր դերի ու նշանակության, Եդեսիան, սկսած 23 դարերից, եղել է Արևելքում ծագած զանազան գնոստիկյան ուսմունքների, քրիստոնեական աղանդների կենտրոն, որոնք այստեղ ունեցել են իրենց կազմակերպված համայնքները, ստեղծել դպրոցներ: Եդեսիայում մեծ հեղինակություն և բազմաթիվ հետևորդներ ուներ Բարդայծան Եդեսացին (154–222), որն Աբգար Թ-ի բարեկամն էր ու քրիստոնյա մկրտողը: Բարդայծանը Եդեսիայում ստեղծել է մեծ դպրոց, որը հետզհետե հերձվածողական բնույթ է ստացել: 35 դարըրին Եդեսիայում զանազան աղանդավորների աշխուժացումը մեծ վտանգ էր ներկայացնում Եդեսիայի աթոռի համար: Եդեսիայի եպիսկոպոս Ռաբուլաս Եդեսացու (412–435) կենսագրության մեջ պատմվում է, որ նա իր թեմում հալածել է բարդայծանականներին, արիոսականներին, մարկիոնականներին, մանիքեցիներին, բորբորիտներին, մեսալյաններին, սադուկեցիներին, աուդականներին, իսկ զղջացողներին և դարձի եկողներին՝ միացրել իր հոտին: Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո, երբ նեստորականները դուրս են մղվել Հռոմեական կայսրության սահմաններից, նրանք որոշ ժամանակ ապաստան են գտել Եդեսիայում Նեստորի կողմնակից, Եդեսիայի եպիսկոպոս Իբաս Եդեսացու (435–457) շնորհիվ: Այստեղ է գործել ասորական աստվածաբանական մտքի, փիլիսոփայության, գրականության և մշակույթի զարգացման կենտրոն դարձած նեստորականների նշանավոր դպրոցը: Իբաս Եդեսացու մահից հետո շատ նեստորական աստվածաբաններ արտաքսվել են քաղաքից: Վերջնական հարվածը նրանց հասցրել է հռոմեական Զենոն կայսրը՝ 489-ին փակելով Եդեսիայի նեստորական դպրոցը: 5-րդ դարի վերջին6-րդ դարի սկզբին Եդեսիան ուղղափառության նշանավոր կենտրոն էր Արևելքում: Այստեղ է իր ուսումը ստացել 6-րդ դարի ասորի հակաքաղկեդոնիկ նշանավոր աստվածաբան Փիլոքսենոս Մաբուգեցին:

Հայկական և ասորական եկեղեցական ավանդությունները, ինչպես և պատմության փաստերը վկայում են Եդեսիայի աթոռի հետ Հայ եկեղեցու սերտ կապերի մասին: Ասորական «Ադդայի վարդապետություն» երկի հայերեն հին թարգմանության մեջ Եդեսիայի թագավորությունը (Օսրոյենե) հայկական է համարվում: Մովսես Խորենացին, հենվելով այդ թարգմանության վրա, Աբգար Ե-ին հայ է համարել և նրան Հայոց Սանատրուկ թագավորի մոտիկ ազգական անվանել: Հայ եկեղեցին կանոնագրել է Աբգարին, նրա կնոջը՝ Հեղինեին, Ադդե վարդապետին, ասորական ավանդության հետ կապված քրիստոնեական մարտիրոսներին և նրանց դասել Հայ եկեղեցու սրբերի կարգը: 1-ին դարի առաքյալների, նրանց աշակերտների քարոզչության, Հեղինե թագուհու մասին ստեղծված քրիստոնեական ավանդույթները և Աբգար թագավորի ու Սանատրուկ արքայի մասին ասքերը միահյուսվել են ավելի ուշ ժամանակներում: Հավանաբար դա տեղի է ունեցել 3-րդ դարի առաջին քառորդում, երբ քարոզչական նպատակներով Հայաստան է եկել Բարդայծանը, որին մի շարք սկզբնաղբյուրներ (Հիպպոլիտ, Միքայել Ասորի) հայկական ծագում են վերագրել: Մովսես Խորենացին վկայում է, որ Բարդայծանը Հայաստանում հետևորդներ չգտավ, բայց արքաները նրան չանտեսեցին: Հայոց թագավոր Խոսրով Ա Բարդայծանին հրավիրել է իր մոտ և հանձնարարել գրել իր նախնիների պատմությունը, որտեղ տեղ են գտել վերոհիշյալ իրադարձությունները:

Այդ ավանդություններն ամբողջական և վերջնական տեսք են ստացել Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» մեջ: Դրանք վկայում են, որ Ասորիքը, հատկապես Եդեսիան և Ադիաբենեն եղել են այն հիմնական կենտրոնները, որտեղից քրիստոնեական ուսմունքը թափանցել է հայկական միջավայր: Քրիստոնեության մի հոսանքը հարավից՝ Եդեսիայից է մուտք գործել Մեծ Հայքի հարավային և հարավարևելյան գավառներ, սկզբում՝ Ծոփք, այստեղից էլ Հայաստանի խորքը՝ Տարոն, Բզնունիք, Հարք ևայլն: Այդ մասին խոսվում է նաև «Կանոնագիրք Հայոց»-ի առաքելական կանոններից մեկում և Թադեոս առաքյալի Վկայաբանության մեջ: Եդեսիայում կրթություն են ստացել բազմաթիվ հայեր: Քաղաքն ունեցել է հարուստ մատենադարան, որտեղ պահվել են նաև բազմաթիվ հայկական ձեռագրեր: Եդեսիայում և Սամոսատում է Մեսրոպ Մաշտոցն արարել հայոց գրերը: Նեստորական գրվածքները և գաղափարները Հայաստան են մտել հիմնականում Եդեսիսայից: Ըստ 6-րդ դարի լատին մատենագիր Լիբերատուսի, Եդեսիայի հականեստորական Ռաբուլաս եպիսկոպոսը Մելիտինեի Ակակիոս եպիսկոպոսի հետ նամակով զգուշացրել է Հայոց Սահակ Ա Պարթև կաթողիկոսին և Մեսրոպ Մաշտոցին, ինչպես նաև բոլոր հայ եպիսկոպոսներին, որ հեռու մնան նեստորականներից, որոնք ներթափանցել էին Հայաստան և ծավալել քարոզչական գործունեություն: Ըստ պատմիչ Թովմա Արծրունու, Եդեսիայից Հայաստան էր եկել նաև նեստորական քարոզիչ Բարծուման և, մասնավորապես Մոկաց երկրում, Աղձնիքում, Նիխորական գավառում, փորձել տարածել նեստորական վարդապետությունը: Հայ եկեղեցին, ինչպես նաև հայ նախարարները խափանել են նրա գործունեությունը Հայաստանում և վտարել երկրից:

Միջին դարերում Եդեսիայում բնակություն են հաստատել մեծ թվով հայեր: 12-րդ դարի արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի վկայությամբ, Եդեսիայում ամբողջությամբ հայերով էր բնակեցված: 1115 դարերի Եդեսիան դարձել է կռվախնձոր բյուզանդացիների, արաբների, պարսիկների, թուրքմենական ցեղերի միջև: 1114-ին քաղաքի վրա են հարձակվել Մոսուլի Զանգի ամիրայի հրոսակները: Քաղաքն ավերվել է, իսկ բնակչությունը բնաջնջվել: Եդեսիայի պաշտպանների հերոսությանն ու ծաղկուն քաղաքի ավերմանն է նվիրված Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» բանաստեղծությունը: 1637-ից Եդեսիային տիրել են օսմանյան թուրքերը:

Հնում քաղաքում եղել է 10 հայկական եկեղեցի, որոնցից մեկի կառուցումն ավանդաբար վերագրվել է Աբգար Է արքային: Ամենանշանավորներն էին Սուրբ Հովհաննեսը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Սոփին և Սուրբ Թորոսը: Սրանց մեծ մասը դեռ 1217 դարերին վերածվել է մզկիթների: Սուրբ Սարգիս վանքում կար որբանոց: Քաղաքի կաթողիկէ և բողոքական հայերը նույնպես եկեղեցիներ ունեին: Մեծ եղեռնի ժամանակ Եդեսիայի (Ուրֆա) հայերը դիմել են ինքնապաշտպանության, որի շնորհիվ բազմաթիվ հայեր փրկվել են թուրքական կոտորածներից:

 

  

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am