ԵՂԻԱԶԱՐ Ա ԱՅՆԹԱՊՑԻ. Հռոմկլայեցի, ծնվել է 1612-ին, մահացել է 8.8.1691-ին, Էջմիածին, Ամփոփվել է Ս. Գայանե եկեղեցու գավթում: Ամենայն հայոց կաթողիկոս է եղել 1681-ից: Հաջորդել է Հակոբ Դ Ջուղայեցուն: 1641-ին ձեռնադրվել է վարդապետ, 1647-ից՝ եպիսկոպոս, Արղնիի վանքի առաջնորդ: 1649-ից՝ Երուսաղեմի, 1651-ից՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք (1652-ին հրաժարվել է), 1657-ին՝ Երուսաղեմի պատրիարքական փոխանորդ: 1657–1659-ին, բանտարկության (1659-ի փետրվար 18 – մարտի 22) գնով, Երուսաղեմի հայկական Ս. Հակոբյանց վանքը փրկել է հույների ոտնձգություններից: 1659–67-ին շինարարություն է ծավալել Երուսաղեմի հայոց վանքապատկան կալվածներում: 1661-ին Երուսաղեմում հիմնել է «Էջմիածին» մատուռը՝ փորձելով Ամենայն հայոց կաթողիկոսությունից անջատել թուրքահայ թեմերը և կազմել առանձին կաթողիկոսություն:
Թուրքական կառավարության համաձայնությամբ, 1664-ի աշնանը Հալեպի Ս. Քառասնից Մանկանց եկեղեցում Կիլիկիայի կաթողիկոս Խաչատուր Գաղատեցին Արևմտյան Հայաստանի կաթողիկոս է օծել Եղիազար Այնթապցուն, որը մնացել է նաև Երուսաղեմի հայոց պատրիարք:
Եղիազար Այնթապցու այդ անօրինակ քայլը սկիզբ է դրել մեծ խռովությունների՝ ջլատելով Հայ եկեղեցին և հայ ժողովրդի երկու՝ արևելահայ ու արևմտահայ հատվածները: Հակառակող մի թևը՝ հայտնի սսականություն անունով, ներկայացնում էր Եղիազար Այնթապցին, իսկ մյուսը՝ էջմիածնականությունը՝ Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին, որը չէր կարող հանդուրժել միասնական եկեղեցու և կաթողիկոսության տրոհումը: Պայքարը հայտնի է նաև Եղիազարյան-Հակոբյան անունով, այն շարունակվել ու փոփոխական հաջողությամբ տևել է մինչև 1680-ը՝ կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու մահը: Ազգային-եկեղեցական պառակտմանը վերջ տալու և հակաթոռ կաթողիկոսության վտանգը չեզոքացնելու համար Ս. Էջմիածնի միաբանությունը Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրել Եղիազար Ա Այնթապցուն: 1682-ի օգոստոս 22-ին Եղիազար Ա Այնթապցին ժամանել է Մայր աթոռ Ս. Էջմիածին: Գահակալության տարիներին ծավալել է շինարարական և բարենորոգչական աշխատանքներ, վերացրել է նույնիսկ Աղթամարի կաթողիկոսության և Մայր աթոռի միջև եղած վաղեմի ներհակությունը: 1691-ին փորձել է մեկնել Եվրոպա՝ հայ ժողովրդի ազատագրության հարցով, սակայն երկրի խառնակ դրությունը ստիպել է Կարինից վերադառնալ Էջմիածին:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am