Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

ԵՐԵՎԱՆԻ ԶՈՐԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ (ՍՈՒՐԲ ԱՆԱՆԻԱ ԱՌԱՔՅԱԼ ԱՆԱՊԱՏ). հին Երևանի Շահար քաղաքամասի հյուսիսային կողմի այգեստանում: Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու, 17-րդ դարի առաջին քառորդում Մովսես վարդապետը (ապագա Մովսես Գ Տաթևացի կաթողիկոս) Երևանի Ամիրգունա խանի հորդորով և քաղաքի բնակիչների ու վաճառականների միջոցներով սուրբ Անանիայի գերեզմանի վրայի մատուռի շուրջը հիմնել է անապատ և կառուցել պարիսպներով շրջապատված համալիր՝ բաղկացած ժամատնից, առաջնորդարանից, խցերից (բոլորն էլ՝ փայտածածկ): Այստեղ կազմավորված միաբանությունում ղեկավարվել են Սյունյաց Մեծ անապատի կանոնադրությամբ: Երեվանի Սուրբ Անանիա արաքյալ անապատում, Մովսես վարդապետը հիմնել է նաև դպրոց: Անապատի և դպրոցի համբավը, ըստ Առաքել Դավրիժեցու, տարածվել է մինչև Հունաստան, Թուրքիա, Վրաստան, Պարսկաստան: 1635–36-ին՝ թուրք-պարսկական  պատերազմի ժամանակ, ավերվել են անապատի բոլոր շինությունները, բացի մատուռից: Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը 1637-ին քարով վերակառուցել է անապատի բոլոր շենքերը՝ հավելելով նաև սեղանատուն: 1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից անապատն ամբողջովին ավերվել է: 1693-ին Երևանի մեծահարուստ Խոջա Փանոսը մինչև հիմքերը քանդել է անապատի մատուռը և նույն տեղում սրբատաշ տուֆով կառուցել մեկ զույգ խաչաձև մույթերով եռանավ բազիլիկի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին և նրա արևմտյան ճակատին կից՝ եռակամար բաց սրահ, որի կենտրոնում բարձրանում է զանգակատան վեցասյուն ռոտոնդան: Եկեղեցու ներսում, հյուսիս-արևմտյան մույթի կողքից, սրահի հյուսիսային կողմում մուտք է բացվել դեպի սուրբ Անանիայի թաղածածկ, ստորգետնյա ոչ մեծ դամբարանը: 1731-ին Ավետիք վարդապետը պատրաստել է տվել եկեղեցու խաչկալը: 1793-ին Գաբրիել հարյուրապետը նորոգել է եկեղեցու տանիքը: 1835-ին Երեվանի Սուրբ Անանիա արաքյալ անապատ  դադարել է մենաստան լինելուց, և նրա եկեղեցին դարձել է շուրջը բնակություն հաստատած մարաղացի գաղթականների համար ծխական եկեղեցի: Այնտեղ պահվող, հրաշագործ համարվող և «Զորավոր» կոչվող Ավետարանի անունով եկեղեցին սկսել է կոչվել Զորավոր Սուրբ Աստվածածին: 1873-ին երևանցի մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների միջոցներով սուրբ Անանիայի գերեզմանի վրա կառուցվել է քառակուսի հատակագծով, երկհարկ, ութասյուն գմբեթով մատուռ, որի ներքնահարկում սրբի գերեզմանն է: Փակվել է եկեղեցու ներսից դեպի դամբարան տանող մուտքը, և մատուռի արեվմտյան  կողմից նոր մուտք է բացվել: 1889-ին երեսփոխան Մ. Սարգսյանի միջոցներով նորոգվել է եկեղեցին, հարավային կողմից նոր դուռ և ճակատներում ուղղանկյուն լուսամուտներ են բացվել, ներսում, արեվմտյան  կողմում վերնասրահ շինվել: 1974–78-ին ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանի նվիրատվությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, Ավագ խորանում սեղան է տեղադրվել, հյսիսային Որմում մկրտարանի ավազան շինվել, Սուրբ Անանիայի մատուռ-դամբարանի գմբեթը նորոգվել, շրջապատը բարեկարգվել է: Այժմ Երեվանի  Սուրբ Անանիա արաքյալ անապատը քաղաքի Կենտրոն համայնքի գործող եկեղեցիներից է:

 

 

Տես նկարները՝ տեսադարանի պատկերասրահում: 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am