ԵՐԱՆԻՆԵՐ ԻՆԸ, Լեռան քարոզ. Հիսուս Քրիստոսի խորհրդավոր պատգամախոսությունը ՝ նրա քարոզչության սկզբում, անապատի փորձությունից հետո. այն խոսքերը, որ նա ասաց իր աշակերտներին լեռան վրա (Մատթեոս 5.3–12, Ղուկաս 6.20–23): Երանիներին նախորդող խոսքը, թե՝ «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 4.17), և այն բժշկությունները, որ նա արեց, պայմանավորեցին հոգևոր կատարելության հաջորդ՝ առավել բարձր աստիճանը, որ Երանիներ են: Սուրբ հայրերը ինը Երանիներն համեմատում են Հակոբին (Իսրայելին) տեսիլքով երևացած երկնային սանդուղքի հետ և Երանիների քանակը համարում են հրեշտակների ինը դասերի խորհրդաբանությունը: Հոգևոր առավել բարձր, կատարյալ աստիճան է խորհըրդանշում այն հանգամանքը, որ Հիսուսը, Երանիներ ասելուց առաջ, անվերջ բժշկություններ ու հրաշքներ սպասող ժողովրդից առանձնացավ, բարձրացավ լեռը և նստեց այնտեղ, ինչը նշանակում է, թե այդ լեռը (հոգևոր բարձրությունը) հաղթահարողները և Հիսուսին մոտեցողները (աշակերտողները) կարող են լինել երանելի՝ ժառանգել երկնային արքայությունը ու կոչվել Աստծո որդիներ: Երանիներ հետևյալներն են.
– Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
– Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
– Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
– Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
– Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
– Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
– Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
– Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
– Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամենտեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել: Եկեղեցու հայրերն ու վարդապետները դարեր շարունակ մեկնաբանել են այս խորախորհուրդ Երանիներ: Հոգով աղքատները նրանք են, որ միայն Աստված են տենչում՝ հոգևորապես թոթափած լինելով անձնական նկրտումները, հպարտությունը, փառասիրությունը (իրենց հոգևոր ունեցվածքը՝ ժառանգած մեղավոր Ադամից): Նրանք իրենց անկատարությունն ու մեղսավորությունը ճանաչող և խոնարհաբար աստվածային շնորհը խնդրողներն են: Սգավորները նրանք են, որ արտասուքով զղջում են իրենց մեղքերի համար և իրենց մեջ ճշմարիտ հարազատին՝ կենդանի Աստծուն մեռցրած լինելու համար. նրանք ապաշխարությամբ կմաքրվեն և Սուրբ Հոգով (որ կոչվում է Մխիթարիչ) կվերստանան իրենց հարազատներին՝ աստվածային կյանքն ու սուրբ շնորհները: Հեզերը, Հիսուսին պատկերակից լինելով, կժառանգեն երկիրը՝ Հիսուսի հետ թագավորելով: Արդարության (Հիսուս Քրիստոսի) քաղցն ու ծարավն ունեցողները, հաղորդվելով Հիսուսի մարմնին ու արյանը, կհագենան հավիտենական հացով ու հավիտենական ջրով: Կարծես հիշեցվում կամ հաստատվում է սաղմոսը՝ «Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ» (Սաղմոս 62.1–2): Ողորմածները մերձավորի հանցանքները ներողներն ու գթություն ցույց տվողներն են: Նրանք Աստծուց ողորմություն կգտնեն (կմտնեն շնորհի տակ): Սրտով մաքուրները նրանք են, որ խորհուրդների դուռը՝ սիրտը ապաշխարությամբ, աղոթքով և սուրբ Հաղորդությամբ մաքրել են չար խորհուրդներից: Նրանց սրտերի մեջ կիջնի շնորհի լույսը, իսկ միտքը կպայծառանա աստվածային խորհուրդների ճառագայթումով և Աստծո փառքի մեծությամբ: Խաղաղարար է նա, ով իր սրտում ունի Աստծուն՝ հանձինս Որդու և Սուրբ Հոգու (Հիսուսը խաղաղություն գործեց, օրինակ՝ խաղաղեցնելով ծովը): Արդարության համար հալածվողները սուրբ Աստծու պատճառով հանիրավի չարչարվողներն են, որոնք հավիտյանս հավիտենից ապրելու են երկնքի թագավորության մեջ: Հանուն Աստծո չար խոսք, նախատինք կրողները Տիրոջ արքայության մեջ մեծ շնորհների, պարգևների ու դիրքի են արժանանալու, ինչպես որ իրենց հավատքի առաջնորդն ու կատարողը, որ հարություն առավ և բազմեց Աստծո աջ կողմը: Նախ «անապատում կանչողի ձայն»-ի՝ Հովհաննես Մկրտչի, ապա և Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կողմից ազդարարված երկնային արքայությանը, երանությանը արժանանալու համար հարկավոր է քայլել ինը Երանիների սանդուղքներով: Ընդ որում Երանիներ ոչ թե քրիստոնեական ուսմունքի հայեցակետեր են, այլ՝ բուն Աստծո բնույթի արտահայտությունները. ով ջրից (ապաշխարությամբ) ու Սուրբ Հոգուց (Աստծուց) վերստին է ծնվում, նա կարող է բարձրանալ Աստծո լեռը (սիրո և կատարելության բարձունքը) և դառնալ երկնային արքայության քաղաքացի՝ բնութենակից լինելով և ճանաչելով իր Հորը ՝ կենդանի Աստծուն: Հիսուսն ասում էր այն, ինչ կար իր մեջ, և այն, ինչը պիտի ցույց տար գործով. Դրանք էին՝ աղքատացումը՝ հանուն Աստծո, սուգը՝ հանուն անկյալ մարդու, հեզությունը, հնազանդությունը առ Աստված, արդարության՝ աստվածայինի քաղցն ու ծարավը, ողորմածությունը, գթածությունը՝ ախտավոր, բորոտավոր և դևերից բռնված մարդկանց հանդեպ, նրանց բժշկելը, սրտով մաքուր լինելը և դրա համար մշտապես Աստծուն տեսնելը, հալածանքներն ու չարչարանքները կրելը և այլն:
Սուրբ հայրերը Երանիներ անվանել են Ավետարան՝ Ավետարանի մեջ, Քրիստոսի սրբարար ու փրկարար տնօրինություններից մեկը: Երանիներին հետևում են քրիստոսյան պատվիրանները՝ լինել երկրի աղը և աշխարհի լույսը, լիովին բացառել ոչ միայն չար գործերը (սպանություն, շնություն ևն), այլև չար խորհուրդները, չարի փոխարեն չար չհատուցել մարդկանց, այլ բարիով հաղթել չարին, այսինքն ՝ լինել կատարյալ. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5.48): Երանիներ փաստորեն Աստծո բնույթի ներդրումն են մարդու մեջ: Երանիների աստվածային բնույթն ու նպատակն է հանրագումարի բերվում Երանիներին հաջորդող Տերունական աղոթքի մեջ (Մատթեոս 6.9–13):
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am