ԵՐԳ. հայ հոգևոր երաժշտության մեջ օգտագործվել է ինչպես լայն, ընդհանուր, այնպես էլ նեղ, մասնավոր իմաստներով՝ որպես հատուկ երաժշտաբանաստեղծական տեսակ: Վաղ միջնադարում երգ են կոչվել առհասարակ և՛ սաղմոսներն ու օրհնությունները («Երգ Սաղմոսից», «Երգ Օրհնութեան»), և՛ 5–8 դարերի ստեղծված ինքնուրույն հոգևոր երգասացությունները: Երգ են կոչվել նաև ժամերգության ընթացքում կատարվող «Փառք ի բարձունս» և «Լոյս զուարթ» հնագույն համաքրիստոնեական երգասացությունները, որոնք դեռևս Բարսեղ Կեսարացին հիշատակել է որպես վաղուց ի վեր ընդհանրացած երգեր: Այդ վերջինների օրինակով 12-րդ դարի Ներսես Շնորհալին ներմուծել է համանուն մի նոր երաժշտաբանաստեղծական տեսակ, որը, ի տարբերություն հին շարականների, աչքի էր ընկնում իր հանրամատչելիությամբ ու հուզականությամբ, ձևի դասական պարզությամբ և ժողովրդական երգարվեստից սերող մի շարք հատկանիշներով, որոնցից նշելի են երգային մեղեդայնությունը և որոշ կշռութային բանաձևերի կիրառությունը: Ներսես Շնորհալու գրչին են պատկանում նախապես արտածիսական նպատակներով գրված և հետագայում ժամերգության մեջ կանոնացված, ձայնագրյալ ժամագրքում զետեղված գիշերային ժամի «Յիշեսցուք ի գիշերի»-ն և «Զարթիք փառք իմ»-ը, «Աշխարհ ամենայն»-ը և «Առաւօտ լուսոյ»-ն, առավոտյան ժամի «Նորաստեղծեալ»-ն ու «Արարչական»-ը, Արևագալի երգերը, երրորդ ժամի «Օրհնեմք զքեզ», «Խաւարեցաւ», «Չարչարակցեալ» և «Նահապետին Աբրահամու», խաղաղական ժամի «Նայեաց սիրով» և «Ի քէն հայցեմք» Երգերը: Նույն ժանրին են պատկանում Ներսես Շնորհալու Չարչարանաց «Այսօր անճառ»-ը՝ բոլոր պատկերներով, «Նորոգող տիեզերաց»-ը, Ննջեցելոց «Աստուած անեղ»-ը ու «Արարիչ և մարդասեր, անոխակալ և բարեգութ» Երգերը (իրենց բոլոր պատկերներով), որոնք հարստացրել են հայ հոգևոր երգարվեստը բարձրարժեք նմուշներով:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am