ԺԱՄԱԳԻՐՔ. Աղոթամատույց, քրիստոնեական եկեղեցու հնագույն ծիսական մատյաններից, եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների ժողովածու: Հայոց ժամագրքի կազմավորումը վերագրվում է 5-րդ դարին սուրբ հայրերին՝ Սահակ Ա Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Գյուտ Ա Արահեզացուն, Հովհաննես Ա Մանդակունուն, հետագա դարերի հեղինակներից՝ Ներսես Շնորհալուն: Ժամագրքի որոշ հատվածներ պատկանում կամ վերագրվում են նաև Թովմա առաքյալին, Գրիգոր Ա Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Սարկավագին, Գրիգոր Տաթևացուն, Թովմա Մեծոփեցուն և այլոց: Հայոց ժամագիրքը, չնայած քրիստոնեական այլ եկեղեցիներում կիրառվող համանման մատյանների՝ հատկապես հունականի հետ ունեցած ընդհանրություններին, մի շարք առումներով խիստ ինքնատիպ նկարագիր ունի: Դրանում առանձնապես մեծ դեր ունեն հայ հեղինակներին պատկանող հատվածները: Հայ եկեղեցին կիրառել է ժամագրքի երկու դրսևորում՝ Ժամագիրք և Մայր Ժամագիրք (Ատենի). վերջինս ներառում է նաև Սաղմոսարան և Տոնացույց: Ժամագրքի մեջ ընդգրկված են հոգևոր բանարվեստի և երաժշտաբանաստեղծական արվեստի մի շարք ժանրեր՝ աղոթք, քարոզ, մաղթանք, ընթերցվածք (Ավետարանից), սաղմոս, փոխ, ալելուիա, կանոն, թագավոր, մեսեդի, օրհնություն, երգ և այլն: Վերջիններիս թվին են պատկանում համաքրիստոնեական երկու երգերը՝ «Փառք ի բարձունս» (Առավոտյան ժամերգություն, տես Ժամերգություն) և «Լոյս զուարթ» (Երեկոյան ժամերգություն), ապա Ներսես Շնորհալու մի շարք երգերը, որոնցից հանրածանոթ են «Յիշեսցուք ի գիշերի», «Առաւօտ լուսոյ» (Գիշերային ժամերգություն), արևագալի չորս երգերը (տես Արևագալի երգեր) ևայլն: Ժամագրքի կարևորագույն մաս են կազմում ութ սաղմոսականոնները (կամ ժամագրքի կանոնները), որոնք երաժշտական առումով դասակարգված են ութ ձայնեղանակներին (տես Ութձայն) համապատասխան: Յուրաքանչյուր կանոն բաղկացած է յոթ գուբղայից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին՝ 2–6 սաղմոսներից (քանակը՝ կախված սաղմոսների ծավալից): Վերջին գուբղան կոչվում է «Կանոնագլուխ», որն իր երաժըշտական լեզվաոճով առավել զարգացած է կանոնի մյուս մասերի համեմատ: Հետագայում հենց սաղմոսներին են կցվել հայոց հոգևոր առաջին ինքնուրույն երգերը, որի հետևանքով էլ կոչվել են «կցուրդ» (սրանք չեն մտնում ժամագրքի մեջ, տես նաև Շարական): ժամագիրքի երգասացությունները տարաբնույթ են նաև երաժշտական լեզվաոճի առումով՝ բնութագրվելով ինչպես պարզ, զուսպ ասերգայնությամբ, այնպես էլ ծանր, հանդիսավոր մեղեդիականությամբ: Ժամագիրք առաջին անգամ հրատարակել է Աբգար Դպիրը (1568, Կ. Պոլիս), իսկ Մայր Ժամագիրք ՝ Խաչատուր Կեսարացին (1642, Նոր Ջուղա): 1877-ին Նիկողայոս Թաշճյանը Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հովանավորությամբ Վաղարշապատում տպագրել է հայկական ձայնանիշներով գրանցված ժամագիրք («Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանեայց սուրբ Եկեղեցւոյ»):
Աղբյուր՝
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր՝ ՀովհաննեսԱյվազյան, Երևան, 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am