ԵԿԵՂԵՑԻ. հունարեն՝ (εκκλησια – էկլեսիա, էքլիսիա). հավատացյալների ժողով, սրբերի հավաք: Հիսուս Քրիստոսի խորհրդաբանական մարմինը, երկնային Հարսը, հավատացյալ ժողովուրդը: Հին կտակարանում եկեղեցի բառը գործածվել է բազմիցս` մատնանշելու համար Աստծուն երկրպագողների հավատացյալներ հավաքականությունը: Եկեղեցի կամ տաճար է նաև Հիսուս Քրիստոսի արյամբ սրբված և արդարացված անհատը: Պողոս առաքյալը գրում է. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ»: Քրիստոնեական անդրանիկ եկեղեցին առաքյալների հավաքն է կամ Վերնատունը, որտեղ Սուրբ Հոգին Հիսուսի համբարձումից հետո, բոցեղեն լեզուներով իջավ առաքյալների վրա (Գործք 2՝ ազդարարելով հավատացյալ մարդկության եկեղեցագործումը` Սուրբ Հոգով: Երուսաղեմում (Սիոնում) Վերնատանը տեղի ունեցած զարմանահրաշ իրողությունը նկատի ունենալով` Հայոց կաթողիկոս Սահակ Գ Ձորոփորեցին եկեղեցին կոչել է «Սիոնի դուստր». Իսկ «Սիոնի դուստր» պետք է հասկանալ սուրբ Եկեղեցին, քանզի երանելի առաքյալները Նրա արքայության խորհուրդն Աստվածորդուց Սիոնում ընդունեցին. այնտեղ և Սուրբ Հոգու իշխանությունը ստացան աստվածային բերանի փչմամբ. այնտեղից էլ երանելի առաքյալները սուրբ Եկեղեցու հիմնադրումը սկզբնավորեցին. այնտեղից և զանազան լեզուներով քարոզության կոչվեցին և Աստվածորդու Հարությունը նրանում ճանաչեցին: Այս ամենի համար էլ հրամայում է ուրախանալ Սիոնի դստերը, որը սուրբ Եկեղեցին է»:
Նոր կտակարանում եկեղեցին բացահայտվում է որպես առաքելական հիմքի վրա բարձրացող հոգևոր կառույց. «Եվ ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին...» (Մատթեոս 16.18), հավատացյալների ժողով. «Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես հավատացյալների ժողովում...» (Մատթեոս 18.17), Տիրոջ ժողովուրդ. «...Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ` հովվելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով» (Գործք 20.28), Սուրբ Հոգու շնորհներով ամրացվող կառույց. «...իսկ ով մարգարեանում է, ամրացնում է եկեղեցին» (Ա Կորնթացիներ 14.4), սուրբ մարմին, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է. «Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու. և ինքն է Փրկիչը այդ մարմնի» (Եփեսոս 5.22–23), Քրիստոսով սնվող և խնամարկվող մարմին, որի անդամներն են Սուրբ Հոգուց վերստին ծնված երկնաքաղաքացիները. «...ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս` եկեղեցին. քանզի անդամներն ենք նրա մարմնի` նրա մարմնից և նրա ոսկորներից» (Եփեսոս 5.29–30) ևայլն: Պողոս առաքյալը, կրկին անգամ խոսելով Քրիստոսի խորհրդավոր մարմնի մասին, ընդգծում է, որ եկեղեցու կենարար զորությունը Սուրբ Հոգին է. «...և ամենքս էլ այդ մե´կ Հոգին խմեցինք...» (Ա Կորնթացիներ 12.13), իսկ անդամներին միասնականացնող կապը Սերն է (Ա Կորնթացիներ 13):
Հովհաննես առաքյալը Հայտնության մեջ թվարկում է յոթ եկեղեցիներ (մեկնաբանվում է որպես հավատացյալների յոթ տեսակներ և նաև այլ կերպ), որոնց Տերը պատգամում, զննում, զգուշացնում և հորդորում է` հօգուտ նրանց սրբացման և հոգևոր բարգավաճման: Դրանք նախնական եկեղեցիներն են` Եփեսոսի, Զմյուռնիայի, Պերգամոնի, Թիվատիրի, Սարդիկեի, Փիղադեղփիայի և Լավոդիկեի (Հայտնություն 2, 3):
Եկեղեցին, որպես Հիսուս Քրիստոսի տնօրինական-փրկչական զոհագործության ծնունդ, որպես Սուրբ Հոգու ներկայության վայր, իր գերագույն-հոգևոր կազմությամբ Մի է, այսինքն` նրա բոլոր անդամները, բոլոր քրիստոնյա ազգերն ու հավատացյալները հավատում և դավանում են մեկ Տիրոջ` Հիսուս Քրիստոսին (որն է բոլոր եկեղեցիների գլուխը) և Ամենասուրբ Երրորդությանը, Սուրբ է, քանզի սուրբ է իր գլուխը` Հիսուսը, որ իր արյունով սրբեց եկեղեցին: Ընդհանրական է կամ Կաթողիկե, քանզի նա ընդհանրական է ողջ մարդկության համար, Առաքելական է, քանզի նրա նվիրապետությունը հաստատված է առաքյալներով: Եկեղեցին սուրբ է նաև իր մեջ կատարվող յոթ սրբազան խորհուրդների շնորհիվ, և քանի որ Առաքելական է, օժտված է նաև շարունակական շնորհաբաշխությամբ:
Թեև եկեղեցին Մի է, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական, բայց երկրի վրա այն բաժանված է` վարչատարածքային, ազգային, լեզվական, նաև ավանդությունների, դավանական ու ծիսական տարբերությունների և այլ պատճառներով:
Հայ Առաքելական Եկեղեցին օժտված է վերոհիշյալ չորս հատկանիշներով, այսինքն Մի է, Սուրբ, Ընդհանրական և Առաքելական, հիմնված է Հիսուս Քրիստոսի առաքյալների` Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից, ուստի Հայոց հայրապետությունը կոչվում է նաև Թադեի աթոռ: Հիսուս Քրիստոսի եկեղեցին, չնայած առերևույթ տարբերություններին, հիմքում միասնական է և նույնական: Այն որպես խորհրդաբանական մարմին բաժանվում է երկու` երկնային և երկրային եկեղեցիների. երկնայինը կոչվում է Հաղթական կամ Անդրանկաց եկեղեցի (նաև` Սրբերի ժողով), որը ննջեցյալ սուրբերի բազմությունն է և հարատևորեն աղոթարկու է երկրային եկեղեցու համար: Երկրայինը կոչվում է Զինվորյալ կամ Մարտնչող եկեղեցի` երկրում հանուն հավատի և սրբության մարտընչելու համար: Զինվորյալ և Հաղթական եկեղեցիները մեկ են ի Հիսուս Քրիստոս և կազմում են ամբողջական եկեղեցի:
Քրիստոնեական եկեղեցին խորհրդաբանական և նվիրական կառույց է, որտեղ կատարվող նվիրական արարողություններն արտացոլում և խորհրդանշում են երկնային իրողություններ:
Եկեղեցին քրիստոնեական դավանանքի կառույց է, որտեղ կատարվում են եկեղեցու աստվածապաշտական արարողությունները` սրբազան խորհուրդները, ժամերգությունները և սուրբ Պատարագը: Եկեղեցին որպես տեսանելի-առարկայական իրողություն, որպես կառույց ձևավորվել է Վկայության խորանի հիման վրա, երբ Սողոմոն թագավորի ձեռքով կառուցվեց Երուսաղեմի տաճարը` աստվածային հրահանգների համաձայն: Որպես նվիրական և սուրբ հաստատություն, եկեղեցին այլ նպատակներով չպետք է օգտագործվի:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած Հայաստանում եկեղեցիներ կառուցվել են 4-րդ դարի սկզբից` ինչպես բազիլիկ և դահլիճ տիպի, այնպես էլ գմբեթավոր: Ծիսակատարության փոփոխման, շինարարական տեխնիկայի զարգացման, գեղագիտական նոր պահանջների հետևանքով ժամանակի ընթացքում փոխվել են նաև եկեղեցիների հատակագծային և ծավալատարածության լուծումները: Հայկական եկեղեցիների պարտադիր տարրերն են աղոթասրահը, Ավագ խորանը` բեմի և դասի մասով ու պատարագամատույց սեղանով, ավանդատները, մկրտարանը` ավազանը:
Եկեղեցական շենքի տարբեր կերպերն ունեն նաև խորհրդաբանական իմաստ. եռանավ բազիլիկները մարմնավորում են կյանքի հորձանուտով լողացող նավ-եկեղեցուն, որով հավատացյալները կհասնեն խաղաղ նավահանգիստ` Երկնային արքայություն: Խաչաձև եկեղեցին հիշեցնում է, որ քրիստոնեության հիմքում դրված է Քրիստոսի խաչը, իսկ բոլորաձև եկեղեցին Աստծո եկեղեցու հավիտենականության խորհրդանիշն է:
Հայկական եկեղեցու կանոնները թելադրել են եկեղեցու շենքի ճարտարապետության որոշ առանձնահատկություններ. օրինակ, ի տարբերություն հունադավան և կաթոլիկ եկեղեցիների, Հայաստանում դեռ վաղ միջնադարից խստիվ արգելվել է եկեղեցու ներսում թաղում կատարելը, ինչը պայմանավորել է հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույցի` առաջին հերթին տապանատուն ծառայող գավթի երևան գալը:
Եկեղեցի կառուցելիս պարտադիր էր նրա հորինվածքը համաձայնեցնել թեմի եպիսկոպոսի հետ, հակառակ դեպքում նա իրավունք ուներ մինչև իսկ քանդել տալու արդեն կառուցված շենքը: Եկեղեցու կառուցման գլխավոր պայմաններից է հիմնարկեքի և օծման արարողությունը: Հիմնարկեք կատարող եպիսկոպոսն օծում է ներկայումս 16 քար, որոնցից 12-ը` առաքյալների, 2-ը` Մարկոս և Ղուկաս ավետարանիչների, 2-ն էլ` Պողոս առաքյալի և Գրիգոր Ա Լուսավորչի անուններով: Այնուհետև օծված քարերը դրվում են եկեղեցու հիմքում` յուրաքանչյուրն իրեն հատկացված տեղում: Եկեղեցու հիմնարկեքի և օծման արարողությունը կանոնակարգված է Մայր Մաշտոցում:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am