Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Եկեղեցական Գույքի Բռնագրավման Օրենք 1903

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՕՐԵՆՔ 1903, ընդունել է Ռուսաստանի կառավարությունը` հունիսի 12-ին: Օրենքի համաձայն, Հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքը (այգիները, վարելահողերը, մարգագետինները, արոտավայրերը, անտառները, առևտրակրպակները, ջրաղացները, արհեստագործական ձեռնարկությունները և այլն) և դրամական ունեցվածքը անցնում էին պետության տնօրինությանը: Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը` հայ հոգևոր հաստատություններին: Օրենքն այդ ժամանակաշրջանում ռուսական ինքնակալության վարած ազգային քաղաքականության դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային և լուսավորարակն կենտրոնները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացման գործընթացը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստստացող հնազանդ պաշտոնեության: Եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը բուռն զայրույթ է առաջացրել հայ բնակչության մեջ: Շարժման գլուխ է կանգնել Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին, որն ամենուր հրահանգներ է ուղարկել` չենթարկվել իշխանություններին և ծառանալ նրանց դեմ: Օրենքի դեմ հանդես են եկել նաև հայ ազգային-քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև` սոցիալ-դեմոկրատները: Անդրկովկասի մի շարք քաղաքներում` Թիֆլիսում, Բաքվում, Երևանում, Կարսում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Ելիզավետպոլում, ինչպես և բազմաթիվ գյուղերում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր, ընդհարումներ ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև: Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվել են: Հայերի հակացարական ելույթները համաժողովրդային բնույթ են ստացել: Արտերկրի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքներ է հղել Սուրբ Էջմիածին և Սանկտ Պետերբուրգ: Սակայն կառավարությունը հետ չի կանգնել իր որոշումից: Մինչև 1903-ի վերջը օրենքնի կատար է ածվել: Ըստ պաշտոնական տվյալների, Տավրիկյան, Խերսոնի, Բեսարաբիայի, Աստրախանի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի, Սևծովյան նահանգներում, Դոնի, ԿարսիԲաթումի, Թերեքի մարզերում և Զաքաթալայի օկրուգում բռնագրավվել է շուրջ 145 հազար դեսյատին հող (որից ավելի քան 83 հզ-ը` Ելիզավետպոլի և 34 հազարը` Երևանի նահանգներում), 923 ոչ հողային հասութաբեր ունեցվածք և 1.775,8 հազար ռուբլի կանխիկ դրամ: Դրանից հետո հայ ժողովրդի պայքարն ընդունել է այլ ձևեր: Նախկին վարձակալները հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Սուրբ Էջմիածնին էին հանձնում հավաքված բերքը: Արդյունքում սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904-ին ստացվել է միայն 133 հազար ռուբլու եկամուտ: Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի սերտ է համախմբվել իր եկեղեցու շուրջ, ցուցաբերել իր նվիրվածությունը ազգային հոգևոր արժեքներին:

Համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության տակ ցարիզմն ստիպված էր նահանջել: 1905-ի օգոստոս 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրել է եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական դպրոցները:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am