ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ. եկեղեցուն կից, գավթի տանիքին կամ առանձին կանգնած ճարտարապետական կառույց՝ զանգ կախելու և ժամերգությունը սկսվելուց առաջ զանգերի ղողանջով հավատացյալներին եկեղեցի հրավիրելու համար: Զանգեր են հնչեցվում նաև եկեղեցի ննջեցյալ բերվելու, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով: Որոշ խոշոր եկեղեցիների զանգակատներում օծված սեղան է տեղադրվել, և Համբարձման ու Հոգեգալստյան օրերին սուրբ Պատարագ է մատուցվում: Հայաստանում առաջին զանգակատները կառուցվել են 10-րդ դէրի երկրորդրդ կեսից սկսած, երբ Հայ եկեղեցին ընդունել է զանգի գործածությունը (մինչ այդ կոչնակ է կիրառվել): 10-րդ դարի զանգակատները փայտաշեն, քառասյուն աշտարակներ էին: Հայկական վանքերում 13-րդ դարում կառուցվել են սյունակազմ ռոտոնդայով պսակված միահարկ (Քոբայրա վանք, Սրբանեսի վանք) և երկհարկ (Հաղպատի վանք, Սանահինի վանք) առանձին կանգնած զանգակատներ, կամ դրանք զուգակցվել են գավթի գմբեթի հետ (Հոռոմոսի վանք, Գանձասարի վանք, Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանք, Հովհաննավանք, Սաղմոսավանք և այլն): 14-րդ դարում երկհարկ, եռաստիճան եկեղեցիները նաև ծառայել են իբրև զանգակատներ (Եղվարդի Սուրբ Աստվածածին, Կապուտանի Սուրբ Մինաս, Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ): Զանգակատների շինարարությունը Հայաստանում լայնորեն ծավալվել է 17-րդ և 19-րդ դարերում, երբ մշակվել է նոր՝ քառամույթ, կամարակապ բացվածքներով երկաստիճան, սյունազարդ ռոտոնդայով ավարտվող տիպը, որի նախօրինակն է եղել Էջմիածնի Մայր տաճարի արևմտյան ճակատին կից զանգակատունը (1654–58, ճարտարապետությանը՝ Սահակ Հիզանցի): Զանգակատները կառուցվել են եկեղեցիների արևմտյան և հարավային ճակատներին կից (բացառություն է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու արևելյան ճակատին կից զանգակատունը): Վասպուրականում Զերկցվել են նաև գավիթների արևմտյան ճակատին (Նարեկավանք, Մշո Սուրբ Առաքելոց վանք և Մշո Սուրբ Կարապետ վանք, Լիմ անապատ): 17-րդ դարում ստեղծվել է գավիթ-սրահի և զանգակատան զուգակցված հորինվածք (Երևանի Սուրբ Անանիա առաքյալ անապատ, Շողակաթ եկեղեցի, Մուղնու Սուրբ Գևորգ վանք և այլն): Հայկական վանքերի համալիրներում զանգակատները գլխավոր եկեղեցիների նկատմամբ ստորադաս դեր են խաղում և նրանց առաջնությունն ու վեհությունը շեշտում իրենց տեղադրությամբ, ծավալով և ուրվագծով:
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am