ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ. կառուցվել է 1996–2001-ին: Ճարտարապետությունը` Ստեփան Քյուրքչյան: Կառուցումը մտահղացել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը: 1989-ի հուլիսի 14-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակի` «...մայրաքաղաք Երևանում կառուցել մի մեծաշուք եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա, որտեղ շուրջ երկու հազար հինգ հարյուր հավատացյալներ կարողանան միատեղ աղոթել» («Էջմիածին», 1989, դ 7): 1990-ին Երևանի քաղաքապետարանը Մայր եկեղեցու կառուցման համար Օղակաձև զբոսայգում, Երվանդ Քոչարի փողոցի հարևանությամբ հատկացրել է 1,5 հա տարածք: 1990-ի մարտի 31-ին Վազգեն Ա կաթողիկոսի օրհնությամբ հուշաքար է դրվել Մայր եկեղեցու կառուցման տեղում: Իր խոսքում Վեհափառն ասել է. «Իմ հայացքն ուղղելով դեպի մոտ ապագան, մոտ տասը տարի հետո, իմ հոգու աչքերով տեսնում եմ այն հոյակապ տաճարը, որ պիտի բարձրանա այստեղ, և սուրբ խաչը պիտի սլանա դեպի երկինք: Հավանաբար ես այստեղ չեմ լինելու, բայց գուցե կհիշեք ինձ այդ օրը» («Էջմիածին», 1990, դ 1–2): 1990-ի ապրիլին հայտարարվել է Մայր եկեղեցու նախագծի մրցույթ. ներկայացվել է 33 նախագիծ Հայաստանի Հանրապետությունից և սփյուռքից: 1991-ի փետրվարին մրցութային հանձնաժողովը մրցանակի է արժանացրել Ստեփան Քյուրքչյանի և Ա. Ղուլյանի (Հ. Ասատրյանի մասնակցությամբ) նախագծերը: Հեղինակներին հանձնարարվել է նախագծերն ըստ արված դիտողությունների վերամշակել: 1992-ի հոկտեմբերի 8-ին մրցութային հանձնաժողովը, Վազգեն Ա կաթողիկոսի մասնակցությամբ և հավանությամբ, ընտրել է Ստեփան Քյուրքչյանի նախագիծը: 1996-ի փետրվարի 29-ին սկսվել են շինարարության նախնական աշխատանքները: 1997-ի ապրիլի 7-ին, Աստվածածնի Ավետման տոնակատարության օրը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հիմնարկեքը: 2000-ի հունիսի 26-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը օծել է եկեղեցու խաչերը, 2001-ի սեպտեմբերի 23-ին` եկեղեցին մատուցել է առաջին Պատարագը: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ծավալատարածական ամբողջություն կազմող, Անիի տուֆով երեսապատված տարբեր կառույցների համալիր է` բաղկացած եկեղեցուց, նրա հյուսիս արևմուտք կողմում` Սուրբ Տրդատ և հարավ արևմուտք կողմում` Սուրբ Աշխեն մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից գավթից ու զանգակատնից: Համալիրում գերիշխող և նրա ճարտարապետական կերպարի հիմնական որոշիչ ծավալը կենտրոնագմբեթ եկեղեցին է` ամենախոշորը հայկական եկեղեցիների շարքում (արտաքին չափերն են 58x58 մեթր, բարձրությունը մինչև խաչի տակ` 56 մեթր): Նրա հատակագծային ու ծավալային հորինվածքի հիմքը քրիստոնեական կրոնի խորհրդանշան խաչն է: Ծածկն իրականացված է երկու զույգ փոխհատվող, երկաթբետոնե կամարների համակարգի միջոցով (կամարներն ունեն 38 մեթր թռիչք և միմյանցից հեռու են 16 մեթր), որի կենտրոնում բարձրանում է ութանիստ թմբուկով, հովանոցաձև վեղարով գմբեթը: Ծածկի նման լուծումը հնարավորություն է տվել եկեղեցու ներսն ազատել առանձին կանգնած հենարաններից և ստանալ միասնական ներքին տարածություն: 1800 մեթր քառակուսի մակերեսով աղոթասրահում կարող են միաժամանակ տեղավորվել 3000 մարդ, 1700-ը` նստատեղերով: Ընդարձակ Ավագ խորանի (180 մեթր քառակուսի մակերեսով) երկու կողմերում տեղադրված են խոշոր ավանդատները: Աղոթասրահի արևմուտքի Կողմում երգչախմբի ու երգեհոնի համար նախատեսված վերնահարկն է: Եկեղեցու տակ, նրա ողջ մակերեսով, 4 մեթր բարձրությամբ կառուցված է ներքնահարկ, որտեղ գտնվում են սուրբ Գրիգոր Ա Լուսավորչի հուշահամալիրը, գրադարան, դահլիճներ` հանդեսների և դասախոսությունների համար, աշխատասենյակներ: Նույն հորինվածքն ու նույն չափերն ունեցող Սուրբ Տրդատ և Սուրբ Աշխեն` կենտրոնագմբեթ մատուռները նախատեսված են ծիսակատարությունների` պսակադրության, մկրտության, հոգեհանգստի համար: Դրանք խաչաձև են, հովանոցաձև վեղարով ութանիստ թմբուկ ունեցող գմբեթով (մատուռների բարձրությունը մինչև խաչի տակ` 29 մեթր) և ունեն եկեղեցիներին բնորոշ բաղադրամասեր: Եկեղեցու և մատուռների միջև տեղադրված գավիթը նրանց միմյանց կապող հանգույցն է: Ութանիստ սրահ է, որից մուտքեր կան դեպի եկեղեցու աղոթասրահ, վերնահարկ և ներքնահարկ, զույգ մատուռներ: Գավթում են պահվում 2000-ին Նեապոլի Սուրբ Գրիգոր Հայի եկեղեցուց Գարեգին Բ Ներսիսյան Ամենայն հայոց կաթողիկոսի բերած Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները: Գավթին արևմուտքից կից է քառակուսի հատակագծով զանգակատունը (8x8 մեթր), (22 մեթր) բարձրությամբ աշտարակ, որը պսակվում է (5 մեթր) բարձրություն ունեցող քարե թևավոր խաչով: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին ունենալով հայկական դասական ճարտարապետությանը հատուկ նկարագիր, միաժամանակ արդիական է և որևէ միջնադարյան եկեղեցու նմանակը չէ: Կառուցվելով շրջակայքից (15 մեթր) բարձր տարածքում` եկեղեցին դիտվում է քաղաքի հեռավոր կետերից, նաև Հանրապետության հրապարակից և իր խոշոր ծավալով ու տպավորիչ ուրվագծով հարստացնում է Երևանի կենտրոնի համայնապատկերը:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am