Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Երզնկայի Աստվածաշունչ

ԵՐԶՆԿԱՅԻ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ. հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան: Գրվել և ծաղկվել է 1269–70-ին, Բարձր Հայքի Ավագ վանքի գրչատանը: Գրիչներն են Մխիթարը, Հակոբը և Մովսեսը, պատվիրատուները՝ Երզնկայի արքեպիսկոպոս տեր Սարգիսն ու իր որդին՝ պարոն Հովհաննեսը: Նրանց ջանքերով է կառուցվել Երզնկայի Սուրբ Փրկիչ եկեղեցին, նրանց անունները պահպանվել են նաև Ներսես Ա Մեծի մասունքների համար պատրաստված թանկարժեք մասնատուփի արձանագրության մեջ: Երզնկայի Աստվածաշունչը մեզ հայտնի առաջին ձեռագիր Աստվածաշունչն է, որը պարունակում է Հին կտակարանի թեմաներով նկարներ: Մինչ այդ Հին կտակարանի գրքերի սկիզբը զարդարել են գլխազարդերով կամ դրանց հեղինակների պատկերներով: Երզնկայի Աստվածաշունչում նույնպես կան հեղինակների պատկերներ, բայց որոշ գրքերի սկզբում զետեղված են թեմատիկ նկարազարդումներ: Օրինակ, Նավեի որդու Հեսուի գրքի սկզբում պատկերված է հրեշտակի հայտնությունը նրան, Դատավորաց գրքի սկզբում՝ Գոթոնիելը, Գեդեոնը, նաև Սամսոնը՝ ավանակի ծնոտը ձեռքին, որով նա սպանել էր 1000 փղշտացու: Առավել հաջողված են Հոբի և Դանիելի գրքերի սկզբներում տրված մանրանկարները: Յուրատիպ են ներկայացված տեքստերի հեղինակ-մարգարեները՝ պատկերված դիմացից, ոմանք՝ տեքստի սկզբնատառը գրելիս: Ուշագրավ են նրանց հագուստների խոշոր, ազատ ուրվագծերով ծալքերը: Կիսատոների օգտագործումը պատկերներին որոշակի ծավալայնություն է հաղորդում: Գեղեցիկ է ձեռագրի զարդային հարդարանքը, որը շատ զուգահեռներ ունի կիլիկյան լավագույն օրինակների հետ: Ճոխ զարդարված, ոսկու առատ կիրառմամբ, բարձրորակ մագաղաթի վրա գեղեցիկ բոլորգրով գրված այս ձեռագիրը հայկական մանրանկարչության գոհարներից է: 17-րդ դարին ձեռագիրը գերվել է, ապա գնվել թուրքական փաշայից՝ Զիրաք անունով մի վաճառականի օգնությամբ, և տեղափոխվել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքի մատենադարան, որտեղ պահվում է առ այսօր (ձեռագիր դ 1925): Իբրև Աստվածաշնչի Բարձր Հայքի բնագրային ավանդույթը կրող լավագույն նմուշ Երզնկայի Աստվածաշունչն ընդգրկվել է Հին կտակարանի հայկական թարգմանության քննական բնագրերի կազմման աշխատանքներում:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am