Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Երկնային Արքայություն

 ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ. Աստծո թագավորություն, Հիսուս Քրիստոսի թագավորությունը՝ տրված Հայր Աստծուց: Երկնային արքայություն արտահայտվում է հիմնականում երկու կերպով. թագավորություն, որը հանուն Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգին է հաստատում փրկյալ մարդու մեջ՝ Պենտեկոստեից ի վեր, և աստվածային թագավորություն՝ նոր երկինք ու նոր երկիր, որ իջնելու է Աստծուց (Հայտնություն 21), փոխանակ հին երկնքի և երկրի, որոնք անցնելու են: Երկնային արքայություն է կոչվում նաև Քրիստոսի Հազարամյա թագավորությունը երկրի վրա (Հայտնություն 20)՝ Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ՝ մարդկային բոլոր թագավորությունների (տերությունների) ու չարի կործանումով և նոր՝ հավիտենական դրախտ ընծայելով նրա՛նց, ովքեր արդարացված, փրկված ու սրբված են Հիսուս Քրիստոսով: Տերունական աղոթքի՝ «Հայր մեր»-ի մեջ ասվում է՝ «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. Քո թագավորությո՛ւնը թող գա. քո կա՛մքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է...» (Մատթեոս 6.9–10), ուստի երկնային արքայություն հենց Աստծո կամքի հաստատումն է երկրի վրա: Հովհաննես Մկրտիչը երկնային արքայության ավետիսն էր տալիս մարդկանց, ի դեմս մարդեղացյալ Աստվածորդու. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթեոս 3.2): Երկնային արքայություն Հին կտակարանում հիշատակվում է որպես աստվածային հավիտենական թագավորություն («...Նրա արքայությունը հավիտենական արքայություն է...», Դանիել 7.27) և այլն: Մարգարեները, խոսելով գալիք Մեսիայի ծննդյան, փրկչական գործունեության, չարչարանքների, մահվան, հարության և այլնի մասին, նշում են նաև, որ նա թագավոր է՝ սերված Դավթի թագավորական տոհմից (որը ճշմարիտ է մարդեղացյալ Հիսուսի վերաբերյալ, քանի որ նա ծնվեց Դավթի ցեղից սերված Կույս Մարիամից՝ Սուրբ Հոգու զորությամբ), որ նա Աստված է՝ բոլոր թագավորությունների վրա («...Տե՛ր Աստված Իսրայելի, դու, որ նստած ես քերովբեների վրա, աշխարհի բոլոր թագավորությունների մեջ միայն դո՛ւ ես Աստված...», Դավիդ Թագավոր 19.15), որ նա է արքայության Տերը («...քանզի Տիրոջն է արքայությունը...», Սաղմոս 21.29) և այլն: Քրիստոսը, որպես Աստծուց լիազորված ժառանգորդ, ազդարարում էր երկնային իշխանության երևան գալը երկրի վրա: Քրիստոսի տնօրինական-փրկչական գործունեության նպատակը երկնային արքայության հաստատումն էր, որ կենսագործվում է նախ՝ Աստծո Որդուն հավատացողների և հնազանդվողների մեջ՝ Սուրբ Հոգու մկրտությամբ, իսկ ժամանակների վախճանին երկնային արքայություն կտարածվի համայն երկրի վրա: Ուստի և մինչև Օծյալ Փրկչի Երկրորդ գալուստը, հավատացյալ մարդկությունը երկնային արքայության մեջ է հոգևորապես՝ գտնվելով Սուրբ Հոգու ներկայության մեջ: Վերևից՝ Սուրբ Հոգուց վերստին ծնված մարդկանց հոգիներում է երկնային արքայություն, որի համար էլ նրանք կոչվում են երկնքի քաղաքացիներ: Այժմ երկրի վրա Քրիստոսի թագավորությունը տեսանելի ձևով դրսևորվում է հանձինս սուրբ եկեղեցու: Նոր կտակարանի Երանիների շարքում առաջինը հիշատակվում է Երկնային արքայություն («Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը», Մատթեոս 5.3), այնուհետև երկրոր դվում է մեկ այլ իմաստային դրսևորմամբ՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթեոս 5.10): Երկնային արքայությունը Հիսուսն է հաստատում մարդու մեջ, որպես աներևույթ թագավորություն («Աստծու արքայությունը դրսից տեսանելի կերպով չի գալիս, և չեն ասի, թե՝ ահավասիկ այստեղ է կամ այնտեղ, որովհետև ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է», Ղուկաս 17.20–21): Նա առակախոսությամբ ակնարկում է երկնային արքայության՝ ամենայն ինչից բարձր, սուրբ և գերադաս լինելը, համեմատում է այն գտնված գանձի, մարգարտի, խոշոր ձկան, մանանեխի հատիկի և այլնի հետ, ներկայացնում երկնային արքայության հասնելու պայմանները. «Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը...» (Մատթեոս 6.33): «Ոչ ամեն մարդ, որ ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7.21): Երկնային արքայության մեջ, ըստ Սուրբ Գրքի, տեղ չունեն Աստծուն անարգողները, անհավատները, գողերը, մարդասպանները, կռապաշտները, հայհոյողները, ստախոսները, վաշխառուները, պոռնիկները, արվամոլները, գոռոզները, դաժանները, ամբարտավանները, հանձնապաստանները, մոլորեցնողները, առհասարակ՝ սատանայի չար կամքը կատարողները, որոնց վերջին հանգըրվանը դժոխքն է: Երկնային արքայության մեջ տեղ ունեն Հիսուս Քրիստոսին հավատքով որպես Աստծո Որդի և Աստված ընդունողները, նրա քավչարար արյամբ մաքրվածները, հեզերը, խաղաղարարները, Սուրբ Հոգով վերստին ծնունդ ունեցողները, ովքեր հավատում են Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն և կատարում են հավատի գործը, այդպիսով կենդանացնելով հավատը: Նրանք Երկնային արքայության մեջ պետք է լինեն թագավորներ ու քահանաներ՝ կոչվելով Աստծո որդիներ և թագավորելով Հիսուս Քրիստոսի հետ (Բ Տիմ. 2.12, Հայտնություն 22.5): Երկնային արքայության հաստատումը երկրի վրա երկնային Փեսայի (Հիսուսի) իղձն է և երկնային Հարսի (Եկեղեցու) ակնկալությունը: Քանի որ Հայր Աստծո կամքի համաձայն ամենայն իշխանություն հանձնված է Որդուն՝ խաչյալ և հարուցյալ Հիսուս Քրիստոսին, ուստի նա է երկնային արքայության արքան, որի թագավորությունն անվախճան է (տես՝ Ելք 15.18, Սաղմոս 92.1, 98.1, 145.10, Եսայի 32.1, Հայտն. 17.14, 19.16 և այլն): Գրիգոր Տաթևացին իր «Ոսկեփորիկ» (1995, հ. 1, էջ 3–6) երկում, վերլուծելով սուրբգրային համապատասխան ասույթները, գալիս է այն եզրակացության, որ Երկնային արքայություն են կոչվում.

1. Սուրբ Երրորդությունը,

2. Ինքը Քրիստոս՝ Որդին Արքայի,

3. Հիսուս Քրիստոսի Առաջին գալուստը,

4. Սուրբ Գրքերը և Արքայի Ավետարանը՝ Նոր կտակարանը,

5. Սուրբ Եկեղեցին,

6. Եկեղեցու խորհուրդները,

7. Հավատքը,

8. Մարդու հոգին,

9. Տիրոջ Երկրորդ գալուստը,

10. Երկնքի ժառանգությունը ՝ թաքցրած գանձը, այն, «որ աչքը չտեսավ և ականջը չլսեց» (Ա Կորնթ. 2.9):

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am