Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Եթովպական Ուղղափառ Եկեղեցի

ԵԹՈՎՊԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ, Հաբեշական եկեղեցի, Արևելյան ուղղափառ եկեղեցիներից: Մինչև 1951-ը վարչականորեն ենթակա էր Ղպտի ուղղափառ եկեղեցուն: Քրիստոնեությունը Եթովպիա է մուտք գործել տակավին առաքյալների ժամանակներից: Համաձայն Գործք առաքելոցի, Փիլիպպոս առաքյալը մկրտել է եթովպացիների Կանդակա թագուհու ներքինիին (Գործք 8.26–38)՝ դրանով նշանավորելով Եթովպական ուղղափառ եկեղեցու սկըզբնավորումը: Քրիստոնեությունը պետականորեն ճանաչվել է 318 կամ 340-ին՝ Ալեքսանդրիայից եկած հույն բարեպաշտ վաճառական Ֆրումենտիոսի ջանքերով: Նորահաստատ եկեղեցու հոգևոր և վարչական պետքերը հոգալու նպատակով Աթանաս Ալեքսանդրացին նրան ձեռնադրել է (որից հետո նա վերանվանվել է Աբունա Սալամա) և ուղարկել այս նոր թեմին ծառայելու: Քաղկեդոնի ժողովից (451) հետո Եթովպական ուղղափառ եկեղեցի, հավատարիմ մնալով երեք տիեզերական ժողովների դավանական որոշումներին, հարել է Ղպտի եկեղեցուն, որը ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի հետևորդ էր: Բյուզանդական Հուստինիանոս կայսրի օրոք (527–565), երբ քաղկեդոնականներին հովանավորելու քաղաքականություն էր տարվում, ինչպես նաև ավելի ուշ՝ 640-ական թվականներից, երբ Եգիպտոսն ընկավ մահմեդական տիրապետության տակ, խզվեցին բյուզանդական եկեղեցու հետ բոլոր հարաբերությունները, և Եթովպական ուղղափառ եկեղեցին մայր՝ Ղպտի եկեղեցու հետ միասին անխաթար պահեց իր դավանական դիմագիծը: 1498-ից Պորտուգալիայի և Հնդկաստանի միջև ծավալված դիվանագիտական, առևտրական հարաբերություններին զուգընթաց Կաթոլիկ եկեղեցին, հանձին նորահաստատ Հիսուսյան միաբանության, իր քարոզչական գործունեությունը տարածել է այդ ուղու վրա ընկած երկրներում, այդ թվում՝ Եթովպիայում: Սակայն կաթոլիկ Արևմուտքի՝ Եթովպական ուղղափառ եկեղեցին դավանափոխ անելու ճիգերը անհաջողության են մատնվել: 19-րդ դարին դեպի Արևելք ծավալված բողոքական շարժումը նույնպես անհաջողություն է կրել: Ինչպես Հայ առաքելական, Հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիները, Եթովպական ուղղափառ եկեղեցին նույնպես որոշակի տեղ է զբաղեցնում Սուրբ երկրում՝ Երուսաղեմ: 20-րդ դարու սկզբին Եթովպական ուղղափառ եկեղեցու հովվապետ Մատթեոս եպիսկոպոսի ջանքերով Երուսաղեմում ձեռք է բերվել Սուրբ Կոստանդինի և Սուրբ Հեղինեի տաճարը, որը պատկանում էր Հայ եկեղեցուն: Այստեղ Եթովպական ուղղափառ եկեղեցին հիմնել է վանք և հյուրատուն: Հայ եկեղեցուն դավանակից Եթովպական ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր են ունեցել հայ եթովպական եկեղեցական հարաբերությունները: Դրանք սերտացել են հատկապես Քաղկեդոնի ժողովից հետո, երբ Եթովպական ուղղափառ եկեղեցին Հայ, Ասորի և Ղպտի եկեղեցիների հետ միասին մերժել է այդ ժողովի որոշումները: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատմության մեջ կարևոր դեր է խաղացել ներկայիս Դեսիե քաղաքի մոտ գտնվող, եթովպական ժամանակագրություններում «Հայկական կղզի» անունով հիշատակված բնակավայրը՝ Սուրբ Ստեփանոս վանքով: Այն հիմնել է 7-րդ դարին արաբական արշավանքների հետևանքով Սիրիայի, Պաղեստինի և Եգիպտոսի վրայով այստեղ գաղթած հայ վանականները: Այս վանքը մեծապես նպաստել է Եթովպական ուղղափառ եկեղեցու մատենագրության, մշակութային ավանդույթների զարգացմանը: Վանքի հայրերից Գևորգ վարդապետի (Գևորգ Հայ) գրչին է պատկանում գեեզ լեզվի և եթովպական կրոնական գրականության գոհարներից մեկը՝ «Տիրամոր փառաբանությունը» (1440): Եթովպական ուղղափառ եկեղեցիում Հայ եկեղեցու հեղինակության բարձրացումը անխզելիորեն կապված է եթովպական մեծագույն սրբերից մեկի՝ Մակաբա Էկզիեի (սուրբ Եվստաթեոս, 14-րդ դար) անվան հետ, որն իր կրթությունը ստացել է հայկական Սուրբ Ստեփանոս վանքում: Եվստաթեոսի գործունեությունն այնքան սերտ է եղել Հայ եկեղեցու հետ, որ նրան հաճախ հայ են համարել ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ՝ հետագայում: Համաձայն վարքի, Եվստաթեոսը Հայաստան է այցելել երեք անգամ: Վերջին այցելության ժամանակ 14 տարի ապրել է Կիլիկիայում և այստեղ էլ մահացել 1358 ին, թաղվել է հայկական եկեղեցում: Մահվան մահճում իր աշակերտներին պատվիրել է վերադառնալ Եթովպիա և վկայել Հայ եկեղեցու առաքելականության մասին: Եվստաթեոսի վարդապետության հիման վրա Զարա Հակոբ թագավորը վերակառուցել է Եթովպական ուղղափառ եկեղեցին, ինչը հնարավորություն է տվել եթովպական քրիստոնեությունը ձերբազատել մահմեդական և հեթանոսական բարքերից: Հայ եկեղեցու բարոյական ազդեցությամբ կատարված այդ բարեփոխումների շնորհիվ եթովպացիները մեկընդմիշտ ճանաչեցին Հայ եկեղեցու առաջատարությունն Արևելյան եկեղեցիների մեջ: Այս ճանաչման հետևանքով Հայ եկեղեցու մի շարք սուրբեր (սուրբ Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Հռիփսիմե, սուրբ Գայանե) և ավանդույթներ տեղ են գտել եթովպական Հայսմավուրքի մեջ: Պատմական, մատենագրական բազում փաստեր վկայում են Հայ և եթովպական եկեղեցիների փոխհարաբերությունների մասին: Այսպես, Եթովպիա ուղարկված հայ առաջին պատվիրակը Գրիգոր եպիսկոպոսն է՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունից (1652): Մոտ քսան տարի անց Եթովպիա է այցելել Հովհաննես արքեպիսկոպոս Աղթամարցին (Թութունջի): 1867–68-ին Մեծ Բրիտանիայի արտգործ նախարարության խընդրանքով Եթովպիա է մեկնել Հայ եկեղեցու հատուկ պատվիրակությունը՝ անգլիացիների հետ գժտված Թեոդորոս 2-րդ արքայի հետ բանակցություններ վարելու և անգլիացի կալանավորներին ազատ արձակելու նպատակով: Ադիս Աբեբայի նորակառույց հայկական եկեղեցին օծելու համար 1928 ին Եթովպիա է ուղարկվել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս  Արսլանյանը, որն իր ուղևորությունը գրի է առել և հրատարակել (Կ. Պոլիս, 1930):

 

 

 

Կառուցվածքը

Վարչականորեն Ղպտի եկեղեցուն ենթակա լինելու պատճառով Եթովպական ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսապետը, որն ազգությամբ պարտադիր ղպտի պետք է լիներ, ավանդաբար ձեռնադրվել է Եգիպտոսում: Դարեր շարունակ Եթովպիայի միակ եպիսկոպոսը ղպտի մետրոպոլիտն էր: 1951-ին առաջին անգամ Եթովպիայի հոգևորականությունն ու աշխարհիկներն ընտրել են ծագումով եթովպացի մետրոպոլիտ: 1959-ին Ղպտի եկեղեցին վավերացրել է Եթովպական ուղղափառ եկեղեցու անկախությունը՝ նրա առաջնորդին բարձրացնելով պատրիարքի աստիճանի: Նույն թվին Ղպտի եկեղեցու հովվապետ Կյուրեղ 6-րդ պատրիարքը Եթովպիայի Բասիլիոս եպիսկոպոսին ձեռնադրել է Եթովպիայում՝ որպես Եթովպական ուղղափառ եկեղեցու պատրիարք: Եթովպական ուղղափառ եկեղեցին երկրի պաշտոնական եկեղեցին էր մինչև 1974-ը, երբ գահընկեց է արվել կայսրը, և հաստատվել համայնավարական վարչակարգ: Հեղափոխությունից քիչ անց եկեղեցին և պետությունը պաշտոնապես բաժանվել են, և եկեղեցապատկան շատ հողեր պետականացվել: Համայնավարական կառավարության տապալումից (1991) հետո եկեղեցին դուրս է եկել մեկուսացած վիճակից և սկսել ավելի գործուն մասնակցել երկրի կյանքին: Հովանավորում է կարիքավորների օգնությանն ուղղված մի շարք ծրագրեր, որբանոցներ, աշխուժացնում հոգևորական եկեղեցական գործունեությունը: Եթովպիայում եկեղեցին ունի 12 թեմ, երկրից դուրս՝ ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և այլուր, ևս ունի թեմեր: Եթովպական ուղղափառ եկեղեցու բարձրագույն մարմինը եթովպական Սուրբ սինոդն է, որն ընտրում է պատրիարքին, իրավասու է պաշտոնանկ անել թեմերի առաջնորդներին: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատրիարքն է Աբունա Պաուլոսը (1992-ից, եկեղեցու անկախացումից հետո 5-րդ պատրիարքը): Եթովպական ուղղափառ եկեղեցու կարևոր հաստատություններից է վանական կառույցը: Վանական դրությունը հիմնված է Եգիպտոսի անապատական հայրերի օրենսդրության վրա, որին ցայսօր հետամուտ են առավել նախանձախնդիր որոշ վանականներ: Վաղ միջնադարից գործում են երկու վանական միաբանություններ՝ Անտոնյան ու Եվստաթյան, որոնց միջև երբեմնի հակամարտությունն այժմ վերացել է: Անտոնյան միաբանության առաջնորդը ներկայումս Եթովպիայի վանական միաբանությունների ընդհանուր ղեկավարն է: Վանական հայրերը մեծապես նպաստել են հաբեշական քրիստոնեական մշակույթի, գրականության զարգացմանը: Նրանց ջանքերով բազմաթիվ թարգմանություններ են կատարվել ղպտերենից, հունարենից, ասորերենից սեփական գեեզերենառացի՝ բերովի) լեզվի, որն ազգակից է արաբերենին: Բացի Աստվածաշնչից (որ հրատարակված է ժողովրդին մատչելի ամհարերեն) թարգմանվել են եկեղեցական, ծիսական մատյաններ, այդ թվում՝ Կյուրեղ Ալեքսանդրացու Պատարագամատույցը, որով և ցարդ առաջնորդվում է Եթովպական ուղղափառ եկեղեցի:

 

Պաշտամունքը և ծեսերը

Եթովպական ուղղափառ եկեղեցին ունի պաշտամունքային և ծիսական որոշ առանձնահատկություններ, որոնցով տարբերվում է Արևելքի մյուս եկեղեցիներից (նմանվելով բացառապես Ղպտի եկեղեցուն): Դրանք դրսևորվում են Հին կտակարանից հայտնի հրեական որոշ սովորությունների կիրառմամբ: Այսպես, Եթովպական ուղղափառ եկեղեցին սրբորեն կատարում է թլփատությունն ու մաքրության օրենքը: Հինկտակարանային հայեցողության դրոշմն է կրում նաև շաբաթ և կիրակի օրերի տոնակատարումը, ինչպես նաև սուրբ և անսուրբ կենդանիների զատորոշումը: Եթովպական ուղղափառ եկեղեցիում տարվա 250 օրը պահոց օրեր են: Ծիսական որոշ սովորություններ ևս վերցվել են հրեական ծիսակարգից: Ղևտացիների (հրեա հոգևորականներ) նման Եթովպական ուղղափառ եկեղեցու սպասավորները պարում են Ուխտի տապանակի առջև, ձախ ձեռքում՝ գավազան, իսկ աջում՝ բոժոժներ կրելով: Մինչդեռ Եթովպական ուղղափառ եկեղեցիում թմբուկի կիրառումն ունի հեթանոսական ծագում: Աստվածաշնչի հունական Յոթանասնից թարգմանության կանոնից զատ Եթովպական ուղղափառ եկեղեցին ընդունում է նաև մի շարք հրեական և քրիստոնեական պարականոն գրքեր, որպիսիք են Ենովքի գիրքը և Կուֆալեն (Հոբելյանների գիրքը): Ճարտարապետությունը և արվեստը: Թեև Եթովպական ուղղափառ եկեղեցու ճարտարապետությունը հավատարիմ է սկզբնական բազիլիկ, քառանկյուն, խաչաձև ոճին, այնուամենայնիվ, դրան զուգահեռ մշակել է իր ուրույն ոճը՝ ութանկյուն օղակաձև: Հնագույն եկեղեցին Աքսումի Մայր տաճարն է, որը նվիրված է Սիոնի սուրբ Կույս Աստվածածնին: Տաճարի խորանում պահվում է Ուխտի տապանակը: Ենթադրվում է, որ Սաբայի (Եթովպիա) Մաքեղա թագուհու [որը ամուսնացել էր Իսրայելի թագավոր Սողոմոնի հետ (Գ Թագ. 10.1–13, Բ Մնաց. 9.1–12, Մատթ.12.42)] ժամանակներից (ՔԱ 10-րդ դար) ի վեր Ուխտի տապանակը Երուսաղեմի Սողոմոնյան տաճարից փոխադրվել է Եթովպիա (Աքսումի Մայր տաճար), որտեղ երկար ժամանակ խնամքով պահվել է՝ հետագայում բացառիկ կարևոր տեղ գրավելով եթովպացիների աստվածապաշտական, ծիսական ըմբռնման մեջ: Պատմական նշանակություն ունեն մասնավորապես Լալիբելայի ժայռափոր, զանգվածեղ, սյունազարդ, կամարակապ տաճար-եկեղեցիները: Կան 9 նման եկեղեցիներ՝ իրենց ոճով խիստ մոտիկ Եգիպտոսի հեթանոսական տաճարներին: Դրանք իրար հետ կապված են գետնուղիների միջոցով: Ի տարբերություն ղպտական վանքերի, որոնք կառուցված են Եգիպտոսի անապատներում, եթովպականները գտնվում են լեռների անմատչելի բարձունքներում (օրինակ, 7-րդ դարին կառուցված Տըպրա Տամո վանքը): Սրբանկարչությունը ներկայացնում է Աստվածաշնչի պատմությունը: Եթովպական ուղղափառ եկեղեցու պատկերագրությունն ընդունում է սուրբ Գևորգ զորավարի ու վիշապի, ինչպես նաև՝ զանազան սուրբերի նկարները: Պատկերագրությունն աչքի է ընկնում զուտ ազգային ոճով, որը հատկանշվում է դեպքի սոսկական նկարագրությամբ, հեռապատկերի բացակայությամբ և վառ գույներով:

 

Ուսումնական հաստատությունները

Եթովպական ուղղափառ եկեղեցու բարձրագույն ուսումնական հաստատությունն է Եթովպական ուղղափառ աստվածաբանության ֆակուլտետը՝ Երրորդության քոլեջը, որը գործում էր որպես Ադիս Աբեբայի համալսարանի մասնաճյուղ: Երբ 1974-ին նոր կառավարությունը փակել է այն (վերաբացվել է 1994-ին), Ադիս Աբեբայում բացվել է Սուրբ Պողոսի քոլեջը: Հոգևորականներին համապատասխան կրթություն տալու նպատակով 1990-ական թվականներին հիմնվել են ևս վեց հոգևոր ուսումնական հաստատություններ՝ Հոգևորականության վերապատրաստման կենտրոններ:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am