ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՅԱՆՑ ՎԱՆՔ. իսկական անվանումը Սրբոց Յակոբեանց Վանք Հայոց, Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին է։ Գտնվում է Երուսաղեմի հարավ-արևմտյան մասում, Սիոն լեռան բարձունքում, ըստ ավանդության, Հակոբոս Տյառնեղբոր տան տեղում: Նվիրվել է Հակոբոս առաքյալին (նահատակված 44-ին) և Հակոբոս Տյառնեղբորը (նահատակված 60-ին): Վանքի կառուցման վերաբերյալ պատմական ստույգ տեղեկություններ չեն պահպանվել:
Ազգային ավանդությունը վերագրում է Տրդատ Գ Մեծին և Գրիգոր Ա Լուսավորչին: Վանքը պատված է ամուր, բերդանման պարիսպներով, որոնց ներսում են Սրբոց Հակոբյանց Մայր տաճարը՝ կից մատուռներով, եկեղեցիներով, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, հոգևորականների, աշխարհականների և ուխտավորների բնակության թաղերը: Սուրբ Հակոբյանց Մայր տաճարը, ինչպես և Երուսաղեմի մյուս
Չնայած վանքը բազմիցս ենթարկվել է Երուսաղեմը նվաճողների ավերածություններին ու հարվածներին, այն երբեք չի դադարել հայ ուխտավորի սրբատեղի լինելուց: Սուրբ Հակոբյանց Մայր տաճարը քառամույթ գմբեթավոր կառույց է՝ զարդարված հախճասալերով, նկարներով, ավելի քան 500 արծաթե կանթեղներով, չորս բյուրեղյա հսկա ջահերով, ոսկեդրվագ խաչկալով, սադափակերտ դռներով, գեղաքանդակ փայտե առարկաներով, դարերի հնություն ունեցող ձեռագործներով: Պատերի ստորին մասը ծածկված է Քոթահիայի (Կուտինա) նկարազարդ հախճասալերով, վերին մասը մեծադիր նկարներ են, որոնք հիմնականում հեղինակել է Հովհաննես տիրացուն: Եկեղեցու կենտրոնական սյուների վրա վեր են խոյացած հոյակերտ կամարներով առաստաղն ու գեղազարդ գմբեթը: Մայր տաճարի շուրջը՝ նրան կից և նրանից բացվող մուտքերով, ինը մատուռ կա սուրբ Պատարագի 21 սեղաններով՝ Սուրբ Էջմիածնի, Գլխադիր Սուրբ Հակոբոս (այստեղ է ամփոփված Հակոբոս առաքյալի գլուխը), Սուրբ Մինասի (նվիրված է սուրբ Մինասին և սուրբ Սարգիս զորավարին), Սուրբ Մակարի (նվիրված է Երուսաղեմի պատրիարք սուրբ Մակար հայրապետին), Սուրբ Ստեփանոսի, Սուրբ Նշան (այսպես է կոչվում, որովհետև մատուռում մի խաչ է պահվել, որում Տիրոջ Խաչափայտից մասունք է եղել), Սուրբ Առաքելոց, Սուրբ Համբարձման, Սուրբ Պողոսի և Սուրբ Պետրոսի: Սրբոց Հակոբյանց վանքի հյուսիսային կողմում է գտնվում Սուրբ Թորոս եկեղեցին, որը կառուցել է Հայոց Հեթում Ա թագավորը Մառիի ճակատամարտում զոհված իր որդու՝ Թորոսի հիշատակին: Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը նաև մշակութային նշանավոր կենտրոն է: Այս համալիրում է Զաքարիա Կոփեցու ջանքերով 1833-ին ստեղծվել Երուսաղեմի հայկական տպարանը, որտեղ կրոնական, եկեղեցական, պատմաբանասիրական, գրականագիտական բնույթի ուսումնասիրություններից զատ տպագրվել են Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Մ. Զարիֆյանի ժողով ածուները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, Ն. Պողարյանի «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբեանց»
հատորները (1966–91) և այլն: Այստեղ է տպագրվում «Սիոն» ամսագիրը: Վանքիձեռագրատանն է պահվում աշխարհում երկրորդ (Երևանի Մատենադարանից հետո) հայերեն շուրջ 4 հազար ձեռագիր պարունակող հավաքածուն: Ենթադրվում է, որ այն սկզբնավորվել է 12–13-րդ դարերին: Ձեռագրացուցակների կազմմանն ու հրատարակմանը ձեռնամուխ են եղել Տ. Սավալանյանը (1865), Ա. Սյուրմեյանը, Ն. Պողարյանը: Վանքում գործում է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանը:
2000-ի հունվարին Երուսաղեմում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանը և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am