ԶԱՔԱՐԻԱ Ա ՁԱԳԵՑԻ. ծննդյան թվականն անհայտ է, մահացել է 876-ին: Ամենայն հայոց կաթողիկոս 855-ից: Հաջորդել է Հովհաննես Դ Ովայեցուն: Գահակալել է քաղաքական ծանր կացության պայմաններում, երբ երկիրը գտնվում էր արաբական տիրապետության ներքո: Զաքարիա Ա Ձագեցուն հաջողվել է մեղմել արաբ Բուղա ոստիկանի՝ հայերի նկատմամբ գործադրած հալածանքներն ու բռնությունները: Գործուն մասնակցություն է ունեցել հայյուզանդական եկեղեցական հարաբերություններում, պաշտպանել Հայ եկեղեցու դավանական սկզբունքները Հույն եկեղեցու նկրտումներից: Նրա օրոք Կ. Պոլսի Փոտ պատրիարքը (858–867, 877–886) բազմիցս փորձել է միացնել Հայ եկեղեցին բյուզանդականին՝ պարտադրելով ընդունել քաղկեդոնականություն: Ի պատասխան՝ Զաքարիա Ա Ձագեցի նամակ է հղել Փոտ պատրիարքին, որով մերժել է Հայ եկեղեցուն հասցեագրված մեղադրանքները և հիմնավորել, որ նրա վարդապետությունը համահունչ է երեք տիեզերաժողովների դավանությանը: Փոտ պատրիարքը նամակով մեկ անգամ ևս փորձել է ապացուցել Քաղկեդոնի ժողովի ուղղափառությունը և առաջարկել քաղկեդոնականություն ընդունել: 862-ին Շիրակավանում Զաքարի Ա Ձագեցու և Աշոտ Իշխանաց իշխանի նախագահությամբ տեղի ունեցած ժողովը մերժել է Փոտի առաջարկը: Բյուզանդական կողմը հետագայում ևս դիվանագիտական ճիգեր է գործադրել՝ գլուխ բերելու եկեղեցական միությունը: Այս խնդրին են նվիրված 864–867-ին Զաքարիա Ա Ձագեցու և Փոտի միջև փոխանակված նամակները: Զաքարիա Ա Ձագեցու գրչին են պատկանում մի շարք (14) ճառեր, որոնք տեղ են գտել Ճառընտիրների և Տոնապատճառների մեջ: Դրանք ընթերցվել են եկեղեցական տոների ժամանակ: Ճառերից մի քանիսը («Ի Մկրտութիւնն», «Ի չարչարանս Քրիստոսի», «Ի մեծի աւուր շաբաթուն թաղմանն Տեառն», «Ի Յարութիւն Քրիստոսի») շարադրված են Նիկոդեմոսի պարականոն Ավետարանի, Եղիշեի, Հովհան Ոսկեբերանի աշակերտ Թեոփիլոսի, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու, Եպիփան Կիպրացու համաբնույթ ճառերի հետևողությամբ: Ճառերի մեծ մասն ունի մեկնողական ուղղվածություն, ինչը հատուկ էր վաղ շրջանի ճառերին: Զաքարիա Ա Ձագեցու ճառերը կարևոր սկզբնաղբյուր են Հայ եկեղեցու աստվածաբանության, քրիստոսաբանության, աստվածաշնչական պարականոնների, եկեղեցական ավանդության հետազոտման համար: Այդ ճառերում կան ուշագրավ մանրամասներ, որոնք հաճախ յուրովի լրացնում են պարականոններից արդեն հայտնի պատումները: Զաքարիա Ա Ձագեցու ճառերը կարևոր են հայոց լեզվի բառագանձի ուսումնասիրման համար: Դրանց մեջ առկա բազմաթիվ բառամիավորներ բացակայում են «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանում (հ. 1–2, 1836–37): Ճառերն աչքի են ընկնում լեզվաոճական արժանիքներով, հռետորական ձևերի զուսպ, ճաշակավոր կիրարկմամբ: Կաթողիկոսական գահին Զաքարիա Ա Ձագեցուն հաջորդել է Գևորգ Բ Գառնեցին:

 

 

Աղբյուր՝

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am