ԵԿՄԱԼՅԱՆ ՄԱԿԱՐ ԳՐԻԳՈՐԻ. ծնվել է (21.1.1856)-ին, Վաղարշապատ, մահացել է (6.3.1905)-ին, Թիֆլիս: Կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ: Ավարտել է Ս. Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը (1872), Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1888), աշակերտել Յու. Իոգանսենին, Ա. Լյադովին, Ն. Սոլովևին, Լ. Սակետտիին, մասնագիտացել Ն. Ռիմսկի-Կորսակովի դասարանում:
1873–74-ին Ն. Թաշճյանի ղեկավարությամբ վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հայ հոգևոր երաժշտական մատյանների նորոգմանն (հայկական նոտագրությամբ) ու հրատարակմանը: 1874–77-ին Գեվորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն (միաժամանակ հաճախել է այդ հաստատության մի քանի դասընթացների): Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին եղել է Հայ եկեղեցու դպրապետ-խմբավար: 1891-ից բնակվել է Թիֆլիսում, երաժշտություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում, ղեկավարել արական երգչախումբը: 1893–94-ին երաժշտության տեսություն է դասավանդել ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել է նրա ռեկտորը: Եկմալյան կյանքի վերջին շրջանում կորցրել է հոգեկան հավասարակշռությունը:
Եկմալյանի վաղ շրջանի ստեղծագործություններում նկատելի է գերմանական ռոմանտիկական երաժշտության ազդեցությունը: Թեև նա գիտակցաբար և նպատակաուղղված հակվել է ազգային երաժշտության ակունքներին, և նրա ոճի ձևավորման ու բյուրեղացման համար հիմք է ծառայել ազգային երաժշտությունն իր ժողովրդական, ժողովրդապրոֆեսիոնալ և հոգևոր ճյուղերով, այնուամենայնիվ նրա ստեղծած բազմաձայնությունը հենվում է եվրոպական երաժշտության մշակած սկզբունքների վրա: Եկմալյանի ստեղծագործական ժառանգությունը (մեզ է հասել զգալի կորուստներով) ընդգրկում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ դաշնամուրային նոկտյուռն, սիմֆոնիկ նախերգանք, «Ռոզայի դեգերումները» կանտատը (դիպլոմային աշխատանքն է) ևայլն: Վերջինս գրված է (ըստ Մ. Հոռնի հեքիաթի) սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի, մեներգիչների համար (պահպանվել են հատվածներ): Եկմալյանի երգային ժառանգության առանցքը հոգևոր, աշխարհիկ երգերի մշակումներն են (մեներգ նվագակցությամբ, խմբերգ) և հատկապես նրա գլուխգործոցը՝ «Պատարագը»: Նախքան վերջինիս հրատարակումն ու ամբողջական կատարումը նրա տարբեր հատվածներ՝ «Սուրբ Աստված», «Քրիստոս ի մեջ մեր յայտնեցաւ», «Հայր մեր», «Տէր ողորմեա» ևայլն, Ներսիսյան դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչել են եկեղեցում և հետագայում էլ, հաճախ առանձին կատարվելով, ինքնուրույն համերգային կյանք են ունեցել: Եկմալյան մշակել է նաև եկեղեցում կատարվող առանձին շարականներ, հոգևոր երգեր՝ «Նոր ահրաշ» շարականի քառաձայն խառը կազմով երգչախմբի համար մշակումը, եռաձայն արական խմբի համար մշակված «Աշխարհ ամենայն» ստեղծագործությունը ևայլն: Եկմալյանի աշխարհիկ երգային ժառանգությունն ընդգրկում է ժողովրդական, քաղաքային, աշուղական, թեմատիկ առումով բազմազան երգերի մշակումներ և իր իսկ ստեղծած մեղեդիներով երգեր: Ժողովրդականություն են վայելում հատկապես նրա ազգհայրենասիրական երգերը՝ «Ով հայոց աշխարհ», «Լռեց, ամպերը եկան ծածկեցին երկինք», «Պլպուլն Ավարայրի» ևայլն:
«Երգեցողութիւնք սրբոյ պատարագի» ստեղծագործությունը (1892, հրտ. 1896), որի սյուժետային հիմքը՝ Քրիստոսի և առաքյալների խորհրդավոր ընթրիքն է, հիմնված է հոգևոր ավանդական եղանակների վրա: Մշակված է երեք տարբերակով՝ եռաձայն արական, քառաձայն արական, քառաձայն խառը կազմի երգչախմբերի, մենակատարների և նվագարանային նվագակցության համար:
Սահմանված կարգով «Պատարագը» քննել և բարձր են գնահատել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի և կայսերական կապելլայի խորհուրդները (1893): Հետագայում այն գնահատանքի են արժանացրել Ֆ. Լիստը, Ք. Սեն Սանսը, Լ. Բուրգո Դյուկուդրեն:
1895-ին Գևորգ արք. Սուրենյանցի (1911–1930-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց) միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հայրապետական կոնդակով «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և դրանով հիմք է դրվել նրա բազմաձայն կատարմանը (թեև, նախքան այդ, որոշ հոգևոր երգերի բազմաձայն կատարումներ Կ. Պոլսում թույլ ատրվել էին):
19-րդ դարի 90-ական թթ. հայ երաժշտական իրականության մեջ Եկմալյանի գործունեությունը նշանավորվել է խմբերգային արվեստի մասնագիտական մակարդակի պատշաճ բարձրացմամբ: Նա հայ պրոֆեսիոնալ երաժշտական դպրոցի ձևավորման ամենախոշոր դեմքերից է:
Եկմալյանին աշակերտել են Ա. Շահմուրադյանը, Շ. Տալյանը, Մ. Աղայանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Ա. Մայիլյանը, Ա. Մանուկյանը, Ա. Տիգրանյանը, Կոմիտասը և ուրիշներ:

 


Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am