ԵՐԵՎԱՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ. գտնվում է քաղաքի կենտրոնում, Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Կառուցվել է 13-րդ դարում, տեղական տուֆի սրբատաշ քարով, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով: Հարավային պատին մեծահարուստ Սահմադինի արձանագրությունն է՝ 1264-ին Երևանը իր «հողով և ջրով» գնելու մասին: 1284-ին եկեղեցին որպես նվիրատվություն ստացել է հողամաս, 1301-ին՝ ներքնատներով երկու կրպակ, 1318-ին Նորագավիթում՝ հողեր, 1598-ին՝ այգի: 1604-ին Պարսից շահ Աբբասի կողմից Երևանը գրավելու մարտերի ժամանակ եկեղեցին վնասվել է հրազենային գնդակներից և թնդանոթի արկերի բեկորներից: 1609-ին Խոջա Գրիգորը եկեղեցուն արմատական կողմից կից ժամատուն է կառուցել, նվիրել ձեռագրեր, թանկարժեք եկեղեցական սպասք ու իրեր: Երեվանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին 17-րդ դարում ունեցել է օթևան, որտեղ իջևանել և մինչև Էջմիածնի Մայր տաճարի նորոգման ավարտը ապրել է Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսը: Այստեղ 1666-ին գրիչ Ավետիք Երեցը բնագիր ձեռագրից ընդօրինակել է 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու Պատմությունը՝ հեղինակի հսկողությամբ: 1679-ի երկրաշարժից ավերվել է ժամատունը, սակայն Կաթողիկեն՝ Երևանի միջնադարյան եկեղեցիներից միակը, կանգուն է մնացել: 1693–95-ին ժամատան տեղում երկու զույգ խաչաձև մույթերով խոշոր եռանավ բազիլիկ են կառուցել, որի համար որպես Ավագ խորան ծառայել է 13-րդ դարի եկեղեցին: Վերջինիս արմատական պատը 1819-ին զարդարվել է Պողոս և Պետրոս առաքյալներին, սուրբ Հռիփսիմե և սուրբ Գայանե կույսերին պատկերող որմնանկարներով: Եկեղեցու բազիլիկ կցակառույցը քանդել են 1937-ին: Այժմ Երեվանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին քաղաքի Կենտրոն համայնքի գործող եկեղեցիներից է:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am