Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Եսայի Հասան-Ջալալյան

ԵՍԱՅԻ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ. ծննդյան թվականն անհայտ է, մահացած է 1728-ին: Գանձասարի կաթողիկոս 1701-ից, ազգային ազատագրական շարժման գործիչ և ղեկավար, պատմիչ: Սերում է Արցախի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից: 1702-ին, Սիմեոն Դ Խոտորաշենցի հակաթոռ կաթողիկոսի մահից հետո, միավորել է Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը: Եսայի Հասան Ջալալյանին են ենթարկվել Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, իսկ 1720-ից, Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու կոնդակով՝ նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) և այլն: Միաժամանակ, կաթողիկոսի հատուկ կոնդակով նա իրավունք է ստացել հանգանակություն կատարել Գողթնի, Թիֆլիսի, Կապանի և Նախիջևանի թեմերից: Ստորագրել է «Գանձասարայ, Ղարապաղի և Շիրուանայ կաթողիկոս», «Պատրիարք Աղուանից, որէ Ալանաց, Շիրուանայ և Գանջայու, և մասին Հայոց»: 1710–11-ին հայ ազատագրական շարժման գործիչ Իսրայել Օրու՝ պարսկական դեսպանագնացության ժամանակ Եսայի Հասան-Ջալալյան հանդիպել է նրան և Պետրոս Ա-ից օգնություն խնդրելու նպատակով Իսրայել Օրու հետ մեկնել Մոսկվա: Աստրախանում Իսրայել Օրու հանկարծամահ լինելուց (1711) հետո Եասյի Հասան-Ջալալյան չի շարունակել ճանապարհը, վերադարձել է Գանձասար՝ կազմակերպելու «անհավատների լծի տակ հեծող» իր քրիստոնյա ժողովրդի ազատագրական պայքարը: Այցելել է Պարսկաստան (Ղում, Սպահան, Նոր Ջուղա), նամակներ առաքել Լեհաստանի Օգոստոս թագավորին, Հռոմի Կղեմես Ժ պապին: Հայաստանի ազատագրության հարցը կապելով Ռուսաստանի հետ՝ գործուն բանակցություններ է վարել Պետրոս Ա-ի և ռուսական կառավարության հետ: 1716-ին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Այսրկովկաս Պետրոս Ա-ի ուղարկած Մինաս վրդապետ Տիգրանյանին և նրան կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: Միաժամանակ, Ղարաբաղի հայության անունից, հատուկ նամակով Պետրոս Ա-ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը «յօժար սրտիւ» ընդունելու ցանկությունը (նույնը կրկնել է 1718-ի սեպտեմբեր 25-ի նամակում): Եսայի  Հասան-Ջալալյան ղեկավարել է Ղարաբաղի հայության ազատագրական պայքարը, վճռական դեր կատարել հայկական զինված ուժերի միավորման և սղնախների (Արևելյան Հայաստանում լեռնային բերդերի և բնական ամրությունների անվանումը) կազմավորման գործում: 1722-ի գարնանը նրա գլխավորությամբ սղնախների զինվորականությունը հակահարված է հասցրել Ղարաբաղ ներխուժած Դաղստանի լեռնականների հրոսակներին: Գանձասարում, այնուհետև Թիֆլիսում, Եսայի Հասան-Ջալալյան բանակցել է Վրաց Վախթանգ Զ թագավորի հետ, քննարկել Պետրոս Ա-ի պարսկական (կասպիական) արշավանքին համատեղ ուժերով մասնակցելու հարցը: Կատարելով ստանձնած պարտավորությունները, թողնելով կաթողիկոսական աթոռը՝ Եսայի Հասան-Ջալալյան 1722-ի սեպտեմբեր 22-ին մելիքների հրամանատարությամբ, արցախահայոց 10 հոգանոց գործող զորագնդով, քահանաների ուղեկցությամբ Գանձակին մերձ Չոլակ վայրում միացել է Վախթանգ Զ-ի բանակին: 25 օր սպասելուց հետո, երբ պարզվել է, որ Պետրոս Ա-ը է արշավանքը, վրացական բանակը շտապել է Թիֆլիս, իսկ Եսայի  Հասան-Ջալալյան հայոց զորքի հետ վերադարձել է Ղարաբաղ: Այս անհաջող ձեռնարկումից հետո ամրացել է հայրենի լեռներում, կազմակերպել հակապարսկական պայքարը, որի շնորհիվ կարճ ժամանակում ազատագրվել է ողջ երկրամասը, ստեղծվել անկախ հայկական իշխանություն: Մեծ է Եսայի  Հասան-Ջալալյանի ավանդը հատկապես օսմանական բանակների դեմ սղնախների պայքարը կազմակերպելու գործում: Երբ ռուսները տիրել են պարսից ծովեզրյա գավառներին, թուրքերը սկսել են առաջանալ դեպի Հայաստանի խորքերը (1723): Գրավելով Նախիջևանը, Երևանը, Թիֆլիսը, Գանձակը՝ հասել են Ղարաբաղ: Եսայի Հասան-Ջալալյան մերժել է թուրքերին հպատակվելու՝ Հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համադանցու առաջարկը: 1724-ի փետրվարին Եսայի Հասան-Ջալալյան և մի քանի մելիքներ Պետրոս Ա-ին հղած նամակում պատրաստակամություն են հայտնել դիմագրավելու թշնամուն՝ մինչև ռուսական զորքերի ժամանումը Ղարաբաղ: Հոկտեմբեր 18-ի նամակով նա ծանուցել է թուրքական զորքերի առաջխաղացման մասին՝ օգնական ուժեր ստանալու ակնկալիքով: 1724-ի մարտին նոր խնդրագրեր են կազմվել, այս անգամ արդեն ոչ միայն Եսայի Հասան-Ջալալյանի, այլև մելիքների, հարյուրապետների ստոագրություններով, որտեղ օգնական զորքեր ստանալու խնդրանքը հիմնավորել են մարտի 1-ին օսմանական 4700-անոց զորքի դեմ իրենց տարած հաղթանակով: Պետրոս Ա-ի մահից հետո էլ Եսայի Հասան-Ջալալյան շարունակել է փնտրել ռուսական արքունիքի օժանդակությունը: Սակայն, վերջինիս երկդիմի քաղաքականությունից հուսախաբված, հակվել է թուրքերի հետ բանակցություններ վարելու և համաձայնության գալու մտքին: 1726-ի հուլիսին Եսայի Հասան-Ջալալյան Ղարաբաղի մելիքների և տանուտերերի ուղեկցությամբ մեկնել է Բարդա՝ սերասքեր Սարու-Մուստաֆա փաշայի մոտ՝ հավանաբար բանակցելու նպատակով: Պայքարը շարունակելու կողմնակիցները նրան մեղադրել են դավաճանության և խաբեության մեջ, ինչի հետևանքով Եսայի Հասան Ջալալյան ինքնասպան է եղել: Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը՝ «զինվոր հոգևորականը», հայ մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից է: 1718-ին նա հավաքել է Ղարաբաղի վանքերի (Դադիվանք, Խաթրավանք, Գոշավանք, Ծարի, Սուրբ Աստվածածին, Գանձասար և այլն) արձանագրություններ, Ավետարանների, Հայսմավուրքների հիշատակարաններ: Արձանագրությունների հավաքածուի հիման վրա կազմել է Ծարի (Վերին Խաչեն) իշխանական տան տոհմաբանությունը: 18-րդ դարի առաջին քառորդի հայոց պատմության արժեքավոր սկզբնաղբյուր է նրա հեղինակած «Պատմութիւն Աղուանից»-ը (1839), որն իր ժամանակի դեպքերի նկարագրությունն է և հասնում է մինչև 1723-ը: Երկը լույս է տեսել ֆրանսերեն (1876), վրացերեն (1971), ռուսերեն (1989): 

 


Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am