ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ. ծնվել է մոտ 380 թվին, Այրարատ նահանգի Ճակատք գավառի Կողբ գյուղում, մակացել է 450 թվին, մատենագիր, իմաստասեր, աստվածաբան, թարգմանիչ: Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի ավագագույն աշակերտներից: Ուսանել է Աշտիշատի դպրոցում, ապա՝ Եդեսիայում և Կ. Պոլսում: Տիրապետել է ասորորերեն, հունարեն, պարսկերեն, եբրայերեն լեզուներին: Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը: 428–429-ին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Ա Պարթևը Եզնիկ Կողբացուն և Հովսեփ Պաղնացուն գործուղել են Եդեսիա՝ թարգմանելու ասորի սուրբ հայրերի ավանդությունները: Կատարելով հանձնարարությունները (թարգմանություններն ուղարկել են Հայաստան՝«պատվական հայրերին»)՝ 431–432-ին անցել են հունական կողմերը, «ուր և ուսանելով և հմտանալով՝ կարգվեցին հելլենական լեզվից թարգմանիչներ»: Կ. Պոլսում որոշ ժամանակ հետո նրանց են միացել Ղևոնդ Երեցն ու Կորյունը, ապա և, ըստ Մովսես Խորենացու՝ Հովհան Եկեղեցացին ու Արձանը: 434-ից հետո Եզնիկ Կողբացու ընկերների հետ վերադարձել է հայրենիք՝ բերելով թարգմանված «շատ շնորհագիր հայրերի ավանդություններ», Նիկիայի Ա տիեզերական ժողովի, Եփեսոսի Գ տիեզերական ժողովի ընդունած կանոններն ու  Հին և Նոր կտակարանների հունարեն ստույգ օրինակներ, և Աշտիշատում հանձնել Մեսրոպ Մաշտոցին ու Սահակ Ա Պարթևին: Վերջինս բերված օրինակներով, Եզնիկ Կողբացու օգնությամբ, վերանայել, ճշգրտել ու խմբագրել է Աստվածաշնչի մինչ այդ կատարած հայերեն թարգմանությունը:

Եզնիկ Կողբացու կյանքի վերջին տարիներին եղել է Բագրեվանդի եպիսկոպոսը, մասնակցել 449-ի Արտաշատի ժողովին (որը մերժել է զրադաշտականություն ընդունելու պարսիկների առաջարկը) և Պարսից արքունիքին ուղղված նամակը կազմելուն: Նրա մասին հիշատակում են ժամանակակից մատենագիրներ Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին ու Ղազար Փարպեցին, հետագա դարերում՝ Դավիթ Անհաղթը, Վրթանես Քերթողը, Ստեփանոս Տարոնեցին, Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Ստեփանոս Օրբելյանը, Գրիգոր Տաթևացին և այլք:

Եզնիկ Կողբացու աշխատություններից մեզ է հասել 440-ական թվականների գրված «Եղծ աղանդոցը» («Աղանդների հերքումը»): Բնագիրը պահպանվել է եզակի ընդօրինակությամբ (1280, գրիչ՝ Լուսեր, Մատենադարան, ձեռնարկ համար 1097), վերնագիր չունի, նշված է «Երանելոյն Եզնկայ վարդապետի»: Ելնելով երկասիրության էությունից՝ հրատարակիչներն ու թարգմանիչները հրատարակել են տարբեր խորագրերով՝ «Եղծ աղանդոց», «Յաղագս Աստծոյ», «Գիրք ընդդիմութեանց», ևայլն: Երկը բաժանված է չորս գլուխների (գրքերի)՝ «Հեթանոսական աղանդների հերքումը», «Պարսից կրոնի հերքումը», «Հունական իմաստասերների հերքումը», «Մարկիոնի աղանդի հերքումը» վերնագրերով:

Եզնիկ Կողբացուն են վերագրվել նաև «Հարցումն Աշոտոյ թագաւորին և պատասխանիք Եզնկայ», «Հարցմունք Արձանայ թագաւորի և պատասխանիք Եզնկայ», «Վասն արարչութեան 10 տող բան» երկերը և Մեսրոպ Մաշտոցին ուղղված ճառի երկու հատված:

«Եղծ աղանդոցը» հայ աստվածաբանաիմաստասիրական մտքի և դասական հայրախոսության կարևորագույն սկզբնաղբյուրներից է: 5-րդ դարի կեսին հայ ազգային մտքի առաջ ծառացել էր նոր խնդիր՝ տեսականորեն հերքել և դատապարտել զրադաշտական դուալիստական կրոնի գաղափարատեսական հիմքերն ու ակունքները, ամրապնդել քրիստոնեության դիրքերը Հայաստանում և քրիստոնեության վարդապետության հենքի վրա հիմնավորել ազգային-ազատագրական պայքարի անհրաժեշտությունը: Ուստի Եզնիկ Կողբացու մոտ զրադաշտականության քննադատությունը վերաճել է առհասարակ հեթանոսության համակարգված և տրամաբանական քննադատության: Իսկ դա պահանջում էր անտիկ ուսմունքների իմացություն, քրիստոնեության և հեթանոսության գաղափարախոսությունների հարաբերակցման հարցի լուծում: «Աստծու եկեղեցու գործն է՝ արտաքիններին դատապարտել ճշմարիտ իրողություններով, առանց Գրքի, իսկ կարծեցյալ և ոչ արդարացի ներքիններին՝ Սուրբ Գրքով» («Եղծ աղանդոց», 1994, էջ 91):

Եզնիկ Կողբացին սահմանազատել է աստվածաբանության և իմաստասիրության ոլորտները, միաժամանակ հիմնավորել անտիկ ժառանգության յուրացման անհրաժեշտությունը: Անտիկ տրամաբանությունն օգտագործվել է թե՛ անընդունելի անտիկ (և որոշ եկեղեցական) ուսմունքների հերքման, թեՍուրբ Գրքի դրույթների բանական հիմնավորման համար: Քննադատական վերլուծության ընթացքում նա գործադրել է մի շարք մեթոդներ.

ա) որևէ անտիկ տեսության հերքման ժամանակ դիմում է մի այլ անտիկ ուսմունքի, որի ճշմարտացիությունը արտացոլվում է Սուրբ Գրքի դիտարկումների տվյալներով,

բ) հմտորեն օգտագործում է քննադատվող ուսմունքի փաստագրական նյութը,

գ) Սուրբ Գրքի առանձին դրույթների ինքնուրույն մեկնաբանություն:

Դրանք հանգեցրել են քրիստոնեական վարդապետության և որոշ անտիկ տեսությունների միջև ընդհանրությունների բացահայտմանը: Աշխարհայացքային նման դիրքորոշումը, որը ձևավորվել էր Որոգինեսի, Կղեմես Ալեքսանդրացու և Կապադովկյան դպրոցի ներկայացուցիչների մոտ, հետագայում զարգացրել են Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին, Հովհաննես Սարկավագը և այլք:

Եզնիկ Կողբացու գլխավոր տեսական խնդիրը միաստվածության աստվածաբանաիմաստասիրական համակարգի մշակումն է: Միակ և գերագույն գոյը Աստվածն է՝ անսկիզբ, մշտնջենական, ոչնչով և ոչ մեկի կողմից չպայմանավորված, արարող և անհասանելի, բայց ամեն ինչի՝ երևելիի և աներևույթի սկզբնավորման պատճառը:

Ոչինչ և ոչ ոք չկա նրանից վեր, նրանից առաջ կամ հավասար, հակառակ էություն կամ ներհակ գոյություն: Աստվածային էությունն անճանաչելի է մարդկային բնականության համար, նրան կարելի է հասնել միայն հավատի միջոցով: Աստված ոչնչից նախ ստեղծել է չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը, կրակը առանձին-առանձին և  ապա դրանց խառնուրդից՝ բազմազան աշխարհը: Տարրերը փոփոխական են և այդ պատճառով՝ ոչ մշտնջենական, ուստի և չեն կարող համարվել աստվածներ: Արարված բնությունը նույնպես գտնվում է շարժման մեջ, որի աղբյուրը «գաղտնի ուժն է» անշարժ Աստվածը: Ի տարբերություն արիստոտելյան բնափիլիսոփայության ավանդույթների՝ Եզնիկ Կողբացու մոտ նկատելի է երկրային և երկնային մարմինների նյութական կազմի նույնացման միտումը: Տիեզերքը նա դիտում է իրապես կիսաբոլորակ, իսկ երկիրը՝ սկավառակ: Երկնային լուսատուները գտնվում են անընդհատ և անհամաչափ շարժման մեջ, իսկ երկինքը մնում է անշարժ: Նրա մոտ արդեն նշմարվում է երկնային յոթ գոտիների մասին գաղափարը: Աշխարհակարգի՝ որպես ամբողջականության ընկալումը հանգեցրել է նաև բնության համակարգի ստեղծմանը, որի հիմքում ընկած է Արիստոտելի «բնության աստիճանը»: Բնական համակարգի հիմնարար հասկացություններն են՝ մարմնականն ու անմարմինը, շնչավորն ու անշունչը, կենդանի և ոչ կենդանի հասկացությունները: Առաջին աստիճանը կազմում են անշունչ մարմինները, որոնց բնորոշ հատկություններն են առաջացումը, գոյությունը և ոչնչացումը, երկրորդը՝ բուսական աշխարհը, որն օժտված է նաև սնման, աճի և շնչավորության ստորին ձևի ունակությամբ, երրորդը՝ կենդանական աշխարհը, որն ունակ է նաև տեղափոխության և օժտված է բնազդներով: Վերջին աստիճանը զբաղեցնում է մարդը՝ բնության «պսակը», որն իր մարմնական բնությամբ հաղորդ է մյուս մարմնական էակներին, բայց միաժամանակ նա բանականության կրող է: Եզնիկ Կողբացին քննադատում է բազմաստվածությունը, գնոստիկյան, մասնավորապես Մարկիոնի աղանդը, անտիկ ուսմունքները և հատկապես զրադաշտական կրոնաիմաստասիրական երկվությունը: Չարին էական բնույթ հաղորդելը տանում էր դեպի չարի աստծո ընդունումը, հիմնավորում չարիքի գոյության անհրաժեշտությունը, աստվածային բնույթը: Մինչդեռ Աստվածը որպես բարության անսպառ աղբյուր և խորհրդանիշ չի կարող չարիքի արարիչ լինել: Իսկ աշխարհում առկա չարը միակ բանական էակին՝ մարդուն շնորհած ազատ կամքի արդյունքն է: Ուստի մարդիկ լիովին պատասխանատու են իրենց բոլոր, այդ թվում՝ չար գործողությունների համար: Իսկ քանի որ չարիքը տրված չէ ի վերուստ, աստվածային ծագում չունի, ճակատագիր չէ, ապա նրա ոչնչացումը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ և աստվածահաճո: Հետևաբար, երբ թշնամին հարձակվում է երկրի վրա, ապա մարդիկ «զորքեր գումարելով և երկրից թշնաածները ճակատագրի ինչ-որ սահմանումով չեն տեղի ունենում, այլ՝ ավազակի բռնությամբ»:

Եզնիկ Կողբացու բանապաշտության դիրքերից ցույց է տվել սնահավատության, ճակատագրապաշտության, աստղագուշակության, հեթանոսության վերապրուկների անհիմն լինելը: Մարդ անհատի և մարդկության կյանքը նա բաժանել է երեք շրջանների՝ մանկություն, երիտասարդություն և չափահասություն, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի ճանաչողական ունակություններ և սահմաններ: Եզնիկ Կողբացին բարձր է գնահատում գիտելիքի ընկերա-բարոյագիտական նշանակությունը և արժեքը, ժառանգորդման գաղափարը: Նրա նպատակն է ուսուցանել ճշմարիտ՝ քրիստոնեական վարդապետությունը, ուստի և քննարկում է մի շարք մանկավարժական և բարոյագիտական հարցեր: Նյութի յուրացումը պահանջում է համապատասխան գիտելիքներ և ունակություններ, պետք է ոչ միայն բնական օժտվածություն, այլև՝ ներքին ձգտում և տաժանակիր աշխատանք: Ընդունակ աշակերտին անհրաժեշտության դեպքում պետք է նաև ստիպել: Իբրև ծայրահեղ միջոց նա ընդունում է մարմնական պատիժը: Գիտելիքը և առաքինությունը դիտվում են որպես այդպիսին այն դեպքում, երբ դառնում են բոլոր մարդկանց սեփականությունը:

Եզնիկ Կողբացու քննական և քննադատական վերլուծության հիմքն են կազմում Սուրբ Գիրքը և անտիկ իմաստասիրական ժառանգությունը, ինչը նրա ուսմունքին հաղորդել է իմաստասիրական ուղղվածություն, խթանել իմաստասիրական տերմինաբանության մշակումը, անտիկ մշակույթի տարածումը Հայաստանում: Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության, բժշկության և կենսաբանության մասին: «Եղծ աղանդոցը» մեծ արժեք է նաև լեզվաոճական առումով. այն հայ հին գրավոր լեզվի մեսրոպյան կամ դասական շրջանի բնորոշ օրինակ է: Առաջին անգամ հրատարակվել է 1762-ին, Զմյուռնիայում, հրտարակած է Հ. Նալյան՝ «Գիրք ընդդիմութեանց արարեալ ի Սրբոյ Եզնկայ Կողբացւոյ Հայոց վարդապետէ...» վերնագրով, երկրորդ անգամ հրատարակած է Ա. Բագրատունի՝ 1826-ին, Վենետիկում: Երկն ունեցել է գերմաներեն (1834, 1900, 1927), ֆրանսերեն (1853, 1959), ռուսերեն (1858, 1968) և հայերեն բազում հրատարակություններ, որոնցից աշխարհաբար՝ Բուենոս Այրեսում՝ 1951-ին, Երևանում՝ 1970-ին:

 

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am